Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱԴԱՐՁՈՒՄ Է ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻՆ

Ապրիլ 21,2011 00:00

\"\"ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը համոզված է, որ չի եղել թուրք-հայկական բարեկամություն:

– Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն «Արմինֆո» գործակալությանը տված իր հարցազրույցում («Առավոտ», 20.04.2011) կարծիք էր հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում իրենք ամեն ինչ անում են, որ երկու երկրները նորմալ, բարեկամական հարաբերություններ ունենան, իսկ այն ուժերը, որոնք հորդորում են ստորագրությունները ետ վերցնել, վնասում են այդ գործընթացին: Հավատո՞ւմ եք  թուրք պաշտոնյայի այս հայտարարություններին:
– Ես կարծում եմ՝ պարոն Դավութօղլուն առնվազն անկեղծ չէ իր հորդորների մեջ: Նախ, այն ուժերը, որոնք համարում են անհրաժեշտ, հրատապ եւ նույնիսկ ուշացած Հայաստանի ստորագրությունը ետ վերցնելը այդ արձանագրություններից, այդ նույն ուժերը ժամանակին դեմ էին այդ ստորագրությունները դնելուն, եւ հանկարծակի չառաջացավ ստորագրությունը ետ քաշելու ցանկությունը: Ցավոք, մեր կանխատեսումները հաստատվեցին, եւ Դավութօղլուն խոսում է միայն հայաստանյան կողմի տարբեր մոտեցումների մասին, իսկ թուրքական կո՞ղմը… ի՞նչ արեց թուրքական կողմը: Պարզունակ խորհուրդների ազդեցության տակ ձեւավորվեց Հայաստանի միամիտ արտաքին քաղաքականությունը, որը անվանեցին «նախաձեռնողական, ֆուտբոլային, խիզախ» ե այլն, որը Հայաստանին անթիվ, անհամար վնասներ բերեց քաղաքականության մեջ, մինչեւ հիմա շարունակում է բերել եւ դեռ բերելու է, եթե նույնիսկ ստորագրությունը ետ քաշենք: Որովհետեւ արդեն նշան դրվեց մեր կողմից պարտվողական ուժերի առկայության մասին: Իհարկե, պարոն Դավութօղլուն շատ լավ հասկանում է, որ Թուրքիայի կողմից պետք է արվի ամեն ինչ, որպեսզի նրանք, ովքեր հասկանում են ստորագրությունների եւ արձանագրությունների իսկական վտանգները, չեզոքացվեն: Դրա համար նրանք նույնիսկ նոր ազգ են հնարել՝ հայկական լոբբի, ասելով, որ Հայաստանը վախենում է հայկական լոբբիից: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հայկական լոբբին Հայաստանից  մի առանձին ուժ է, բայց մենք նույն ազգն ենք, եւ հայկական լոբբին անում է ամեն ինչ՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից ելնելով: Այլ հարց, որ նույնիսկ Հայաստանում կան  մարդիկ, որ այդ շահերը կամ աղավաղված են հասկանում, կամ չեն հասկանում ընդհանրապես: Եվ դրանք այն պարարտ հողն են, որոնց համար ելույթ են ունենում Դավութօղլուն, Չավուշօղլուն եւ մնացած օղլուները:
– Թուրքիայի ԱԳ նախարարը խոսելով թուրք-հայկական բարեկամության մասին՝ ասել էր նաեւ. «Թուրքերն ու հայերը պետք է երկխոսության ճանապարհով անդրադառնան իրենց ընդհանուր պատմության հիվանդագին էջերին: Երկխոսության միջոցով կողմերի մոտ կարող են փոխադարձ զգացմունքներ առաջանալ՝ անհրաժեշտ ձեւով սկսելով հարգել երկու կողմերի մեծ զոհերի հիշատակը»:
– Ցավոք, Թուրքիայի հմուտ եւ ճկուն քաղաքականության արդյունքում Հայաստանում  ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ անցկացնում են բազմաթիվ կոնֆերանսներ, փոխադարձ այցեր եւ այլն, որոնցում առանցքային հնչում է այն, որ հայերը եւ թուրքերը ինչ-որ ժամանակ բարեկամներ են եղել: Սուտ է դա, երբեք չեն եղել բարեկամ: Այն օրվանից, երբ սելջուկները ներխուժեցին հայկական լեռնաշխարհ եւ Փոքր Ասիա, 1071 թվականի Մանազկերտի ճակատամարտում բյուզանդացիների անգրագետ, բոշա քաղաքականության հետեւանքով բյուզանդական եւ հայկական զորքերը պարտություն կրեցին, դրանից հետո երբեք բարեկամական հարաբերություն չի եղել: Ի՞նչ է նշանակում, երբ ասում են՝ հայերը եւ թուրքերը խաղաղ են ապրել իրար կողք: Այո, ինչ-որ պահ, այո, բայց հայերը խաղաղ ապրել են որպես ստրուկներ, թուրքերը՝ որպես տերեր, ի՞նչ բարեկամության մասին է խոսքը: Երբ այսօր թուրքերը խոսում են այդ բարեկամության մասին, խոսում են տիրոջ դիրքերից, իսկ մեզ առաջարկում են վերադառնալ այդ բարեկամությանը՝ ստրուկի դերակատարության մեջ: Ես, օրինակ՝ ծափահարում եմ այն թուրքերին, որոնք քանդում են Կարսի այդ ախմախ հուշարձանը, որը ոչ միայն գեղարվեստական տեսանկյունից է այլանդակություն, այլեւ ոչ մի գաղափար դրա տակ չկա, նման բարեկամություն չի եղել: Առանձին թուրքի եւ առանձին հայի մեջ, իհարկե, եղել է բարեկամություն, թուրքերի մեջ, իհարկե, եղել են ազնիվ մարդիկ, այսօր էլ կան, բայց հասարակությունների բարեկամության մասին ինչպե՞ս կարելի է խոսել, եթե հայերին եւ մնացած քրիստոնյաներին հայտարարել էին «ռայա», եւ թուրք հասարակությունը տիրում էր նրանց: Նույնիսկ անգրագետ, վայրի քրդական ցեղերը ավելի բարձր կարգի հպատակ էին օսմանյան կայսրությունում, քան կիրթ հայերը, որոնք կառուցում էին այդ կայսրությունը՝ փոխանակ զենքը ձեռքին պայքարեին այն վերացնելու համար: Եվ հենց որ հայ ժողովուրդը սկսեց ինքնուրույնություն դրսեւորել՝ 19-րդ դարում, Դաշնակցություն առաջացավ, ազգային-ազատագրական պայքար սկսվեց, 1878-ից հետո շարժումներ սկսվեցին՝ ֆիդայական, հասարակական եւ այլն, միակ պատասխանը դրանց եղավ հայերին բնաջնջելը: Էլ ի՞նչ բարեկամության մասին է խոսքը: Նույն բարեկամության մասին խոսում է նաեւ Ադրբեջանը՝ Ղարաբաղի նկատմամբ: Ինչի՞ն վերադառնանք՝ ձեր իշխող դիրքին, մեր՝ ստորադա՞ս, դա չի լինելու: Ցավոք, Հայաստանում այս պարզ ճշմարտությունները շատերը չեն հասկանում, հանկարծ ինչ-որ փառատոներ են առաջանում, հանկարծ երաժշտության ընդհանրությունների մասին են խոսում եւ այլն:
– «Հարեւանների հետ զրո պրոբլեմ» քաղաքականությունը մեր արտաքին քաղաքականության ձեւակերպումն է՝ մեր բոլոր հարեւանների հետ խաղաղ, փոխշահավետ հարաբերությունների վրա հիմնված հարաբերությունների հաստատման գործում: Եթե համեմատենք նախորդ տասնամյակում տիրող իրավիճակի հետ, ապա Թուրքիայի հարաբերությունները հարեւանների հետ էապես բարելավվել են»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը. ըստ Ձեզ՝ ի՞նչ է նշանակում այս զրո պրոբլեմը:
– Դա շատ խորամանկ բնորոշում է եւ նշանակում է զրո հարեւաններ, այսինքն՝ հարեւանները բերվեն այնքան զրոյացված վիճակի, որ Թուրքիան պրոբլեմ չունենա: Այդ երկիրը իր այս քաղաքականությունը հաջողությամբ վարում է օրինակ՝ Հարավ-արեւելյան Եվրոպայում: Երկու տեղ է ոտքը քարին առել՝ Իսրայելում եւ Հայաստանում: Բայց Հայաստանում ինքը թույլ տեղեր տեսնում է, եւ դրանք այն մարդիկ են, որ հայտարարում են, թե հայկական երաժշտությունը թուրքականից է թխած եւ այլն:
– Ձեր ներկայացրած իրավիճակում մեր անելիքը, որպես պետություն, որպես հասարակություն, ո՞րն է լինելու:
– Մենք որպես հասարակություն պետք է պարտադրենք մեր պետությանը ետ քաշել մեր ստորագրությունն այդ արձանագրություններից, որ վերջապես գոնե արժանապատիվ դուրս գանք այս խայտառակությունից եւ արդեն իսկ կրած վնասներին չգումարենք նոր վնասների կույտեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել