Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԻԱԶՈՐԱԳԻՐԸ «ՉԻ ԱՆՑՆՈՒՄ»

Ապրիլ 21,2011 00:00

\"\"Ֆրանսիայի նոտարի կնիքը չի անցնում Նոր Նորք-Ավանում

2011թ. ապրիլի 13-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գոհար Ռշտունին բուժման նպատակով գտնվելով Ֆրանսիայի Սեն-Կլու քաղաքի Ռենե-Հյուգնանի օնկոլոգիական հիվանդանոցում, լիազորագիր ուղարկեց ամուսնուն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գագիկ Շահվերդյանին: Ըստ այդ լիազորագրի, ամուսինը պետք է ստանար ու կյանքի-մահվան հետ կռիվ տվող իր կնոջն ուղարկեր նրան հասանելիք հաշմանդամության թոշակային գումարները, մինչ իր Հայաստան վերադարձը: Ռշտունին նաեւ լիազորել էր հանդես գալ իր անունից ՀՀ տարածքային եւ կենտրոնական սոցապբաժիններում, ստորագրել իր անունից: Լիազորագիրը հաստատվել էր Ֆրանսիայի հյուպատոսական բաժնի վարիչի կողմից, գրանցված էր նոտարական սեղանամատյանում, կար նոտարի կնիքը:
Դուք հավատո՞ւմ եք, որ այս փաստաթուղթը Հայաստանում՝ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի սոցիալական ապահովության բաժնի կողմից «առոչինչ» է: Հաշմանդամ դարձած կինը, որը ՀՀ-ում չի վիրահատվել, քանի որ այս պետությունում դա հնարավոր չէր, լիազորում է իր ամուսնուն, որ նա իր հասանելիք խղճուկ թոշակը ստանա եւ դա մերժվում է:
Գագիկ Շահվերդյանը դիմում է նշյալ տարածքի սոցիալական ծառայության պետին. «Եթե ինձ չեն վստահում, գումարը թող տան զավակներիցս մեկին, կամ կնոջս հիմնարկի աշխատակազմին, կամ «Հայէկոնոմբանկի» կնոջս հաշվեհամարին: Խնդիրը հրատապ է. նրա բուժումը վտանգվում է»: Ի դեպ, Գոհար Ռշտունին ՀՀ Սահմանադրական դատարանի «Տեղեկագրի» գլխավոր խմբագիրն է եւ այս ժամանակահատվածում ոչ նա, ոչ էլ ամուսինը երբեք այդ մասին չեն էլ ակնարկել:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ավանի եւ Նոր Նորքի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետ Ա. Մարտիրոսյանը թիվ 56/14 գրությամբ տեղեկացրել է Գ. Շահվերդյանին. «Հայտնում ենք, որ պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն, կենսաթոշակը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Մոլդովայում, Ռուսաստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Ուկրաինայում գործունեություն իրականացնող նոտարների կողմից վավերացրած լիազորագիրը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում ներկայացնելու դեպքում: Ձեր կողմից վերը նշված փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կարող եք ստանալ Ձեր կնոջ հասանելիք կենսաթոշակն օրենքով սահմանված կարգով»: Հիմա տաջիկ կամ թուրքմեն նոտար որտեղի՞ց գտնի Գ. Ռշտունին…
Նկատենք, որ Ֆրանսիայում նոտարական գրասենյակներում վավերացված փաստաթղթերի հիման վրա հայաստանյան դատարաններում մարդիկ դատեր են շահել, ցեղասպանության ժառանգներն անգամ հայցերով դիմել են տարբեր երկրների դատարաններ: Ուրեմն, այս ի՞նչ սահմանափակում եւ ինչ խտրական մոտեցում է հիվանդ հայաստանցու նկատմամբ: Ավելի կոշտ է ՀՀ սոցապնախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Ս. Սաիյանի 28.03.2011թ. պատասխանը. «Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է, եթե կենսաթոշակառուն գրավոր դիմումը եւ անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացնում է անձամբ»: Վարչության պետը հղում է անում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածին, որի համաձայն, 1 լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել 12 ամսից ոչ ավելի ժամանակահատվածի կենսաթոշակի գումար՝ սկսած կենսաթոշակ չվճարված ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործունեությունը դադարեցնելը, հետեւաբար. «Դադարեցված կենսաթոշակի վճարումը լիազորագրով է վերսկսվում: Կենսաթոշակը վճարվում է ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագիրը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում ներկայացնելու դեպքում»: Ստացվում է, Ֆրանսիայում ՀՀ հյուպատոսի կողմից նոտարական վավերացմամբ տրված փաստաթուղթը պիտի Ավանի նոտա՞րը վավերացնի: Այդ երբվանի՞ց են մեր հյուպատոսական կորպուսի պաշտոնական տեղեկանքները կրկնակնքվում, կրկնանոտարվում: Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է: Ու այսպիսի պատմություններ լսելով ուզում ես չակերտներում տեղավորել այդ բառը, քանի որ ոչ մի սոցիալական պետությունում այսպիսի անմարդկային ձեւակերպում չեք գտնի. «Գոհար Ռշտունու կենսաթոշակն առանց լիազորագրի Ձեզ կամ այլ անձի վճարելու կամ Ֆրանսիա, որտեղ բուժվում է, փոխանցելու խնդրանքը բավարարել հնարավոր չէ»: Ինչպես նկատեցիք, լիազորագիրն էլ կա: Ափսոս, Ֆրանսիայի նոտարն է կնքել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել