Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գագարինը» Երեւանում է

Ապրիլ 20,2011 00:00

Երեկ Մոսկվայից Երեւան հասավ «Արմավիա» ավիաընկերության առաջին «Sukhoi Superjet 100» ինքնաթիռը՝ 24 մլն դոլար արժողությամբ եւ «Յուրի Գագարին» անունով: Աշխարհում առաջին «Sukhoi Superjet 100» ինքնաթիռը թողարկվել է 2007թ.-ին, բայց միայն 2011-ի փետրվարին է Միջազգային ավիացիոն կոմիտեն հավաստագրել այս ինքնաթիռը: «Յուրի Գագարինը» ռուսական «Sukhoi» գործարանի առաջին արտադրանքն է, եւ ընդհանրապես, այն համարվում է ռուսական (ոչ սովետական) առաջին ինքնաթիռը: «Արմավիան» նախատեսել է այս տարվա ընթացքում ձեռք բերել եւս մեկ «Sukhoi Superjet 100» ինքնաթիռ, իսկ հետագա տարիներին՝ էլի մի քանիսը:
Ինքնաթիռի «շնորհանդեսին» ներկա էին անձամբ ՌԴ տրանսպորտի նախարարը՝ Իգոր Լեւիտինը, ՀՀ եւ ՌԴ նախագահների աշխատակազմերի ղեկավարներ Կարեն Կարապետյանը եւ Սերգեյ Նարիշկինը, ինչպես նաեւ «Sukhoi» ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանը:
Մինչ «Sukhoi Superjet 100»-ի Երեւան գալը՝ հայաստանյան մամուլը հեղեղված էր հոդվածներով, թե այս ինքնաթիռի տեխնիկական վիճակը բավարար չէ, ինքնաթիռը նորմալ փորձարկումներ չի անցել եւ այլն: «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն արդեն հասցրել էր հերքել եւ «հերյուրանքներ ու չարակամություն» որակել այս կարգի «տեղեկությունները», երեկ մեկ անգամ եւս նման լուրերը «անհիմն» որակեց «Արմավիայի» գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը. «Տեխնիկական վիճակը շատ լավ է, ինքնաթիռը մի քանի անգամ փորձարկված է: Այդ ամենը միայն խոսակցություններ են՝ առանց որեւէ հիմքի»:
Ինքնաթիռը 98 տեղանոց է եւ սպասարկելու է հիմնականում դեպի Ռուսաստան եւ Ուկրաինա թռիչքները: «Արմավիայի» անձնակազմի 12 անդամ վերապատրաստվել է «Sukhoi Superjet 100»-ի թռիչքներն ապահովելու համար: Ինչպես տեղեկացրեց Միխայիլ Բաղդասարովը՝ «Sukhoi Superjet 100»-ի առավելությունն այն է, որ այն, ավելի հզոր լինելով «Airbus» եւ «Boing» ինքնաթիռներից, միեւնույն ժամանակ ավելի քիչ վառելիք է ծախսում: Իսկ դա, հավանաբար, թույլ կտա «Sukhoi Superjet 100» օդանավի տոմսերի գները մոտավորապես 15-20%-ով նվազեցնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել