Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶԱՏԿԻ ՏՈՆԻՆ ՁՈՒՆ ՉԻ ԹԱՆԿԱՆԱ

Ապրիլ 20,2011 00:00

«Առաջիկա Զատկի տոնին ձվի շուկայում գնի եւ ծավալի կտրուկ փոփոխություն չի լինի»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սպառողների ազգային ասոցիացիայի» հետազոտությունների բաժնի պետ Ֆրունզե Հայթյանը: Ըստ ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի էլ, անցյալ տարի ձուն ինքնարժեքից ցածր գնով իրացվեց, ինչի հետեւանքով հարյուրավոր մանր ու միջին ձու արտադրողներ դուրս եկան շուկայից՝ չդիմանալով մրցակցությանը: Նրա հավաստմամբ, «Արզնի», «Արաքս» եւ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկաները պայմանավորվել են, որ շուկա կհանեն արտադրված ձվի ողջ ծավալը: Զատկին մենք կունենանք մոտ 1 միլիոն ձվի պակաս, որը կներկրեն եւ շուկա կհանեն պահուստային ֆոնդից. «Մարդիկ ոչ մի խնդիր չեն ունենա»,- ասաց տիկին Մելիտան:
Ասուլիսին ներկա «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկայի շահերի պաշտպան Իրինա Հակոբյանի խոսքերով էլ. «Ըստ մեր տվյալների, Զատկի նախաշեմին ձվի դեֆիցիտ չի նախատեսվում մեր կողմից, մինչեւ նոր տարի ձվի արտադրությունը նույնիսկ կկրկնապատկվի: Այսօրվա դրությամբ օրական միջինը արտադրում ենք 100 հազար ձու: Մեկ ձվի ինքնարժեքը 37-38 դրամ է, գինը մնալու է կայուն»:
Մ. Հակոբյանը համոզված է, որ կամայականությունը շատ դեպքերում կատարվում է տնտեսվարող սուբյեկտների կողմից. «Տեսնում են՝ Զատիկ է, հատկապես ծայրամասերում, ասում են՝ լավ ա, էլի, որ մի քիչ էլ ավել գնով ծախենք, մարդիկ կառնեն: Բայց մենք համարյա բոլոր սուպերմարկետների տնօրեններին, մանր ու միջին խանութներին զգուշացրել ենք՝ եթե մի տեղ հանկարծ խախտում տեսնենք, հաստատ Տնտեսական մրցակցության հանձնաժողովի հետ հենց խանութի տիրոջը կպատժենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել