Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեխային իրավուք չունեն մերժելու

Ապրիլ 21,2011 00:00

Անհրաժեշտության դեպքում մանկապարտեզները նույնիսկ կցակառույցներ կարող են ունենալ

Այն բանից հետո, երբ Երեւանի մանկապարտեզները քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ դարձան անվճար, երեխաների հոսքը դեպի այդ խնամքի կենտրոններ՝ մեծացավ, ինչն էլ իր հետ լրացուցիչ խնդիրներ բերեց: Ներկայումս շատ մանկապարտեզների տնօրեններ երեխաներին ընտրողաբար են ընդունում, քանի որ տեղ չկա: Այդ իսկ պատճառով Երեւանի ավագանին մարտի 15-ի իր նիստում որոշեց, որ այն մանկապարտեզները, որոնք իրենց տարածքները վարձակալության են տվել ինչ-ինչ կազմակերպությունների, պետք է նրանց հետ պայմանագրերն անվավեր ճանաչեն եւ այդ տարածքներում տեղ հատկացնեն այն երեխաներին, որոնք դուրս են մնացել: Սա էլ իր հերթին խնդիրներ է առաջացրել այն կազմակերպությունների համար, որոնք որոշակի ժամկետներով են իրենց պայմանագրերը կնքել մանկապարտեզների տնօրենների հետ, իսկ այդ ժամկետները դեռ չեն լրացել, որպեսզի նրանք իրենց տեղը զիջեն: Նշենք, սակայն, որ մանկապարտեզների հետ պայմանագրերը հիմնականում կնքվում են պայմանով, որ եթե տարածքը սեփականատիրոջը անհրաժեշտ լինի, ապա վարձակալը պարտավոր է նրան վերադարձնել նրա մատնանշած ժամկետում: Երեւանի քաղաքապետարանի հասարակության հետ կապերի վարչությունից «Առավոտին» հայտնեցին, որ բոլոր մանկապարտեզները երեխային պետք է ընդունեն, եւ որեւէ դեպքում չպետք է մերժեն, անհրաժեշտության դեպքում էլ կցակառույցներ անեն, եթե դրա հնարավորությունն ունեն:
Նկատենք, որ ներկայումս շատ մանկապարտեզների տարածքներում գործում են մասնավոր մանկապարտեզներ, որտեղ նույնպես երեխաներ են հաճախում, այս դեպքում պայմանագիրը լուծարելիս արդեն դուրս են մնում երեխաներ: Արաբկիր վարչական շրջանում գործող թիվ 9 պետական մանկապարտեզի տարածքում, օրինակ, գործում է «Մանկության արահետ» մասնավոր մանկապարտեզը, որտեղ գրեթե 80 երեխա է հաճախում: Թիվ 9 մանկապարտեզի տնօրեն Աննա Սարոյանը միտք էլ չունի «Մանկության արահետի» հետ պայմանագիրը լուծարելու, քանի որ իր տարածքը բավականացնում է իր սաներին տեղավորելու համար, իսկ նոր դիմողներին հերթագրում են. «Սեպտեմբերին նոր խումբ կբացենք եւ այդ երեխաներին կընդգրկենք: Երբ մենք մեր տարածքից մի մաս վարձակալության տվեցինք «Մանկության արահետին», դրանից հետո կցակառույցներ են արել, որից հետո մեր տարածքն ավելացավ, ըստ էության դառնալով այնքան, որքան վարձակալության տալուց առաջ էր: Գիտեք, Արաբկիրը խիտ բնակեցված է եւ այստեղ շատ եւ լավ մանկապարտեզներ են գործում, բայց պետական եւ մասնավոր մանկապարտեզներ դիմող ծնողները տարբեր պահանջներ ունեն, ով պետականն է ցանկանում, այնտեղ է տանում, ով մասնավոր՝ այնտեղ»:
Ի դեպ, չնայած մանկապարտեզներն անվճար են, սակայն որոշ մանկապարտեզներում ձեւը գտել են գումարներ հավաքելու՝ ֆոնդի գումար են հավաքում, որը նախկինում էլ կար եւ կազմում էր 500 դրամ, սակայն հիմա արդեն 1000 դրամ է, կան նաեւ խմբակներ, որտեղ երեխաների ընդգրկելու համար ծնողը պետք է վճարեր 500 դրամ, այժմ այս գումարն էլ է կրկնապատկվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել