«Առավոտի» տեղեկություններով, առաջիկա օրերին Հայաստան են գալու հանցաշխարհի վառ հեղինակությունները: Նախատեսվելիք «սխոդկայի» ժամանակ քննարկվելու է Հայաստանում «Օրենքով գող» կարգելու հարցը: Ըստ նախնական տեղեկության, առաջադրվելու է նորադուզցի Ալիկ Բանդուրյանի թեկնածությունը: Հայտնի է, որ նա հանցաշխարհում ընդունված, վերջերս սպանված Արմեն Կանեւսկու մտերիմներից է, եզդի «Դեդ Հասանի» (Ասլան Ուսոյանի) շրջապատից: Ընդամենը վերջերս մի շարք «գողեր» հանդիպեցին Դուբայում եւ իրենց «դաբրոն» տվել են նորադուզցու օգտին: Նշվում էին նաեւ Գեմո Միխրելադձեի, Բաթրինի, Վագունի, Գիյայի անունները: Ասում են, Հայաստան է գալու անձամբ «Դեդ Հասանը», ով անցյալ տարվա աշնանը իր դեմ իրագործված մահափորձից հետո առաջին անգամ դուրս կգա Ռուսաստանի մայրաքաղաքից: Կմասնակցի հավաքին նաեւ «Օրենքով գող» «Զապը»՝ գյումրեցի Անդրանիկ Սողոյանը, ով Պրահայի իրավապահների կողմից կասկածվում է 4 տարի առաջ Վացլավի հրապարակում 2 անձանց սպանությունը պատվիրելու մեջ: