Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԿՐԱԿԵԼ ԵՆ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԵՐԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎՐԱ

Ապրիլ 20,2011 00:00

\"\"Սիրիայի անվտանգության ուժերը կրակ են բացել Խոմս քաղաքում բողոքի գիշերային երթի մասնակիցների վրա, որը տեղի է ունեցել՝ չնայած իշխանությունների կողմից սպառնալիքներին: Այդ մասին երեքշաբթի օրը հաղորդել է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի իրավապաշտպաններին:
Ոստիկանության ներկայացուցիչը բարձրախոսով դիմել է քաղաքի հրապարակում հավաքվածներին՝ փորձելով համոզել վերջիններիս ցրվել, որից հետո անվտանգության ուժերը կրակ են բացել մարդկանց ուղղությամբ, գործի է դրվել նաեւ արցունքաբեր գազ: Արդյունքում՝ ցույցի մասնակիցներից մեկը վիրավորվել է:
Բողոքի ցույցը տեղի է ունեցել ազատությունների ընդլայնման եւ երկրի նախագահ Բաշար ալ-Ասսադի հրաժարականի պահանջով: Այդ պահանջներով ցույցերը Սիրիայում ընթանում են արդեն ավելի քան երեք շաբաթ:
Իշխանությունները բողոքի ակցիաները որակում են «խռովություն» եւ դրա կազմակերպման մեջ մեղադրում են զինված խմբավորումներին, այդ թվում՝ մահմեդական սալաֆիտներին: Սիրիայի իրավապաշտպանների տվյալներով, զանգվածային հուզումների ծավալումից ի վեր երկրում զոհվել է ավելի քան 200 մարդ: Երկրի բնակիչներին հանգստացնել չի հաջողվել նույնիսկ նախագահ Ասսադին, որը խոստացել էր չեղյալ հայտարարել շուրջ կես դար առաջ երկրում մտցված արտակարգ իրավիճակը եւ լուծարել կառավարությունը:
Մարտին երկրում սկսված անկարգություններից հետո իշխանությունները արգելել էին անկախ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին գնալ Խոմս եւ այլ քաղաքներ, իսկ լրագրողներից մի քանիսը ձերբակալվել կամ վտարվել էին երկրից: Իշխանությունները երկրում ծավալվող բողոքի ցույցերի թիկունքում տեսնում են օտարերկրյա պետությունների միջամտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել