Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՋԵՎԱՆՈՒՄ ԱՎԱԳԱՆԻ ԿԸՆՏՐԵՆ

Ապրիլ 20,2011 00:00

\"\"Հայաստանի Հանրապետության կառավարության ապրիլի 14-ի որոշմամբ՝ մինչեւ մայիսի 15-ը Տավուշի մարզի Իջեւան քաղաքում կանցկացվի ավագանու անդամների արտահերթ ընտրություն: Իջեւանում անառողջ մթնոլորտի մասին «Առավոտը» գրում է 2009-ի փետրվարից: Ավագանու անդամների եւ քաղաքապետի միջեւ խորը անհամաձայնությունների արդյունքում ավագանու նիստերը տապալվում էին, քաղաքապետն էլ անհարգելի բացակայության համար դադարեցրել էր ավագանու 13 անդամներից 5-ի լիազորությունները, երեքն էլ հրաժարական էր տվել: Իջեւանի ավագանու այս ութ անդամները պնդում էին, որ քաղաքապետին պաշտոնանկ անելու հիմքեր կան, սակայն Տավուշի մարզպետարանն ու ՀՀ կառավարությունը վստահ են, որ չկա «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով պահանջվող համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու գործընթաց նախաձեռնելու որեւէ հիմք: Իջեւանի ավագանու վերջին նիստը կայացել է 2009 թվականի դեկտեմբերի 21-ին, դրանից հետո հրավիրված նիստերը ձախողվել են: Մեր տեղեկություններով, Իջեւանի  քաղաքապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության հեղինակ արդեն նախկին ավագանիները մտադիր են կրկին առաջադրել իրենց թեկնածությունը: Ընտրապայքարին մասնակցելու են նաեւ քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմնակիցները:
Իջեւանի քաղաքապետը անկուսակցական է եւ 1999-ից այսկողմ չորս անգամ քաղաքապետ է ընտրվել, իսկ նրան անվստահություն հայտնելու փորձի հեղինակները ՀՀԿ-ից եւ ԲՀԿ-ից են:
Արտահերթ ընտրության համար կառավարությունը իր պահուստային ֆոնդից 3,77 միլիոն դրամ է հատկացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, 1,35 միլիոն դրամ՝ ՀՀ ոստիկանությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել