Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարճատեւ պատերազմ չի լինի

Ապրիլ 21,2011 00:00

Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավար Սաբինա Ֆրայզերի,  հայ-ադրբեջանական հարաբերությունները գնալով վատանում են, իսկ հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց է նկատվում:

«Ինտերնյուս» հ/կ-ի եւ թուրքական GPOT կենտրոնի «Հայ-թուրքական երկխոսության» ծրագրի շրջանակում երեկ Ստամբուլում գտնվող Միջազգային ճգնաժամային խմբի գրասենյակում հայ լրագրողներս հանդիպեցինք Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավար Սաբինա Ֆրայզերի եւ խմբի թուրք վերլուծաբանների հետ: Ս. Ֆրայզերը նշեց, որ իր համար Ստամբուլում գտնվելն ու աշխատելը ուրախալի է եւ հուզիչ, որովհետեւ, նրա բնութագրմամբ՝ «Ստամբուլը հավակնում է դառնալ տարածաշրջանային կենտրոն: Մի բան այստեղ շատ հետաքրքիր է: Հայաստանում մեդիան շատ քաղաքականացված է, երբ վերցնում ես որեւէ թերթ, միանգամից հասկանում ես՝ տվյալ լրատվամիջոցը իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր կողմնորոշում ունի: Ձեզ համար հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես են այստեղ աշխատում լրատվամիջոցները»: Ս. Ֆրայզերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարճատեւ պատերազմը հնարավոր չի համարում. «Ադրբեջանում կարծում են, որ իրենք կհաղթեն պատերազմը արագ հարձակման դեպքում, կվերցնեն ցածրադիր մի քանի շրջաններ՝ Աղդամը, Ֆիզուլին, բայց կարծում եմ, որ դա երբեք տեղի չի ունենա, որովհետեւ եթե ադրբեջանցիները շեշտակի գրոհեն, հայերը կարձագանքեն, կստեղծվի բարդ իրավիճակ»: Ֆրայզերը վստահ է, որ պատերազմը չի ցանկանում նաեւ Թուրքիան: Ինչ վերաբերում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավարը տեսանելի առաջընթաց է նկատում. «Իհարկե, սահմանները դեռ բաց չեն, բայց թուրքերն ու հայերը երկխոսում են, փորձում իրար հասկանալ, իսկ Ադրբեջանի եւ Հայաստանի «մասով» ոչ մի առաջընթաց չկա, ավելին՝ ամեն ինչ  ավելի ու ավելի վատանում է, որովհետեւ Ադրբեջանում իրենցն են պնդում, հայերն էլ մտածում են միայն Ղարաբաղի անկախության մասին: Սա մեզ համար անհանգստացնող հանգամանք է»:
Մեր հարցին, թե ո՞րն էր հայ-թուրքական արձանագրությունների չվավերացման հիմնական պատճառը եւ ո՞ր երկրի մեղքով էր, որ դրանք տապալվեցին, ըստ Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավարի՝ հիմնական մեղավորը Ադրբեջանն է, մյուս կողմից երկու երկրների՝ այդպես էլ վերջնական համաձայնության չգալը. «Հայաստանում կարծում են, որ մեղավորը Թուրքիան, է եւ գտնում են, որ արձանագրությունները հակասահմանադրական են»:
«Առավոտի» մեկ այլ հարցին, թե ինչպիսի՞ն է թուրք հասարակության վերաբերմունքը հայ-թուրքական սահմանի բացմանըլ, Միջազգային ճգնաժամային խմբի թուրք վերլուծաբան Դիդեմ Ակյելը պատասխանեց. «Նրանք, ովքեր ապրում են սահմանամերձ շրջաններում, տարբեր՝ տնտեսական, հաղորդակցվելու նպատակներով շահագրգռված են, բայց Թուրքիայի մնացած հատվածներում այլ մոտեցում ունեն, գտնում են, որ սահմանի բացումից իրենց կյանքը ոչնչով չի փոխվի: Մյուս կողմից, Թուրքիան ցանկանում է զրո խնդիրներ ունենալ հարեւանների հետ»:
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կատարվող միջադեպերի ավելացմանը եւ այդ մասով միջազգային կառույցների, Մինսկի խմբի արձագանքմանը՝ Ս. Ֆրայզերը կարծում է, որ միջազգային կառույցները պետք է ավելի քննադատաբար անդրադառնան խնդրին, միեւնույն ժամանակ՝ գտնում, որ Մինսկի խմբից բացի, այլ կառույց խնդիրը չի կարող լուծել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել