Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ՉԷ

Ապրիլ 21,2011 00:00

\"\"ՀԼԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը՝ ներքաղաքական իրադարձությունների մասին

– Իշխանությունը կարծես ՀԱԿ-ի նշած վերջնաժամկետին ընդառաջ քայլեր է անում. ազատ արձակվեց Սամսոն Խաչատրյանը, քննարկվում է Արամ Բարեղամյանին եւ Արա Հովհաննիսյանին ազատ արձակելու հարցը: Սա գոհացնո՞ւմ է ՀԱԿ-ին:
– Իհարկե՝ ոչ: Ես այդքան ակնհայտ չեմ տեսնում իշխանության արած քայլերը: Իշխանության առջեւ շատ հստակ երեք պայման է դրված, եւ մենք տեր ենք կանգնելու դրանց: Ինչ մնում է Սամսոն Խաչատրյանին ազատ արձակելուն՝ դեռ հարց է, թե ինչո՞ւ էին բռնել նրան: Մարդուն անօրինական ձերբակալել էին, երկու ամիս բանտում նստելուց հետո դատարանի որոշմամբ պայմանական ազատում են, եւ մենք պետք է համարենք, որ շատ մեծ բա՞ն են արել, հա՞, դեպի ժողովրդավարությո՞ւն են գնացել իշխանությունները: Իհարկե, այդպես չէ: Դեռ մի քանի օր կա: Մինչեւ ապրիլի 28-ը կերեւա՝ այս իշխանությունն իսկապես մտահո՞գ է այս երկրով, քաղաքական էլեմենտներ իրենց մեջ պարունակո՞ւմ են, թե՞ երկրի ու ժողովրդի ապագա ասվածն իրենց համար միայն իրենց աթոռներն ու սեփական գրպանն են, ինչով մինչ օրս առաջնորդվել են: Ես հակված չեմ վստահություն հայտնելու, որ մինչեւ ապրիլի 28-ը մեր երեք պայմանները կբավարարվեն:
– Այդ դեպքում ի՞նչ քայլեր է Կոնգրեսը ձեռնարկելու:
– Մենք հստակ ասել ենք, որ ապրիլի 28-ը կլինի ջրբաժան: Եթե պայմանները կբավարարվեն, Կոնգրեսի եւ իշխանության միջեւ կսկսվի երկխոսություն՝ երկու կետի շուրջ՝ ե՞րբ են գնում այս իշխանությունները, եւ ե՞րբ են նշանակվում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: Եթե չկատարեն՝ այդ դեպքում երկխոսություն չի լինի: ՀԱԿ-ը եւ հասարակությունը կստիպեն այս իշխանություններին գնալու այդ երկու քայլերին:
– Ինչպե՞ս ենք ստիպելու՝ վրաննե՞ր ենք խփելու փողոցում եւ նստենք, թե՞ միանգամից կրակելու ենք:
– Մենք չենք պատրաստվում որեւէ մեկի վրա կրակել: Մենք ոչ մի անգամ չենք կրակել եւ չենք էլ պատրաստվում կրակել: Կրակելու խնդիր չկա, հայ ժողովրդի միասնական կամքի խնդիր կա: Իշխանությունները շատ լավ հասկանում են, որ իրենք սնանկ են, ի վիճակի չեն ոչ միայն կառավարելու այս երկիրը, այլեւ տարրական, փոքրիկ խնդիրներ անգամ լուծելու, ուր մնաց՝ սոցիալ-տնտեսական կամ քաղաքական: Բոլոր բնագավառներում այս իշխանությունը ֆիասկո է ապրել, եւ այս ամենից հետո նորից փորձել պահել իշխանությունը՝ դա ծանր հետեւանքներ կունենա նախեւառաջ իրենց համար, իհարկե՝ նաեւ երկրի ու ժողովրդի:
– Երկու օր է՝ հայաստանյան քննարկումների գլխավոր թեմաներից մեկն էլ BBC-ին տված ՀՀ առաջին նախագահի հարցազրույցն է, որտեղ Տեր-Պետրոսյանն ասում էր. «1997-ին կար հնարավորություն լուծելու հիմնահարցը։ Այսինքն՝ ինչ-որ տարածքներ փոխանցել Ադրբեջանին, հաշտություն հաստատել եւ այլն, ձեւավորել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, այնուհետեւ լուծել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։ Այս ամենին դեմ էին ղարաբաղցիները, ովքեր մաքսիմալիստական մոտեցում ունեին»: Համամի՞տ եք առաջին նախագահի հետ:
– Իհարկե: Ես քանիցս այդ մասին ասել եմ այս տարիների ընթացքում եւ հիմա էլ եմ պնդում, որ ԼՂՀ խնդրի լուծման տարբերակը, որը 1997-ին առաջարկում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, դրանից լավ տարբերակ մինչ օրս չի եղել ու չի էլ լինի: Քանի ժամանակը ձգվում է, այնքան վատ տարբերակներ են առաջարկվում: Եթե 1997-ին ԼՂՀ-ն բանակցությունների սուբյեկտ էր եւ պիտի լիներ կնքվող համաձայնագրի կողմ՝ վետոյի իրավունքով, հիմա ԼՂՀ-ն որեւէ գործընթացում չկա: ԼՂՀ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը վերածվել է հայ-ադրբեջանական տարածքային վեճի:
– Հակադարձելով առաջին նախագահին՝ այդ հարցազրույցի առիթով ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը հայտարարել էր. «Մենք բազմիցս կրկնել ենք, որ պատրաստ ենք Ադրբեջանի հետ ցանկացած հարց քննարկել՝ լինի դա տարածքների, թե այլ բանի հետ կապված, բայց մեկ վերապահումով, որն ինձ թվում է՝ օբյեկտիվ է, հավասարակշռված եւ ռացիոնալ: Այն է՝ վերադարձ 1988-ին՝ տարածքների առումով, անհնար է, քանի որ ԼՂՀ-ն նախկին տարածքների սահմաններում չի կարող գոյություն ունենալ որպես անկախ պետություն: Բացառվում է, եւ դա բոլորը գիտեն»:
– Իսկ իրենց մադրիդյան կամ նորացված մադրիդյան սկզբունքների հիմքում ի՞նչ է դրված: Եթե իրենք ողջունում են այդ սկզբունքները՝ չե՞ն նայում, թե թղթի մեջ ինչ է գրված: Եթե Սերժ Սարգսյանը ստորագրում է Մայնդորֆի փաստաթղթերը, եթե Ռոբերտ Քոչարյանն 1999-ի նոյեմբերին Ստամբուլում ստորագրում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության խարտիան՝ դա իրենց չի՞ անհանգստացնում:
Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել