Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՑԵՐ ՈՒՆԻ

Ապրիլ 21,2011 00:00

Ու նա ակնկալում է դրանց պատասխանները

\"\"

Օրերս BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին դարձել է քաղաքական եւ հասարակական շրջանակների, նաեւ վերլուծաբանների թեժ քննարկման առարկա՝ թերեւս ետին պլան մղելով նույն հարցազրույցում արած ոչ պակաս ուշագրավ այլ հայտարարությունները, մասնավորապես, ԱՊՀ մտնելու Տեր-Պետրոսյանի նախաձեռնողականության, նաեւ ԼՂ հարցը լուծելու եւ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացներին գործող ռեժիմի խանգարող հանգամանքը շեշտելու մասին: Հիշեցնենք, որ BBC-ի թղթակցի հետ հարցազրույցում Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե կողմերը ԼՂ հակամարտության կարգավորմանը առավել մոտ են եղել 1997թ.-ին՝ մանրամասնելով. «Այսինքն՝ ինչ-որ տարածքներ փոխանցել Ադրբեջանին, կնքել զինադադար եւ այլն, ստեղծել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, հետո արդեն լուծել Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը»: Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ դա տեղի չունեցավ, ՀՀ առաջին նախագահը պատասխանել է. «Դե, որովհետեւ ղարաբաղցիները համարում էին, որ դա քիչ է, մոտեցումը մաքսիմալիստական էր: Նրանք կարծում էին, թե կարելի է ավելի սեղմել ու շատ ստանալ: Ոչ միայն ղարաբաղցիները. իմ շրջապատում, իմ թիմում մարդիկ կային, որոնք համոզված էին, որ դա այսպես է: Նրանք չգնացին այդ ծրագրին: Այն ժամանակ ես նրանց ասացի՝ եթե կարծում եք, որ կա ավելի լավ լուծում՝ խնդրեմ, ես հո չե՞մ կարող ձախողել այդ լուծումը: Փորձեք՝ միգուցե ստացվի»:
Տեր-Պետրոսյանը խոսելով նաեւ Հայաստանի հեռանկարի մասին՝ հայտարարել է. «Ես լավատես եմ: Մենք այժմ մեկ հիմնախնդիր ունենք՝ մեզ մոտ աղճատված է իշխանությունը: Վերականգնելով դա՝ ամեն ինչ իր տեղը կընկնի. կլինի նորմալ երկիր, ազատ երկիր, ե՛ւ Ադրբեջանի հետ հարցերը կլուծվեն, ե՛ւ Թուրքիայի հետ հարցերը կլուծվեն»:
ՀՀ առաջին նախագահի գլխավորած Հայ ազգային կոնգրեսում այսօր էլ պնդում են, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանը չունի եւ չի ունենալու ավելի լավ տարբերակ, քան 1997-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկածն էր, որ նա նոր բան չի ասել, այլ արձանագրել է 1997-ին եղած իրավիճակը: Տեր-Պետրոսյանի հարցազրույցը սոցցանցում «փայլուն» է որակել նաեւ վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը՝ հավելելով, թե՝ «ա՛յ, Լեւոն Տեր-Պետրոսյանի էս տեսակը դուրս գալիս է: Պետական-քաղաքական գործչի բացառիկ տեսակ»: Ըստ նրա, «հաղթողական» տարբերակի կողմնակիցներն իշխանության են արդեն 12 տարի, սակայն ոչ ԼՂՀ միջազգային ճանաչումն է տեղի ունեցել, ոչ ազատագրված տարածքներն են ազատագրվել, ոչ Հայաստանի զարգացման բանաձեւն է ձեւակերպվել: Կարգախոսներից, բարձրագոչ հայտարարություններից այն կողմ չենք անցել՝ հրապարակում թողնելով միայն Տեր-Պետրոսյանի մերժված ծրագիրը: Այսօր էլ քննադատում ենք՝ առանց այլընտրանք առաջարկելու»: Այսուամենայնիվ, որ Տեր-Պետրոսյանի հարցազրույցը կրկին ԼՂ հարցի առնչությամբ, մասնավորապես՝ նրա սկզբունքային դիրքորոշման շուրջ լուրջ բանավեճերի է հանգեցրել՝ փաստ է:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանն անդրադառնալով մեր հարցին՝ արդյոք Տեր-Պետրոսյանի հարցազրույցի վերջին հատվածը մեսիջ չէ՞ր միջազգային հանրությանն առ այն, որ միայն այս իշխանությունների հեռացումից հետո է հնարավոր լուծել ե՛ւ ԼՂ հարցը, ե՛ւ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, որ ինքը դրա ջատագովն է, ասաց, թե Տեր-Պետրոսյանը քաղաքականություն է վարում եւ հեղինակավոր լրատվամիջոցին հարցազրույց տալն ու իր դիրքորոշումն ու պատկերացումները շարադրելը այդ քաղաքականության բաղկացուցիչ մասն է: «Գուցե նա փորձել է հասկացնել շահագրգիռ երկրներին, որ կենտրոնական հարցը աղճատված իշխանությունը փոխելն է, իսկ մնացած հարցերը հնարավոր է լուծել: Կարծում եմ՝ դա շատ պարզ երեւում է, ուրիշ բան ես այդտեղ չեմ տեսնում»:
Այդ դեպքում որքանո՞վ դա չի հակասում Տեր-Պետրոսյանի նաեւ մեկ այլ հայտարարությանը, թե իր գլխավորած ընդդիմությունը իշխանություններին առաջադրած իր պահանջներին հասնելու ճանապարհին ուզում է «երկիրը զերծ պահել սոցիալական ընդվզումներից ու քաղաքական ցնցումներից՝ ոչ ամենեւին պայքարի հեղափոխական մեթոդների օրինականությունը մերժելու, այլ բացառապես Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման վտանգը չմեծացնելու նկատառումով», կամ մեկ այլ դեպքում՝ ձեռնպահ է մնում կտրուկ քայլերից՝ միջազգային հանրության ձեռքին ՀՀ իշխանություններին ԼՂ հարցում ոչ հայանպաստ լուծում պարտադրելու համատեքստում գործիք չդառնալու համար: «Այդ բարդ դրվածքը միշտ էլ կար: Մի կողմից՝ անընդհատ ընդգծվում է, որ մինչեւ ԼՂ հարցը չլուծվի, հնարավոր չէ Հայաստանում իրավական պետություն կառուցել, մյուս կողմից էլ՝ խոսվում է, որ իշխանափոխությունը կարող է հեշտացնել ԼՂ խնդրի լուծումը: Ըստ երեւույթին, նա իշխանափոխության խնդիրը կոնկրետ չի կապում ԼՂ հիմնախնդրի հետ: Ես այդպես եմ հասկանում նրա նաեւ այն հայտարարություններից, թե կարելի է իշխանությունների հետ գնալ երկխոսության եւ Հայաստանում ինչ-որ տեղ փոփոխությունների հասնել»,- արձանագրեց քաղաքագետը՝ հավելելով, թե ինչպես նախկինում, այսօր էլ հիշյալ հարցազրույցից հետո կան նաեւ շատ օբյեկտիվ հարցեր, ու չկան պատասխաններ: Մ. Սարգսյանի համոզմամբ, արժեր այդ հարցերը քննարկել հասարակական տարբեր շերտերի հետ եւ ինչ-որ ձեւով հասկանալի դարձնել, թե ինչ է բխում բոլոր այդ թեզերից: «Այս հարցազրույցից հետո էլ շատ ու շատ հարցեր առաջացրեց, որոնց պատասխանները պետք է Հայաստանում տալ: Աշխարհի հետ նույնպես պետք է խոսել, պետք է ինչ-որ մեսիջներ ուղարկել, բացատրել մեր վիճակը, բայց, կարծում եմ, հիմնական զրույցը պետք է լինի ոչ թե արտաքին ուժերի, ոչ թե ՀՀ իշխանությունների, այլ Հայաստանի հասարակության հետ»:
Տեր-Պետրոսյանն իր հարցազրույցում հիշեցնելով ԼՂ հարցի լուծման իր մոտեցման մասին, ըստ էության, այսօր «հրահրեց» այն ժամանակ իր առաջարկած լուծման շուրջ նոր ու լուրջ բանավեճ, որը ժամանակին հանգեցրել էր նրա հրաժարականին, եւ որն այսօր լուրջ դիմադրության է հանդիպել նաեւ սոցցանցերում: Մեր հարցին, թե արդյոք հիմա նրա առաջարկած լուծման տարբերակն ավելի՞ ընդունելի է հասարակության համար, Մ. Սարգսյանն ասաց. «Լավ կլինի, որ Հայաստանում վերջապես բանավեճ սկսվի ԼՂ խնդրի շուրջ, որովհետեւ այն պրոյեկտները, որոնք գոյություն ունեին տարբեր տարիներին, ընդամենը առաջարկներ էին եւ որեւէ կոնկրետ լուծումների, համաձայնությունների չեն բերել: Ուստի՝ այսօր դրանք ընդամենը մասնավոր կարծիքներ են: Ամեն մեկը գտնում է, որ այս կամ այն լուծումը ճիշտ կլիներ, բայց դրանք հիմա ընդամենը վերացական զրույցներ են: Կարծում եմ, իսկապես եկել է ժամանակը, եւ Տեր-Պետրոսյանի այս կարծիքը խթանել է, որ մի անգամ վերլուծենք, թե ինչ է նշանակում ԼՂ խնդիրը Հայաստանում եւ միջազգային ասպարեզում: Եթե նման քննարկումներ լինեն, կարծում եմ, շատ ու շատ հարցեր կպարզվեն»: Մ. Սարգսյանը կարծիք հայտնեց, որ եթե Տեր-Պետրոսյանը կրկին խոսել է այդ թեմայի շուրջ, ենթադրվում է, որ նա պատրաստ է հասարակության բոլոր հարցերին պատասխանել: «Այսօր արդեն մարդիկ շատ ավելի խորն են հասկանում վիճակը, որ կար այն ժամանակ ու կա հիմա: Հասարակությունը պետք է հնարավորություն ունենա պատասխանատուներից ստանալ իր բոլոր հարցերի պատասխանները, որպեսզի կարողանա հասկանալ՝ որն է ճիշտը եւ որը՝ սխալը: Հասարակությունը սպասում է պատասխանների ոչ միայն ԼՂ հարցի առնչությամբ, այլ ընդհանրապես բոլոր խնդիրների, որ առկա են: Բայց հիմնական պրոբլեմն էլ այսօր հենց այն է, որ նրանք չեն կարողանում այդ հարցերի պատասխանները ստանալ, նրանց միայն ասում են՝ դուք գործ չունեք, մեզ միայն վստահեք, մենք ավելի խելոք ենք, մենք շախմատ ենք խաղում»,- ե՛ւ իշխանություններին, ե՛ւ ընդդիմությանը նկատի ունենալով՝ ասաց Մանվել Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել