Ռումինիայի կրթության, գիտության, երիտասարդության եւ սպորտի նախարար Դանիել Ֆուներիուի հրավերով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 20-22-ը պաշտոնական այցով կգտնվի Ռումինիայում: Ըստ edu.am -ի, այցի ընթացքում նախարարը պաշտոնական հանդիպում կունենա Ռումինիայի իր պաշտոնակցի, Գիտական հետազոտությունների ազգային մարմնի նախագահ Դրագոշ Չուպարուի հետ: Կստորագրվի «Գիտական եւ տեխնոլոգիական համագործակցության համաձայնագիր»:
Նախարար Արմեն Աշոտյանը կայցելի Բուխարեստի համալսարան եւ հանդիպում կունենա ռեկտոր Ֆլորիան Պոպայի հետ, ինչպես նաեւ Բուխարեստի Կարոլ Դավիլա բժշկական եւ դեղագործական համալսարանում կհանդիպի ռեկտոր Իոան Պընզարուի հետ: Նախատեսված է նաեւ այցելություն Ռումինիայի խորհրդարան եւ հանդիպում Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանի հետ: Այցի շրջանակում նախարարը կհանդիպի Ռումինահայոց թեմի առաջնորդ Տաթեւ վարդապետ Հակոբյանի եւ Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի, Բուխարեստի միօրյա դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների, Ռումինիայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ, ինչպես նաեւ կայցելի Հայոց թանգարան, Մշակույթի տուն, «Արարատ» եւ «Նոր կյանք» պարբերականներ: