Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԶԼՄ-ՆԵՐԸ ԿԳՐԱՔՆՆՎԵՆ

Ապրիլ 20,2011 00:00

Լրատվամիջոցների մասին նոր օրենքը ուժի մեջ մտնելուց հետո, եվրաընտանիքի անդամ Հունգարիայում վիճակը շատ ավելի վատ է լինելու,  քան հետխորհրդային շատ ու շատ երկրներում:

\"\" 
Ռ. Ֆյոկելը նոր օրենքի ընդդիմադիրներից է:

\"\"
«Ժողովրդի կամք» թերթի փոխխմբագիր Գեյբոր Հորվարդը թեեւ օրենքին դեմ է, բայց ցույցերի չի գնում:

Հունգարիայում լույս տեսնող «Ժողովրդի կամք» օրաթերթն իր համարներից մեկի առաջին էջում մեծ-մեծ տառերով գրել է՝ խոսքի ազատությունը վտանգված է:
Հունգարիայի Հանրային ռադիոյի առավոտյան ծրագրի խմբագիր Ժոելտ Բոգարն էլ 1 րոպե լռությամբ ուղիղ եթերը բոյկոտել է, որից հետո տնօրինությունը նրան որոշ ժամանակով ընդհանրապես զրկել է խոսքի իրավունքից՝ ներքին կանոնադրությունը խախտելու համար: Այդ կերպ այս լրատվամիջոցներն իրենց բողոքն են արտահայտել 2010 թվականի դեկտեմբերին Հունգարիայի խորհրդարանի կողմից զանգվածային լրատվության մասին օրենքում կատարված փոփոխությունների դեմ: Այն ուժի մեջ է մտնելու այս տարվա հուլիսի 1-ից: Այսինքն՝ ճիշտ այն ժամանակ, երբ Եվրամիությունում ավարտվելու է Հունգարիայի նախագահության ժամկետը: Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո Եվրամիության անդամ Հունգարիայում ԶԼՄ-ների վիճակն ավելի վատ է լինելու, քան հետխորհրդային շատ երկրներում:
Ապրիլի 10-16-ը «Եվրոպական հարեւանության լրագրողական ցանց» կազմակերպության նախաձեռնությամբ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ այցելած հայ, վրացի եւ ադրբեջանցի լրագրողներս մամուլի ազատության թեմայով մի շարք հանդիպումներ ունեցանք հասարակական կազմակերպությունների, Հունգարիայի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
Լրատվամիջոցների ներկայացուցիչները համոզված են, որ օրենքի ընդունումից հետո Հունգարիայում խոսքի ազատությունը վտանգված է: ԶԼՄ նոր օրենքի վերաբերյալ իրենց դժգոհությունն են արտահայտել նաեւ եվրոպական կառույցները. նրանց գնահատմամբ, նոր օրենքն այս երկրում վտանգի տակ է դնելու նաեւ ժողովրդավարական գործընթացները: Այդուհանդերձ, եվրակոմիսարները որեւէ ազդեցություն չեն կարողացել ունենալ ազատ խոսքը զսպելու փորձ անող Հունգարիայի իշխանությունների վրա: Միակ փոխզիջումը, որ արել է Հունգարիայի խորհրդարանը, այն է եղել, որ օրենքի 4 հոդվածներում որոշ փոփոխություններ է կատարել, սակայն այդ նույնպես չի գոհացրել թե՛ Եվրամիությանը եւ թե՛ հունգարական ԶԼՄ-ներին, որոնք խորհրդարանից պահանջում են ամբողջությամբ վերանայել օրենքը:
Նոր օրենքի շրջանակներում ստեղծվելու է 5 անդամից բաղկացած մամուլի խորհուրդ, որը գործելու է 9 տարով: Խորհրդի անդամներին եւ նախագահին ընտրելու է խորհրդարանը:
Փորձագետների մեկնաբանմամբ, այդ կերպ իշխող կուսակցություն «Ֆիդեսը» օրենքով փորձ է անում վերահսկել ԶԼՄ-ների գործունեությունը: Եվ քանի որ օրեցօր մեծանում է այս երկրի բյուջեի դեֆիցիտը, հարկերն էլ գնալով բարձրանում են, ապա, ըստ փորձագետների, սա իշխանությունների համար ամենահարմար մեթոդն է քննադատություններից զերծ մնալու եւ ժողովրդի աչքին թոզ փչելու համար:
Այս առնչությամբ, ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով զեկուցող Միկլոս Հարաշտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Ես վստահ եմ, որ այս օրենքը Հունգարիայում վտանգի տակ է դնելու ժողովրդական գործընթացները: Կենտրոնացնել լրատվական դաշտը՝ կնշանակի լրատվամիջոցներին զրկել խոսքի ազատությունից, եւ սա տարածվելու է ոչ միայն հեռարձակվող լրատվամիջոցների վրա, այլ նաեւ մամուլն է սնվելու մեկ կենտրոնական աղբյուրից»:
Նոր օրենքը դեռեւս չի գործում, սակայն շատ լրատվամիջոցների ղեկավարներ արդեն իսկ խուսափում են իշխանությունների հասցեին քննադատական հոդվածներ հրապարակել: Նրանք անգամ ռիսկ չեն անում մասնակցել Բուդապեշտում նոր օրենքի դեմ այս օրերին կազմակերպվող բողոքի ակցիաներին: Նրանք վստահ են, որ հուլիսի 1-ից հետո իշխանությունները անպայման հաշվեհարդար կտեսնեն իրենց հետ: Ի դեպ, բոլորովին պարտադիր չէ, որ կոնկրետ անձը բողոք ներկայացնի այս կամ այն հոդվածի դեմ. նյութը հրապարակվելուց հետո մամուլի խորհուրդն այն, այսպես ասած, գրաքննության է ենթարկելու եւ եթե որոշի, որ այս կամ այն լրատվամիջոցը խախտել է օրենքը, ապա ԶԼՄ-ներին խոշոր տուգանքներ են սպասվում: Տուգանքի առավելագույն չափը 50 հազար եվրո է: Ինչը, լրատվամիջոցների ղեկավարներին եւ ԶԼՄ-ներին սատարող կազմակերպությունների կարծիքով, մեծ վնասներ կհասցնի լրատվամիջոցներին, որոնք պարզապես կսնանկանան եւ կդադարեցնեն իրենց գործունեությունը:
Նոր օրենքի ընդդիմադիրներից է նախկին զինվորական Ռոբերտ Ֆյոկելը: Նա որոշել է իր ընկերների հետ միասին պայքարել այդ օրենքի դեմ: Պարոն Ֆյոկելը «Facebook» սոցիալական ցանցի միջոցով կոչ է արել մարդկանց մասնակցել բողոքի ակցիաներին: Նա հիասթափություն է ապրել, երբ այդ ցույցերին շատ քիչ թվով՝ մոտ 1000 մարդ է մասնակցել. «Իրականում ավելի շատ մարդիկ են ցանկություն հայտնում մասնակցելու բողոքի ակցիաներին, սակայն նրանք վախենում են կորցնել իրենց աշխատանքը»:
Ռոբերտ Ֆյոկելի կազմակերպած բողոքի ակցիան որեւէ հեռուստաընկերությունով եթեր չի հեռարձակվել: Նրա խոսքերով. «Շատ լրագրողներ խիստ դժգոհ են այս նոր օրենքից, սակայն որեւէ մեկը ռիսկ չի անում միանալ մեր ակցիաներին: Իսկ հեռուստաընկերություններն ուղղակի վերածվել են իշխանության գովքը անող ԶԼՄ-ների»:
Լրագրողներից մեկի հարցին, թե, այնուամենայնիվ, Հունգարիայում կա՞ ազատ մամուլ, Բուդապեշտի բիզնես-դպրոցի ուսուցիչ Փիթեր Լազարը պատասխանեց. «Վերջերս Հունգարիայում էլ ավանդույթ է ձեւավորվում, որ լրատվամիջոցներն անցնում են օլիգարխների ձեռքը, իսկ դա նշանակում է, որ նրանք այլեւս չեն կարող ազատ լինել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել