Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒԺԿԵՏ ԵՆ ՈՒԶՈՒՄ

Ապրիլ 21,2011 00:00

Երեւանի պետական մանկավարժական համալսարանը բաղկացած է մի քանի մասնաշենքից, ուստի բուհում 2 բուժկետը, ուսանողների խոսքերով, քչություն է անում: Ուսանողների դժգոհություններին ի պատասխան, բուհի ղեկավարությունը պարբերաբար վստահեցնում է, որ շուտով կբացեն երրորդն էլ, սակայն դեռեւս առաջընթաց չկա: Այս հարցը նույնիսկ քննարկվել է բուհի ուսանողական խորհրդում:
Օրերս մի ուսանողուհու ինքնազգացողությունը վատացել էր, եւ քանի որ տվյալ ֆակուլտետի շենքում բուժկետ չի եղել՝ մյուս մասնաշենք հասնելու եւ բուժօգնություն ստանալու փոխարեն նա նախընտրել է գնալ տուն: 
Քանի որ պետական բուհերում բուժկետ ունենալը պարտադիր է եւ այդ հարցը համակարգում է առողջապահության նախարարությունը, «Առավոտը» նախարարության պատասխանատուներից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է հարցը լուծվում, եթե լրացուցիչ բուժկետ բացելու անհրաժեշտություն է առաջանում:
Մեզ հետ զրույցում առողջապահության նախարարության առաջնային բուժօգնության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը հայտնեց, որ բոլոր պետական բուհերն էլ ունեն բուժկետեր: Ըստ նրա, մասնավորապես Մանկավարժական համալսարանում 2 բուժկետ կա եւ բժիշկները առավոտյան ժամը 9-16-ը հերթապահում են: Ինչ վերաբերում է այդ բուհում 3-րդ բուժկետ բացելուն, ապա տիկին Յուզբաշյանն ասաց, որ այդ հարցով իրենց պետք է դիմի բուհի ռեկտորը, քանի որ նոր հաստիք բացելու անհրաժեշտություն է առաջանալու, որից հետո միայն կքննարկվի եւ որոշում կկայացվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել