Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ՝ ԸՍՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ

Ապրիլ 20,2011 00:00

\"\"Երեւանյան հաշվառում չունեն նախադպրոցական հաստատություններ հաճախող 2168 երեխա

Երեւանի քաղաքապետարանը վերջերս մեղմացրեց ավագանու այն որոշումը, ըստ որի՝ մարզային գրանցում ունեցող երեխաները պետք է 18000 դրամ վճարեին մանկապարտեզի համար: Ներկայումս նրանք վճարում են ընդամենը 8000 դրամ, իսկ երեւանցիների համար մանկապարտեզներն անվճար են:
«Առավոտը» հարզախույզ իրականացրեց մանկապարտեզների շրջանում՝ պարզելու, թե ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել երեխաների թիվը՝ կախված վերջին «զարգացումներից»:
Օրինակ՝ Էրեբունի համայնքի Ջրաշենի մանկապարտեզն ընդամենը մի երեխա է «կորցրել»: Տնօրեն Լուսինե Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ վարձերի հետ կապված փոփոխությունները մեծ ագրեսիա են առաջացրել ծնողների շրջանում. «Սկզբից շատ ագրեսիվ ընդունեցին 18000 դրամ վճարելու փաստը: Գուցե այն պատճառով, որ դժվար էր այդքան գումար հատկացնել միայն երեխայի մանկապարտեզ հաճախելու համար: Բայց կրքերը հանդարտվեցին հետագա փոփոխություններից հետո: Մի երեխա մեր մանկապարտեզից դուրս մնաց, որովհետեւ ծնողներն ի վիճակի չէին անգամ 8000 դրամը վճարել»:
Արաբկիր համայնքի նախկին թիվ 39, ներկայիս թիվ 23 մանկապարտեզի՝ արտասահմանյան գրանցում ունեցողները պատրաստակամ են 18 000 դրամ վարձ վճարել: Տնօրեն Աստղիկ Հովիկյանն ասաց, որ, ի տարբերություն մարզաբնակների, արտասահմանցի ծնողները չեն նեղվում, քանի որ ֆինանսական խնդիրներ չունեն: Այս մանկապարտեզում կորուստներ չեն ունեցել, երեխաների մեծ մասն էլ Երեւանի հաշվառում ունի, 2 երեխա էլ մասնավոր մանկապարտեզից է տեղափոխվել:
Աջափնյակ համայնքի թիվ 107 մանկապարտեզի տնօրեն Ամալյա Ավդալյանի փոխանցմամբ, իրենք եւս որեւէ խնդիր չունեն. «Ես երբեք բողոքներ չեմ ստացել. մեր երեխաները պատրաստ են հաճախել մանկապարտեզ՝ որքան էլ լինի վարձը»:
Նույն համայնքի թիվ 265 մանկապարտեզի տնօրեն Գայանե Աղաբեկյանի փոխանցմամբ, երկու երեխա դուրս է եկել մանկապարտեզից, սակայն կրկին վերադարձել է, երբ մարզային գրանցում ունեցողների համար վարձը 8000 դրամ է հաստատվել:
Կենտրոն համայնքի նախկին թիվ 19, այժմ 3-րդ մանկապարտեզի տնօրեն Ժաննա Թադեւոսյանը նշում է. «Ինչո՞ւ պիտի մարզի բնակիչը Երեւանի բյուջեի հաշվին անվճար այցելի մանկապարտեզ: Թող այնտեղ իրենց գյուղապետ-քաղաքապետերը որոշում կայացնեն ու իրենց մանապարտեզներն անվճար դարձնեն»: Այս մանկապարտեզում ընդամենը 3 «մարզային» երեխա կա:
Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին 128, ներկայիս 149-րդ մանկապարտեզի տնօրեն Էլինա Տերյանն էլ նշում է, որ համայնքում սոցիալապես անապահով խավն ավելի շատ է եւ ծնողների մեծ մասը կհրաժարվեր, եթե վճարը մնար 18000 դրամ. «Նախկինում անգամ 4000 դրամի պայմաններում չէին կարողանում մուծել»: Իրենց մանկապարտեզ էլ ընդամենը 3 երեխա է վճարովի այցելում:
Նշենք, որ օրերս կայացած ասուլիսում քաղաքապետարանի նախադպրոցական կրթության վարչության գլխավոր մասնագետ Արմենուհի Գաբրիելյանը կանխատեսել էր, թե առաջիկայում Երեւանում կգրանցվի նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների թվի 2%-անոց աճ: Նա նաեւ շեշտել էր, որ Երեւանում հաշվառում չունեցող երեխաների նախադպրոցական կրթության ամսական 8000 դրամ վճարը փոփոխման ենթակա չէ, իսկ ապրիլի 1-ից սկսած, մանկապարտեզներում ծնողների հետ նախապես համաձայնեցնելով գումար է հավաքագրվել միայն լրացուցիչ կրթական ծառայությունների համար, օրինակ՝ անգլերեն, ռուսերեն լեզուների պարապմունքներ: Քաղաքապետարանի տվյալների համաձայն՝ 2011թ. մարտի 1-ի դրությամբ Երեւանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում հաշվառվել է մոտ 25 000 երեխա, որից հաշվառում չունի 2168-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել