Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սոված մարդկանց չեն մերժում

Ապրիլ 20,2011 00:00

Չնայած նրանց հետ երբեմն խնդիրներ են ունենում

85-ամյա տիկին Ելենան մոտ 10 տարի է՝ օգտվում է «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության Նոր Նորքում գտնվող ճաշարանից: Այստեղ նրան տրված օրական 1 ափսե ապուրն ու փլավը նրա ամբողջ օրվա ուտելիքն է: Նա ճաշարան է գալիս բոլորից ուշ, ասում է, որ պատճառն իր մեջ է. «Ես լավ չեմ տեսնում: Ամեն ոտքիս մի կոշիկ եմ հագնում, երեխաները ծիծաղում են, բայց, ախր, չեմ տեսնում: Դրա համար էլ չեմ ուզում որեւէ մեկի կողքին նստել: Գալիս եմ ուշ ժամի ու առանձին տեղ իմ հացն ուտում»: Նա իսկապես ճաշարան էր եկել ոտքերին տարբեր կոշիկներ հագած: «Առաքելություն Հայաստանի» Նոր Նորքի համայնքային կենտրոնի տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանը, որը պատասխանատու է նաեւ ճաշարանի համար, ասաց, որ իրենք բազմիցս են փորձել տիկնոջն օգնել, տանել բաղնիք, հագուստ են տվել, սակայն. «Մեր տված հագուստը տանում է, հետո հետ է բերում՝ ասելով, որ այն իրեն անարժան հագուստ է: Ուզում էինք բաղնիք տանել, բայց նեղացավ մեզնից: Փորձում ենք ասել, որ կոշիկները ճիշտ հագնի, սակայն կռվում է, ասում՝ ի՞նչ գործ ունեք իմ հագածի հետ: Մի քանի անգամ նրա տունը մաքրել են, որն ամբողջությամբ աղբով է լցված: Նրա հետ շատ դժվար է աշխատել, իսկ մենք նման շահառուներ շատ ունենք, որոնք որպես հոգեկան հիվանդներ հաշվառված չեն, սակայն ունեն հոգեկան խնդիրներ: Մենք չպետք է աշխատենք նրանց հետ, սակայն ինչպե՞ս մերժենք, չէ՞ որ նրանք սոված են»:
Երեկ այս կազմակերպության ճաշարաններում պատրաստվել էր ոլոռով ապուր եւ հարիսա: Դրանց որակից շահառուներից ոչ մեկը չէր դժգոհում, ընդհակառակը, շատ գոհ էին եւ ասում էին, որ իրենց տանն էլ նման կերպ կպատրաստեին, եթե հնարավորություն ունենային: Բոլոր շահառուներին 400 գրամ ապուր եւ մոտ այդքան էլ փլավ էին տալիս: Այս չափաքանակները, ինչպես նաեւ ճաշատեսակների մենյուն նախապատրաստվում է նախօրոք եւ սեզոնին համապատասխան:
Երեկ մենք այցելեցինք նաեւ «Առաքելություն Հայաստանի» Աջափնյակի ճաշարան: Ի դեպ, «Առավոտն» այս ճաշարանից օգտվող Անահիտ Հովհաննիսյանի բողոքի հիման վրա հոդված էր հրապարակել (09.04.2011, «Մի աման ճաշ են տալիս, քթի՞ց են բերում»):
Այստեղ շահառուներ արդեն չկային, նրանք ճաշել-հեռացել էին, իսկ ճաշարանի աշխատակիցները մաքրություն էին անում: Խոհարար Թագուհի Մովսիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք որեւէ շահառուի հետ խնդիր չունեն. «Ինչ վերաբերում է Անահիտին, մենք նրա հետ էլ երբեւէ որեւէ խնդիր չենք ունեցել: Նրանից դժգոհել են շահառուները, որ բարձր է խոսում»: Այս ճաշարանը, ի տարբերություն Նոր Նորքի ճաշարանի, բավականին բարվոք վիճակում էր՝ վերանորոգված:
Երբ ճաշարանից դուրս էինք գալիս, եկավ Անահիտ Հովհաննիսյանը՝ բերելով Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարությունից իրեն տրված դիմումը, որում գրված էր, որ տիկին Անահիտի դժգոհությունները չեն համապատասխանում իրականությանը, սակայն հաշվի առնելով նրա սոցիալապես անապահով լինելը՝ իրենք կդիմեն «Առաքելություն Հայաստան» կազմակերպություն, որպեսզի վերջինները վերականգնեն տիկին Անահիտի ճաշարանից օգտվելու իրավունքը: Նա հայտարարեց, որ ցանկանում է այսուհետեւ իր ճաշը տուն տանել, որպեսզի խնդիրներ չլինեն: Արդեն հետո կազմակերպության ղեկավար Հռիփսիմե Կիրակոսյանը հավաստիացրեց, որ տիկին Անահիտը կարող է օգտվել իրենց ճաշարանից:
Հիշեցնենք, որ մարտի 24-ից 63-ամյա միայնակ եւ անժառանգ թոշակառու Անահիտ Հովհաննիսյանին չեն թողնում օգտվել իր համար միակ սնվելու վայրից՝ «Առաքելություն Հայաստան» կազմակերպության բարեգործական ճաշարանից: Այդ ամենի համար հիմք է հանդիսացել այն, որ նա կոնֆլիկտային իրավիճակ էր ստեղծել ճաշարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել