Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ բռնցքամարտիկի սենսացիոն առաջին մենամարտը

Ապրիլ 20,2011 00:00

\"\"«Հայոց լեռներից Սասնա հերոսները սփռվում են այսօր աշխարհով մեկ: Եվ Դավիթը եկավ ու բնակվեց գերմանաց աշխարհում, որ այստեղ ցույց տա իր ուժը, զորությունն ու ճարպկությունը: Եվ նա դարձավ նրանցից մեկը… եւ նրան գնահատեցին ու հարգեցին… եւ նրան շնորհեցին պատիվ ու կոչում… եւ նա դարձավ Դավիթ Գրաֆ… Նրա քաջությունը, համեստությունն ու պարկեշտությունը իմաց են տալիս իր ախոյաններին.
– Էս մեկ զարկ քո՜ խաթեր: …Մընաց մե՜կ զարկ, մեկ Աստված, մեկ ես…»:
Ահա «Սասնա ծռեր» հայկական էպոսի այս նախաբանով պրոֆեսիոնալ բռնցքամարտում ապրիլի 2-ին Հալլե/Վեստֆալիա քաղաքի Գերի-Վեբերմրցադաշտում իր դեբյուտը մեկնարկեց հայազգի բռնցքամարտիկ Վահագն Սահակյանը, ով իր սպորտային մականունը համահունչ է դարձնում «Սասնա ծռերի» գլխավոր հերոս Դավիթի հետ: Գերմանացի հանդիսատեսին առավել մատչելի դարձնելու եւ իրեն աշխարհի լավագույն բռնցքամարտիկների թվին դասվելու կոմսական նպատակային հավակնություններին առավել մեծ լրջություն հաղորդելու համար նա վերցրել է Գրաֆ (Կոմս) կոչումը: 22- ամյա առաջին ծանր քաշային կարգում հայազգի բռնցքամարտիկը, ով հանդես է գալիս գերմանական «Զաուերլանդ» պրոֆեսիոնալ բռնցքամարտի ակումբի կողմից (ի դեպ՝ նույն ակումբի սան է նաեւ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը), իր առաջին մարտում խաղասկզբի 5-րդ վայրկյանում մեկ հարվածով նոկաուտի ենթարկեց եւ գետնին տապալեց լատվիացի իր հակառակորդ Օլեգ Լոպաեւին՝ բռնցքամարտի պատմության մեջ իր առաջին մենամարտում առաջին իսկ եզակի հարվածով սահմանելով նոկաուտի մի նոր ժամանակային ռեկորդ: Այսպիսով, նա ոչ միայն արժանավայել կերպով կատարեց մարզիկի իր պարտքը՝ կապված սպորտային իր անվան հետ, այլ նաեւ ցույց տվեց իր կարողությունների զարգացման լայն սահմանները:
Վահագնի մուտքը պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհ՝ հնարավոր դարձրեց հայազգի պրոումոթեր Ժիրայր Գրաֆը, ով իր առջեւ ընդհանրապես խնդիր է դրել տաղանդավոր եւ ունակ հայազգի մարզիկներին հովանավորելու եւ նրանց ունակությունները ցուցադրելու գերմանացի բռնցքամարտի սիրահար հանդիսատեսին: «Վահագնին ես դեռ ճանաչում եմ փոքր տարիքից եւ նկատելով դեռ վաղ հասակից դրսեւորվող նրա սպորտային առանձնահատուկ ունակությունները՝ որոշեցի հոգալ նրա մարզումների եւ սպորտային ապագայի զարգացման մասին»,- ասում է բեռլինաբնակ հայազգի պրոումոթերը:
Դե ի՞նչ, մեզ մնում է բարեմաղթել բռնցքամարտում բարձրացող նոր աստղ հայազգի Վահագն Սահակյանին (Դավիթ Գրաֆին) եւ նրան հովանավորող Ժիրայր Գրաֆին. ամենայն հաջողություններ մարզումներում եւ առաջիկա մրցաշարերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել