Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԻԵՎԸ ՍԿՍԵԼ Է ՓՈՂ ՀԱՎԱՔԵԼ

Ապրիլ 20,2011 00:00

\"\"Ապրիլի 19-ից Ուկրաինայում մեկնարկել են Չեռնոբիլի ատոմակայանի միջուկային աղետի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Դրանց մասնակցելու է տարբեր երկրների ավելի քան 50 պատվիրակություն:
Մասնավորապես, մինչեւ ապրիլի 22-ը Կիեւում չեռնոբիլյան աղետին նվիրված գագաթաժողով է լինելու, որին մասնակցելու են Միացյալ Նահանգների, Եվրամիության, Ռուսաստանի ներկայացուցիչները, Արեւելյան Եվրոպայի երկրների ղեկավարները: Նախօրեին արդեն սկսել են Ուկրաինա ժամանել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, առաջիններից մեկը եղել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն:
Միջոցառումների շարքում առանցքային է եղել երեքշաբթի օրը կայանալիք միջազգային դոնորների հավաքը, որի մասնակիցները պատրաստվում են ֆինանսավորել վնասված ռեակտորի շուրջ տարվող աշխատանքները՝ դրանք ավարտին հասցնելու համար:
Չնայած 1986 թվականին տեղի ունեցած աղետից հետո Չեռնոբիլի ատոմակայանը կանգնեցվել է, սակայն մինչ օրս կառուցված չէ այն արտաքին աշխարհից մեկուսացնող սարկոֆագը: Դրա կառուցման համար Ուկրաինային 740 միլիոն եվրո է անհրաժեշտ, որը հանգանակելու հնարավորություններն էլ քննարկվելու են դոնորների հավաքի ժամանակ:
Ակնկալվում է, որ սարկոֆագը կկառուցվի մինչեւ 2015 թվականը: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն, ով արդեն իսկ Ուկրաինայում է, հայտարարել է, որ Եվրամիությունը լրացուցիչ միջոցներ կհատկացնի Չեռնոբիլի ատոմակայանի համար պաշտպանիչ սարկոֆագի կառուցմանը: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպման ժամանակ Բարոզուն հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է 110 միլիոն եվրո հատկացնել շինարարությանը:
«Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, երեկ դոնորների հավաքին Մեծ ութնյակի երկրները հայտարարելու էին շուրջ 332 միլիոն եվրո ընդհանուր ներդրում կատարելու մասին: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս արդեն իսկ Մեծ ութնյակի անդամներից 5-ը հաստատել է իր կողմից տրամադրվելիք գումարների չափը. Ֆրանսիան պատրաստ է հատկացնել 47 միլիոն, Գերմանիան՝ 42.5, Մեծ Բրիտանիան՝ 34, Միացյալ Նահանգները՝ 86, իսկ Ռուսաստանը՝ 45 միլիոն եվրո: Բացի այդ, Իտալիան հնարավոր է համարում 26 միլիոն հատկացնել, Ճապոնիան՝ 30, իսկ Կանադան՝ 21 միլիոն եվրո:
Մեծ ութնյակի կազմում չգտնվող երկրները եւս ֆինանսավորման պատրաստակամություն են հայտնել. այդ երկրների թվում են Ֆինլանդիան, Շվեդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Կորեան, Քաթարը:
Ուկրաինան պատրաստ է 29 միլիոն եվրո հատկացնել:
Առնվազն 120 միլիոն խոստացել է նաեւ Եվրոպայի զագացման եւ վերակառուցման բանկը: Ավելի վաղ Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխարդյունաբերության նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան մտադիր է 1.5 միլիարդ դոլար ծախսել՝ մինչեւ 2017 թվականը ատոմային էներգաբլոկների անվտանգության մակարդակը բարձրացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել