Կապանցի տաղանդավոր նկարիչն այժմ հարբեցող է ու մուրացկան
Հուսիկ Ստեփանյանի նկարներում պայծառություն,
գույն եւ կյանք կա, իսկ կյանքում…
Ժամանակին Կապանում Հուսիկ Ստեփանյանին բոլորն էին ճանաչում ու տաղանդավոր նկարիչ համարում: Նրա հեղինակած նկարները մինչեւ այժմ կապանցիներից շատերի բնակարանների պատերն են զարդարում: Նկարները կան ու կմնան, կա նաեւ Հուսիկ Ստեփանյանը, բայց չկա տաղանդավոր նկարիչը: Այսօր նրան Կապանում ճանաչում են որպես հարբեցող ու մուրացիկ:
Հուսիկ Ստեփանյանի նկարները շատ ցուցահանդեսներում են եղել ու արժանացել բարձր գնահատականների, ժամանակին իր նկարներով մարդկանց գրաված արվեստագետն այսօր կարեկից դեմք է փնտրում կապանցի անցորդների մեջ, փորձում գրավել նրանց ուշադրությունն ու մի կտոր հացի ու օղու փող մուրում:
Շատ բարդ է եղել նրա ճակատագիրը, ընկերների պատմելով՝ ամբողջ կյանքում ապրել է կարիքի մեջ, ծանր վիճակում, եւ առողջական, եւ հոգեկան: Նրան կյանքում միակ ուժ տվողը արվեստն էր, նկարչությունը, բայց վերջին ժամանակներս միամտորեն խաբվելով՝ շատ էժան գներով վաճառեց իր արվեստանոցը ու դրանով վերջ տվեց իր ստեղծագործական կյանքին եւ լիովին մատնեց իրեն կործանման: «Խաբեության զոհ դառնալով՝ կորցրեց արվեստանոցը, նրա համար դա ծանր հարված էր, սթրեսային իրավիճակի պատճառով իրեն ավելի տվեց խմիչքին եւ փորձում է վիշտը հաղթահարել խմիչքի միջոցով: Իսկ էդ վաճառքից ստացված գումարով քեֆ արեց, ասաց՝ ուզում է գոնե մի քանի ամիս կուշտ ապրել: Այսօր նրա ամենօրյա ապրելու մղումը խմիչք հայթայթելն է, ընտանիք չունի, ապրում է միայնակ: Այդպիսի տաղանդավոր նկարիչը, որի նկարները ժամանակին նաեւ արտասահմանցի արվեստասերներն են ձեռք բերել, ներկայումս մատնված է անտարբերության ու անուշադրության, ամբողջ օրը տաքսիների կանգառներում երգում է վարորդների համար, փող վերցնում, իր համար խմիչք առնում: Երեկոյան շուտ է պառկում քնելու, էլեկտրաէներգիայի վարձը չվճարելու պատճառով անջատել են տան լույսերը՝ ստիպված ժամանակից շուտ է քնում», -իր ընկերոջ մասին ցավով պատմում է Մարատ Հարությունյանը, ով տաղանդավոր նկարչի կործանման մեջ մեղադրում է նաեւ մերժող հասարակությանն ու պաշտոնյաներին: Ըստ Մարատ Հարությունյանի, պաշտոնյաների մեղքն այն է, որ նման անհատների, արվեստագետների համար պայմաններ չեն ստեղծում աշխատելու ու ապրուստն ըստ արժանվույն հոգալու համար:
Նկարչին սթափ վիճակում գտնել այդպես էլ չհաջողեցինք: Մեկ՝ քաղաքի այս փողոցում է, մեկ՝ այլ փողոցում է հարբած քայլում, իսկ անծանոթ ու օտար մարդկանց հանդեպ էլ խիստ ագրեսիվ է դարձել: Հուսիկ Ստեփանյանի՝ արվեստով ու կյանքով լի անցյալին, ուր խմիչք կար, բայց բնավ առաջնային ու միակ բաղադրիչ չէր, անծանոթ ու միայն հարբած ներկան տեսնողները նրան անուշադրության են մատնում, անտեսում կամ էլ քամահրանքով ու հեգնանքով վերաբերվում: Իսկ ահա 20 տարվա ընկերը կարեկցելով փորձում է մի ելք գտնել, դիմել հանրությանն ու տեղական ինքնակառավարման մարմիններին, որպեսզի աջակցեն նկարիչ Հուսիկին եւ պայմաններ ստեղծեն կրկին ոտքի կանգնելու համար: «Մենք որպես մարդ, որպես քաղաքացի պարտավոր ենք օգնել այդ տաղանդավոր նկարչին՝ նաեւ նրա արվեստով հպարտանալու համար: Հարկ է Հուսիկին աջակցել բարոյապես, ֆինանսապես, թեկուզ մի փոքրիկ արվեստանոց հատկացնել, ուշադրության մթնոլորտ ստեղծել, առողջ մթնոլորտում նա շուտ ոտքի կկանգի, իսկ հիմա ընկել է հատակը, կորցրել իր արժանապատվությունը: Հուսիկը բազմակողմանի զարգացած, կիրթ ու բարդ հոգեկան աշխարհ ունեցող մարդ է, երբ զգա բարոյական աջակցությունը, համոզված եմ, կվերականգնի նախկին ուժն ու եռանդը: Մի առիթով ինքն էլ ասաց, որ աջակցության դեպքում ոտքի կկանգնի: Նրա եւ մյուս նկարիչների համար մեծ օգնություն կլիներ Կապանում պատկերասրահ ստեղծելը: Եթե պատկերասրահ լինի՝ կմասնակցի ցուցահանդեսներին եւ ստիպված չի լինի 1000 կամ 2000 դրամով վաճառել իր նկարները մի կտոր հաց առնելու համար», – նեղսրտում է նկարչի ընկեր Մարատ Հարությունյանը:
Մինչ զրուցակիցս փորձում է կյանքի հատակն ընկած մտերիմ ընկերոջը վեր բարձրացնել, հարբած նկարիչը շարունակում է երգել ու պարել տաքսիների կանգառներում՝ մեքենաներից լսվող երաժշտության տակ, տաքսու վարորդների ոգեւորող շվշվոցների ուղեկցությամբ, շրջապատի գորշությունը չնկատող վերացական ու անզոր հայացքով:
Կլինե՞ն նոր նկարներ «Հուսիկ Ստեփանյան» մակագրությամբ, թե՞…