Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեր պաշտոններից պետք է ամաչենք»

Ապրիլ 20,2011 00:00

Թուրք լրագրողները՝ Ցեղասպանության տարիներին սպանված հայ լրագրողների մասին
«Հայ լրագրողները ոչ միայն հայ, այլեւ թուրքական մամուլում են մեծ դեր ունեցել: Բազմաթիվ հայ աշխատողներ են եղել նաեւ տպարաններում եւ այլուր: Հայ մամուլի առաջնորդներից գրող, լրագրող Գրիգոր Զոհրապին, թուրքական հեղինակավոր «Սաբահ» թերթի խմբագիր Տիրան Քելեկյանին, հայ խմբագիր, հրատարակիչ Գրիգոր Թորոսյանին, «Ազատամարտ» լրագրի բոլոր հայ աշխատակիցներին, այդ թվում նաեւ ընդամենը թեյ մատուցողներին աքսորեցին ու հետո նաեւ սպանեցին: Այսօր հարցրեք ներկայիս «Սաբահի» լրագրողներին՝ ոչ ոք այդ մասին տեղյակ չէ: Մենք այնպիսի ժողովուրդ ենք, որ մարդու արժեքը հասկանում ենք միայն նրան կորցնելուց հետո: Ինչո՞ւ ենք այսօր հիշում բոլոր սպանված լրագրողներին, բայց հայերին՝ մոռանում, հայ լինելու հանգամանքը չպետք է նման վերաբերմունքի պատճառ լինի»,- երեկ Ստամբուլում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մեկ առ մեկ հիշատակելով 1915 թվականին նահատակված հայ լրագրողների անունները, հարցնում էր «Բելգե» հրատարակչության հիմնադիր, թուրք գրող, մարդու իրավունքների պաշտպան Րակըպ Զարակօղլուն: Նրա խոսքով, այն ժամանակ Թուրքիայում լրագրողներին սպանում էին, այժմ բավարարվում են դատական գործեր հարուցելով, Թուրքիայում առաջընթացն առայժմ այսպես է արտահայտվում. «Թուրքիայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ թշնամանք կա, եւ իրականությունն այն է, որ մենք այսօր 1915թ. սպանված լրագրողների մասին ոչինչ չգիտենք: Հայերի մասին այս իրականությունը պետք է ի հայտ գա, այլապես մենք մեր պաշտոններից պետք է ամաչենք»:
Օրերս «Ինտերնյուս» ՀԿ-ի եւ թուրքական «GPOT» կենտրոնի կողմից կազմակերպված հայ-թուրքական երկխոսության ծրագրի շրջանակում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նույնը փաստեց նաեւ «Today\’s Zaman» օրաթերթի խմբագիր Ջելիլ Սայիրը: Նա նշեց, որ այսօր Թուրքիայում կա լրագրող, որի դեմ 61 դատական հայց կա: Թուրքիայում գործող երկու լրագրողական կազմակերպություն կա՝ «Թուրքիայի լրագրողների կազմակերպությունը» եւ «Ժամանակակից լրագրողների միությունը»: Վերջինս մի քանի շաբաթ առաջ հիշել էր Ցեղասպանության տարիներին սպանված 9 հայ լրագրողներին եւ գրողներին եւ նրանց անունները ներառել «Թուրքիայում սպանված լրագրողների ցուցակում»: Մինչ այդ միայն Հրանտ Դինքի անունն էր եղել, իսկ մնացածներինը նույնիսկ ինտերնետում չկային: Երեկվա ասուլիսում «Ակոսի» ներկայիս խմբագիր Ռոբեր Կորտաշը հայտարարեց. «Ինչպես կուզեք անվանեք 1915թ. դեպքերը, բայց հիշեք, որ այդ ժամանակ հարյուրավոր մտավորականներ ձերբակալվեցին եւ սպանվեցին: Թուրք հասարակությունն այդ դեպքերին մինչեւ վերջերս տեղյակ չէր կամ չէր բարձրաձայնում, Հրանտ Դինքի ջանքերով հասարակությունը շատ բան իմացավ»:
Թուրք լրագրող Բյուլենտ Տելանը Ցեղասպանության ժամանակ սպանված հայ լրագրողների մասին աշխատություն ունի, բայց «Թուրքիայի լրագրողների միությունը» չէր արձագանքել՝ պնդելով, որ աշխատության մեջ հայ լրագրողների կյանքի մասին ոչինչ գրված չէ: Թուրք մեկնաբան Ալի Բայրամօղլուն էլ հավելեց. «Այսօր Թուրքիայի համալսարաններում 1915-ի դեպքերի մասին արդեն խոսում են, եւ նույնիսկ եղեռնի մասին տեղյակ չլինելը ընդունելի չէ: Թուրքիան ավելի դեմոկրատ պետք է դառնա միայն այս կերպ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել