Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՈԼԽՈԶ՝ ԲԵՐԴԱՇԵՆՈՒՄ

Ապրիլ 21,2011 00:00

\"\"Կառավարության «գյուղափրկիչ» այս ծրագիրն առաջին անգամ փորձարկվեց Ամասիայի տարածաշրջանի ամենահեռավոր ու ցուրտ գյուղում:

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, գյուղատնտեսության  ու բնապահպանության նախարարների մասնակցությամբ սահմանամերձ այս գյուղի դպրոցում ստեղծվեց նորանկախ հանրապետության առաջին գյուղական կոոպերատիվը՝ ճիշտ խորհրդային կոլխոզի մոդելով: Սահմանամերձ ու լեռնային համայնքները դատարկվելուց փրկելու համար հայրենի կառավարությունը Համաշխարհային բանկի նոր վարկային ծրագրով  որոշել է ձեռք մեկնել գյուղացիներին. մասնավորապես անասնապահության համար բարենպաստ պայմաններ ստեղծել, չօգտագործվող արոտավայրերն ու վարելահողերը օգտագործելի դարձնել, ավելացնել կաթնատվությունն ու մսատվությունը, գյուղերին օգնել տեխնիկայով, սպանդանոց հիմնել, կենդանիներին արհեստական բեղմնավորել եւ այլն: Ծրագիրը նախատեսված է իրագործել հանրապետության 55  համայնքներում, որը փաստացի սկսվեց Հայաստանի թերեւս ամենացուրտ վայրից՝  Բերդաշենից: Նշենք, որ Համաշխարհային բանկից բացի, ֆինանսավորման հարցում  պարտադիր մասնակցություն պիտի ունենա նաեւ գյուղը՝ 17 մլն դրամի չափով: Ներդրումների հարցերը լուծելու նպատակով երեկ Բերդաշենում գյուղացիների մասնակցությամբ ստեղծվեց կոոպերատիվ տնտեսություն, որի կազմում ընդգրկվեց ողջ գյուղը՝ իր  58 տնտեսությունով: «Ալպիական այս գոտու 670 հեկտար արոտավայրերից օգտագործվում է ընդամենը 10-ը»,- վարչապետին զեկուցեցին  գյուղնախարարության ներկայացուցիչները՝ մանրամասնելով, որ գյուղին 2 տրակտոր է անհրաժեշտ, նվազագույնը 300 կենդանու համար նախատեսված սպանդանոց եւ այլն: Վարչապետի հաշվարկներով, ծրագրի իրագործման դեպքում գյուղի եկամուտները կավելանան 20 %-ով:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն էլ եկել էր վարչապետին զեկուցելու Արփա լճի տարածքը   էկոտուրիզմի վերածելու, ազգային պարկ ստեղծելու ընթացքի մասին: Ինչպես հայտնի է՝  Բերդաշենը գտնվում է Արփա լճի մոտ, որը հանգստի գոտի են դարձնում  գերմանական կառավարության ֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքները սկսվել են դեռեւս անցած տարվանից. վարչական շենքն ու հյուրերի տան մի սենյակը գրեթե պատրաստ են, ու չնայած անձրեւային, ցուրտ եղանակին՝ Տիգրան Սարգսյանին ուղեկցեցին նոր սարքած կառույցը տեսնելու: Հետաքրքիրն այն է, որ Արփա լճի տարածքը էկոտուրիզմի գոտու են վերածում, Շաղիկ գյուղն էլ՝ էկոգյուղի, առանց նորմալ ճանապարհներ ունենալու: Այստեղ հասնելու համար տուրիստները, առանց չափազանցության, հաստատ ուղեղի ցնցում կստանան. Գյումրիից կես ժամվա ճանապարհը հնարավոր է հատել միայն մեկուկես ժամվա ընթացքում, ընդ որում՝ երբեմն մեքենաները հրելով: Նշենք նաեւ, որ ձմռանը ճանապարհները փակ են լինում, գյուղացիների դժգոհությամբ, նույնիսկ  շտապօգնությունը գյուղ չի հասնում, այդ պատճառով 1993թ.-ին հղի կանանցից մեկը ծննդաբերության ժամանակ մահացել էր: Գյուղացիները նաեւ դժգոհում էին, որ գյուղը հետզհետե դատարկվում է, գրեթե տղամարդ չի մնացել. բնակիչները կամ Ջավախք են վերադառնում, որտեղից ժամանակին արտագաղթել են, կամ էլ՝ ՌԴ: Մի խոսքով, ըստ գյուղացիների, այստեղ տարին տասներկու ամիս ձմեռ է, աշխարհից կտրված, ոչ էլ աշխատատեղ կա: Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին, թե  ինչո՞ւ այսքան ուշացրին սահմանամերձ գյուղերի փրկությունը. Բերդաշենը դատարկվում է, նո՞ր են միայն գյուղատնտեսություն զարգացնում, եւ առհասարակ ինչպե՞ս են այս տեղանքում քարուքանդ ճանապարհներով էկոտուրիզմ զարգացնում: Ըստ վարչապետի, միանգամից բոլոր հարցերը չեն լուծվում, ճանապարհները ամբողջ հատվածով հնարավոր չէ վերակառուցել, բայց տարեցտարի ներդրումների շնորհիվ կվերանորոգվեն: «Ավելի շուտ ե՞րբ զարգացնեինք այս տարածաշրջանը, Սովետական միության տարիների՞ն, դարասկզբից եթե ավելի մեծ ուշադրություն դարձնեինք, իհարկե ավելի լավ կլիներ, բայց կառավարությունն անում է իր կարողությունների շրջանակներում, երբ մեր կարողություններն ավելանում են, փորձում ենք մեր ֆինանսական օժանդակությունն ուղղել առավել անապահով շրջաններին»,- կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց վարչապետը: Նա պնդում է, որ Գյումրիից Վրաստան բիզնեսի համատարած տեղափոխման երեւույթ չկա, ինքը վերջերս է հանդիպել Վրաստանի վարչապետի ու ներքին գործերի նախարարի հետ, ու որեւէ առարկայական դեպք չի արձանագրել: «Դրանք ավելի շատ մտավախություններ են, որոնք հնչեցվում են ձեր կողմից, այն երկու ծրագրերը, ինչ մենք ձեզ ներկայացնում ենք, արդյունքում ստեղծվելու են նոր աշխատատեղեր, մեծ թափով շինարարական աշխատանքներ են ծավալվում, մեկ տարվա ընթացքում կառույցներ են ձեւավորվում, լինելու են հյուրերի ընդունման համար կետեր, տուրիզիմի զարգացման, մեղվաբուծության համար, դա նշանակում է՝ բիզնեսի զարգացում, նոր աշխատատեղեր, էնպես որ, կարող է ձեր թվարկված տասը փակվածներից մի մասը տեղափոխվի այստեղ»,- գործատեղերը փակող գործարարներին խորհուրդ է տալիս վարչապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել