Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիգերիայում զանգվածային հուզումներ են սկսվել

Ապրիլ 20,2011 00:00

\"\"Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը (նկարում) երկրի՝ հիմնականում մահմեդականներով բնակեցված հյուսիսում ապրող քաղաքացիներին կոչ է արել դադարեցնել անկարգություններն ու բռնությունները, որոնք հաջորդել են նախագահական ընտրություններին:
BBC-ի փոխանցմամբ, Նիգերիայի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, թե ապրիլի 16-ին տեղի ունեցած ընտրություններում 57 տոկոս քվեով հաղթանակ է տարել երկրի գործող նախագահը: Այդ հայտարարությունից հետո ընդդիմության պատվարը համարվող երկրի հյուսիսում սկսել են զանգվածային հուզումներ:
Օտարերկրյա մեկնաբանները պնդում են, թե ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են ազատ եւ արդար, սակայն Ջոնաթանի հիմնական մրցակից, գեներալ Մուհամմադ Բուխարիի կողմնակիցները վստահ են, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են:
Կարմիր խաչի ներկայացուցիչները հաղորդում են, որ ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիների ու տեղի ոստիկանության միջեւ բախումները հանգեցրել են բազմաթիվ զոհերի:
Աղբյուրի մատուցմամբ, Նիգերիայի հյուսիսային Կանո եւ Կադունա քաղաքներում հարձակումների են ենթարկվել գործող նախագահ Ջոնաթանի՝ ծնունդով երկրի հարավից եւ քրիստոնյա կողմնակիցների տները: Կանոյում, որը Նիգերիայի ամենախոշոր քաղաքն է, ամբոխը այրել է այն տները, որոնց պատերին կախված են եղել Ջոնաթանի նկարները: Փողոցներ դուրս եկած երիտասարդները վանկարկել են «Միայն Բուխարին» կարգախոսը:
Ինքը՝ գեներալ Բուխարին, առայժմ չի մեկնաբանել տեղի ունեցող իրադարձությունները, բայց հայտարարել է, թե իր վրա քաղաքական լուրջ ճնշումներ են գործադրվում, նաեւ դատապարտել է տեղի ունեցող բռնությունները: Նա հանդես է եկել հայտարարությամբ՝ քաղաքական բոլոր գործիչներին կոչ անելով դիմել իրենց կողմնակիցներին՝ դադարեցնելու անկարգությունները: «Քաղաքական հավակնությունները չարժեն նույնիսկ մեկ նիգերիացու արյունը»,- հայտարարել է ընդդիմադիր գործիչը:
Իսկ Կադունայում տեղի անվտանգության ուժերի եւ երիտասարդ ցուցարարների միջեւ բախումների ընթացքում իշխանությունները արցունքաբեր գազ են կիրառել, նաեւ կրակել են ցուցարարների վրա, հայտարարվել է շուրջօրյա պարետային ժամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել