Լոռու մարզում ապրիլի 10-ից հետո երեք օր ձյուն էր գալիս: Ապրիլի 12-ին եւ 13-ին եկավ աննախադեպ շատ ձյուն: Գյուղացիները լավ գիտեն՝ «պառավի ուլերի» կոտորածն է: Թումանյանի (Մոտկորի) տարածաշրջանի Լորուտ գյուղի բնակիչ Մեսրոպ Ստեփանյանը գարնանային հոգսերի մեջ խճճված չի հասցնում հետեւել եղանակի տեսությանը, բայց առանց դրա էլ գիտի, թե ինչ եղանակ է լինելու՝ ինքն է լուսնի փուլով հաշվում ու բացատրում. «Եթե լուսինը մեջը փոսիկ ունի կամ կողքի է, եղանակը չորային է, եթե թարս է՝ անձրեւային»,- ասում է Մեսրոպ պապը: Կախված օրերի քանակից, նա կարողանում է որոշել նույնիսկ եղանակի փոփոխությունը ու հաշվում, թե հատկապես «պառավի ուլերի» կոտորածի օրը ինչ եղանակ կլինի. «Ապրիլի 13-ին լուսնային 10-րդ օրն է՝ հաշվում ենք գումարելով ամսվա թիվը՝ 13, որերորդ ամիսն է՝ 4-րդ եւ վերադիրը, որ ամեն տարի փոփոխական է, այս տարի 23-ն է»:
Մեսրոպ պապը պատմում է, որ մարտ ամսին տաք եղանակ է եղել, պառավը իր ուլերին հանդ է տարել՝ ասելով. «Մարտ չխտի, դարդ չխտի, այսինքն մարտը գնաց, դարդս գնաց»: Ապրիլն էլ մարտից մի քանի օր է վերցնում, ցուրտ եղանակ անում ու պառավի ուլերը կոտորում:
Լոռու մարզի հատկապես խորը լեռնային գյուղերում ավանդույթները դեռ գործում են, գիտեն, որ մինչեւ «պառավի ուլերը» չկոտորվեն՝ եղանակը չի բացվի: Երեկ էլ դեռ ցուրտ էր եւ ամպոտ: «Ինչքան էլ գյուղացու տեղը նեղն ընկնի, մեկ է նա իր ամբողջ ձմեռ շահած-պահած անասունը այս օրերին հանդ չի անի»,- ասում է իր պապերից ամեն ինչ սովորած Մեսրոպ պապը: