Երեկ մայրաքաղաքի բնակիչները խուճապի մեջ էին: Երեւանում մթնոլորտը արտասովոր փոշոտ էր: Ոմանք վախեցած էին, թե Ճապոնիայի ատոմակայանի վթարի հետեւանքներն արդեն Հայաստան են հասել, ոմանք էլ կարծում էին, որ փոշու ամպը ինչ-որ վթարի հետեւանքով է առաջացել: Եվ մինչ քաղաքացիները տարաբնույթ մեկնաբանություններ էին անում, բնապահպանության նախարարությունը հայտարարեց, որ արաբական անապատների փոշին է հասել մեր երկիր: Ըստ նախարարության՝ հարավային երկրների քամիները հասնում են Հայաստան՝ իրենց հետ բերելով անապատների փոշին:
Այս առիթով երեկ «Էկոլուր» տեղեկատական կենտրոնն էլ հաղորդագրություն էր տարածել, որով անհանգստություն էր արտահայտել: Ըստ «Էկոլուրի»՝ «Երեւանում գործում է մթնոլորտ վնասակար նյութեր արտանետող 522 կազմակերպություն, իսկ «Աքիլլես» կազմակերպության տվյալներով՝ Երեւանում գրանցված է մոտ 250 հազար տրանսպորտային միավոր: Հաշվի առնելով, որ Երեւանում ոչնչացված են կանաչ գոտիները, իսկ մնացած ծառերն էլ խորը էտի են ենթարկվում եւ չեն ապահովում թթվածնով, խախտված են քաղաքաշինության նորմերը, եւ քաղաքը զրկվել է բնական օդափոխությունից, Երեւանում մենք ականատես ենք դառնում օդի աղտոտվածության, որը շատ նման է թունամշուշի եւ վտանգավոր է առողջության համար»: Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ վստահեցրել է, որ հանրապետության տարածքում նկատված ավազափոշին որեւէ վթարի հետեւանք չէ եւ վերջին օրերի ընթացքում հանրապետության խոշոր կամ մանր ձեռնարկություններում որեւէ արտակարգ դեպք կամ պատահար չի արձանագրվել: