Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ» ԵՎՍ ՄԻ ԽՈՒՄԲ

Ապրիլ 21,2011 00:00

«Չի բացառվում, որ առաջիկայում ՀՅԴ խմբակցությունը Ազգային ժողովում բարձրացնի վարչապետի վստահության եւ կառավարության հրաժարականի մասին հարցը»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
 Նկատելի է, որ հատկապես վերջին շրջանում դաշնակցական պատգամավորներն առիթը բաց չեն թողնում իրենց բացասական վերաբերմունքն արտահայտելու կառավարության քաղաքականության մասին եւ խոսելու կառավարության ձախողումներից: Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ՀՅԴ խմբակցությունը գրավոր հարցադրում է ներկայացրել կառավարությանը, որով փորձելու է պարզել, թե կառավարությունը ինչո՞վ է բացատրում երկրում ստեղծված իրավիճակը. «Սկսած սոցիալ-տնտեսական ձախողումներից մինչեւ արտագաղթի կասեցման ուղղությամբ որեւէ կոնկրետ քայլ չիրականացնելը: Պահանջելու ենք, որպեսզի այս գրավոր հարցապնդումը Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկվի»:
Ի դեպ, երեկ ասուլիսում պարզվեց, որ ընկեր Արծվիկը զարմանալի լավատես է եւ մտածում է, որ կառավարությունը կարող է եւ ինքնակամ գնալ ինքնահրաժարականի. «Գուցե կառավարությունը կամավոր ասում է. «ես գիտակցում եմ եւ գնում եմ հրաժարականի»։ Բայց հարցը այն փուլում է, որ մենք մեր խոսքի տերն ենք եւ գործողությունները նախաձեռնել ենք։ Սպասենք գրավոր պատասխանին, այնուհետեւ լիագումար նիստում կքննարկվի այդ հարցը՝ ամենայն հավանականությամբ: Ես չեմ կարող հաստատ ասել, քանի որ մեր կառավարությունը էդքան վճռականություն չունի սեփական սխալները խոստովանելու եւ ինքնակամ հեռանալու: Եթե դա չլինի, հավանաբար մենք կդիմենք Սահմանադրությամբ նախատեսված գործողությունների»:
Թե որոնք են այդ գործողությունները, պետք է պարզապես կռահել: Ըստ ամենայնի, Դաշնակցության նախընտրական «ձիով քայլը» հենց սա է լինելու՝ կառավարության սխալների եւ թերացումների մասին հրապարակային ելույթները եւ հրաժարականի պահանջը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել