Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԸ ԺՈՂՈՎՐԴԻՆՆ Է, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 20,2011 00:00

\"\"Անկախացման քսան տարիներին հայկական ֆուտբոլը ձախողումներով ու ձեռքբերումներով, նահանջներով ու վերելքներով լի երկար ճանապարհ է անցել: Դժվարությունների ու խոչընդոտների պակաս այսօր էլ չկա: Սակայն հատկապես վերջին մեկ տարում առաջընթացն ավելի շատ է ու թունելի վերջում արդեն լույս է երեւում:

Մեր ֆուտբոլի անցած ուղու, այսօր գոյություն ունեցող խնդիրների եւ ապագայի մասին է «Առավոտի» բացառիկ հարցազրույցը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:
– Պարոն Հայրապետյան, առաջարկում եմ զրույցն սկսել բարձրագույն խմբի առաջնությունից: Այն, կարծես, այնքան էլ հաջող չի մեկնարկել մեր ուժեղ ակումբների, մասնավորապես՝ «Փյունիկի» եւ «Բանանցի» համար, որոնք մրցաշարային աղյուսակում հանգրվանել են ֆուտբոլասերների աչքին անսովոր միջին եւ ստորին հորիզոնականներում: Ի՞նչն է պատճառը: Չէ՞ որ երկու թիմերն էլ նախապատրաստական շրջանը լավ են անցկացրել:
– Հարցադրմանը համաձայն չեմ, թեեւ այդպիսի կարծիք կա: «Բանանցն» ու «Փյունիկն» այսօր հայկական ֆուտբոլի զարգացման եւ ապագայի շատ ավելի կարեւոր խնդիր են լուծում, քան մյուս ակումբները: Իսկ ինչի՞ հենց նրանք: Որովհետեւ շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն:
– Ի՞նչ է նշանակում խնդիր լուծել:
– Եթե ուշադրություն դարձրել եք, այսօր «Փյունիկի» կազմում հանդես են գալիս 17-19 տարեկան պատանիներ ու երիտասարդներ: Նույն «Բանանցի» հետ հանդիպմանը խաղում էր մինչեւ 19 տարեկան մոտ վեց ֆուտբոլիստ: Եթե «Փյունիկին» պետք լինի հաղթել ներքին առաջնության բոլոր խաղերում, չի ազատվի իր ուժեղ ֆուտբոլիստներից եւ հակառակը՝ ավելի կուժեղացնի կազմը: Ակումբի եւ մարզիչների խնդիրը հավաքականի բաց օղակների համար տաղանդավոր երիտասարդներ աճեցնելն է, ինչի համար թիմում տեղեր պիտի բացել: Պիտի որ նկատած լինեք. Էդգար Մանուչարյանը տեղափոխվել է աջ եզր, իսկ մաքուր հարձակվողի դերում հանդես է գալիս Հովհաննես Հովհաննիսյանը: Այդպես ակումբը բարձրացնում է նրա որակները, որպեսզի ապագայում Յուրի Մովսիսյանի հետեւում պահեստայինների նստարանին ֆուտբոլիստ լինի: Իսկ նույն Հովհաննիսյանի հետեւում այսօր արդեն 16 տարեկան մեկ այլ պատանի կա: «Բանանցը» նույնպես հնարավորին չափ շատ տեղ է տալիս երիտասարդներին, որպեսզի աճ լինի: Իսկ այս ակումբների թվացյալ անկման մասին կասեմ, որ հենց նրանց միջեւ կայացած հանդիպումը եվրոպական մակարդակի խաղերի նման մոբիլ էր՝ արագ, կոմբինացիոն, գեղեցիկ: Խնդիրն այն չէ, թե ո՞վ հաղթեց: Ավելի կարեւոր է, որ կա ստացված գեղեցիկ խաղ: Եվ եթե նախկինում առաջնությունում տեսնում էինք ակնհայտ ֆավորիտներ ու ետնապահներ, հիմա նման բան չկա, թիմերը որոշ չափով հավասարվել են: Մի թիմը տակտիկապես ավելի գրագետ ու ճիշտ է խաղում, բայց, միեւնույն է, նրանք հավասարվել են: Տեսեք, «Փյունիկը» պարտվեց «Ուլիսին»: Բայց դա «Փյունիկի» այս տարվա լավագույն խաղն է եղել: Պարտությունն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Փոխարենն ուրախացնում է, որ պատանի ու երիտասարդ ֆուտբոլիստները, որոնց վրա զայրացած էի, փայլուն ֆուտբոլ խաղացին: «Փյունիկի» հարվածներից հինգը դիպավ դարպասաձողին, իսկ «Ուլիսի» մարզական բախտը բերեց. մեկ հաջող հարված՝ եւ հաղթեցին: «Բանանցը» «Միկայի» հետ խաղում ավելի ագրեսիվ ու գեղեցիկ ֆուտբոլ էր խաղում: Եղան սխալներ, որոնք կշտկվեն: «Բանանցը» խաղում է այն սխեմայով, որն անհրաժեշտ է ազգային հավաքականին: Որպեսզի մարզիչը հրավիրված ֆուտբոլիստին չբացատրի, թե նրանից ինչ է պահանջվում խաղադաշտում: Հենց սրանց համար է ինձ բավարարում այդ երկու ակումբների խաղը՝ կապված պատանեկան, երիտասարդական եւ ազգային հավաքականների հետ:
– Կարո՞ղ ենք ասել, որ այս ֆոնի վրա մյուս թիմերի խաղամակարդակն է բարձրացել:
– Ընդհանուր առմամբ, արդեն ասացի: Բայց խաղամակարդակի մասով համաձայն չեմ: Օրինակ, «Միկան» հաղթեց «Իմպուլսին», սակայն վերջինն ավելի ժամանակակից, տակտիկապես ավելի ճիշտ ֆուտբոլ խաղաց: Բայց դա չի նշանակում, թե «Իմպուլսը», թեկուզ կիսով չափ համալրված երիտասարդներով, ինձ համար ավելի լավ թիմ է: Կամ «Արարատը», որ ետնապահն է: Թող ոչ ոքի չթվա, թե կարող է հեշտությամբ հաղթել: «Արարատն» էլի իր ֆուտբոլն է խաղում, պայքարում է: Ճիշտ է, կապված ձմեռային ուսումնամարզական հավաքների հետ, ֆիզիկականը մի փոքր չի բավարարում, բայց ամեն ինչ աստիճանաբար տեղը կընկնի:
– Հայկական ֆուտբոլի մակարդակը կախված է ակումբների հզորությունից, դրանց սեփականատերերի ցանկությունից ու տրամադրությունից: Հենց այդ պատճառով էլ մեր ֆուտբոլը, երկրի առաջնությունը ժամանակ առ ժամանակ վտանգվում է: Մի քանի տարի «Շիրակը» կանգնած էր փլուզման եզրին եւ միայն Ձեր ու ֆեդերացիայի ջանքերի շնորհիվ չկազմալուծվեց: Միշտ անկանխատեսելի է «Արարատը»: Այս մրցաշրջանի շեմին էլ «Կիլիկիան» տհաճ անակնկալ մատուցեց: Նման երեւույթներից խուսափելու լավագույն տարբերակը բաժնետիրական ղեկավարման ձեւը չէ՞:
– «Կիլիկիա» ակումբ չկա, գոյություն չունի: Կա միայն փայլուն մարզադաշտ՝ «Հրազդանը», որը «Կիլիկիա» անվան տակ տրվել է մի մարդու: Ինձ համար դա լսելը շատ ծանր է: Իսկ թե մարզադաշտն ի՞նչ կարգավիճակում է, չգիտեմ: Ինչ վերաբերվում է բաժնետերերին, դա շատ լավ ու հաճելի կլիներ: Ցանկալի է, որ յուրաքանչյուր ակումբ ունենա 50 հազար բաժնետեր: Բայց այդպիսի բան Հայաստանում, ցավոք, այսօր հնարավոր չէ: Իմ համոզմամբ, բոլոր ակումբների նախագահները, բացառությամբ «Արարատի», պատրիոտներ են, ֆուտբոլի նվիրյալներ, որ սիրում են մարզաձեւը եւ անձնական գումարներ ներդնելով՝ նպաստում ֆուտբոլի զարգացմանը: Սա ինձ համար բարեգործություն է: Վստահ եմ. եթե գտնվեն մարդիկ, որոնք կցանկանան բաժնետեր դառնալ, ցանկացած ակումբի նախագահ սիրով կհամաձայնի, որովհետեւ դա ավելի կհզորացնի ակումբը: Իսկ ինչ վերաբերում է ցանկացած պահի ակումբի գործունեություն դադարեցնելուն, նման բան չի լինի, նման բան երբեք չի կարելի թույլ տալ: Կարծում եք՝ «Փյունիկի» սեփականատերը ակումբը փակուղի մտցնելու իրավունք ունի՞: Ոչ մի սեփականատեր իրավունք չունի ժողովրդի աչքի առջեւ ակումբ փակել: «Փյունիկն» այսօր ազգային արժեք է, հավաքականների ութսուն տոկոսի ռեզերվը: Եթե, ասենք, «Փյունիկի» սեփականատերն այդպիսի բան անի, ժողովուրդն իր դատաստանը կտեսնի: Նույնը վերաբերում է մյուս ակումբներին: Այո, ակումբը ինչ-որ մեկի սեփականությունն է, բայց տերը ֆուտբոլասերն է, ժողովուրդը: Անգամ, եթե ակումբը քսան երկրպագու ունենա:
Հավանաբար, տեղյակ չեք, թե այսօր «Արարատի» երկրպագուներն ինչ օրն են գցում ակումբի ղեկավարությանը: Այն լուծարելն այնքան էլ հեշտ չէ: Ես պայքարել եւ շարունակելու եմ պայքարել դրա դեմ: «Արարատը» ինչ-որ մեկի սեփականությունը չէ, որ երբ եւ ինչպես ուզենա՝ վարվի: «Արարատը» բրենդ է: Ու չի կարելի անընդհատ մեղադրանքներ բարդել ֆեդերացիայի նախագահի վրա: Եթե ֆեդերացիայի նախագահն անձնական հարցեր ունենար, վաղուց ակումբը ոչ թե երկրորդ, այլ երրորդ դիվիզիոն շպրտած կլիներ: Խախտումներն անընդհատ նրանցից են եկել, ես էլ անընդհատ ընդառաջել եմ: Եթե ակումբները խնդիրներ են ունենում, դրանք կարգավորելը ֆեդերացիայի, իմ գործն է:
Ես մեր գործարարների վրա եմ զարմանում, նրանք բիզնեսի այնքան հոտառություն չունեն՝ հասկանալու, որ ֆուտբոլը նաեւ բիզնես է, որտեղ եթե երկարաժամկետ ներդրումներ անես՝ փոխհատուցում կստանաս: Իսկ մեր գործարարները սիրում են այսօր ներդնել ու վաղն ստանալ: «Փյունիկը» 17 տարի ներդրել է, սպասել: Հիմա ստանում է: Եվ հիմա խնդիրն այն չէ, որ, ասենք, Կառլեն Մկրտչյանի Դոնեցկի «Մետալուրգ» տեղափոխվելու դիմաց նրա ակումբը պիտի կանխիկ խոշոր գումար ստանա: Այստեղ մի այլ կապիտալ է ավելի մեծ: Մկրտչյանը, Հենրիխ Մխիթարյանը, Ռոբերտ Արզումանյանը եւ մյուսները, տեղափոխվելով ավելի ուժեղ առաջնություններ, հայկական ֆուտբոլի, մեր հավաքականի, հայ ֆուտբոլիստի հեղինակությունը, անունը, գինն են բարձրացնում: Մեկ տարի առաջ ժողովուրդը թերահավատ էր հավաքականի հանդեպ: Եվ երբ ես ասում էի, թե ժամանակ է պետք, մի փոքր էլ համբերեք եւ լավ հավաքական ենք ունենալու, անգամ որոշ պաշտոնյաներ չէին հավատում՝ ասելով, թե դա իբր Ռուբեն Հայրապետյանի հավաքականն է: Իսկ հիմա՞, համենայնդեպս, վերջին վեց-յոթ ամսում ես հասա այն բանին, որ այսօր ամեն ոք արդեն հպարտանում է ու հայտարարում. սա իմ հավաքականն է, իմ երկրի հավաքականը: Իսկ գիտե՞ք, թե ինձ ինչ են ասում. «Հավաքականը մերն է, ու՝ մեր նշանակած մենեջերը: Ուրեմն խնդիրները լուծիր»: Այ սա է ճիշտը եւ այսպես պիտի լինի:
շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել