Մսամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները պատահաբար, թյուրիմացաբար եւ միամտաբար Ամանորին վաճառքի են հանել երշիկներ, որոնց վրա բացակայել են արտադրման եւ պիտանելիության ժամկետները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք «Առավոտի» երեկվա համարում՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախօրեին կայացրած որոշմամբ մսամթերք արտադրող 11 ընկերությունների 500-հազարական դրամով տուգանեց: Պատճառն այն էր, որ այդ ընկերությունները Ամանորի տոնական օրերին, ամենայն հավանականությամբ, սպառողների վրա «սաղացրել» էին իրենց հնացած ու ժամկետանց արտադրանքը: Տուգանված ընկերությունների արտադրած երշիկների վրա բացակայել է արտադրության ժամկետի պարտադիր մակնշումը, ինչը, ըստ հանձնաժողովի, ապակողմնորոշել է սպառողներին: Իրականում թե երբ են արտադրված եղել այդ երշիկները, քանի տարվա են եղել՝ գիտի միայն արտադրողը, բայց այն փաստը, որ տոնական ակտիվ առեւտրի շրջանում 11 ընկերություն իր արտադրանքն իրացրել է առանց ժամկետի մակնշման, արդեն թույլ է տալիս եզրակացնել, որ դրանք, մեղմ ասած, ժամկետից դուրս են եղել:
Օրենքը խախտողներից մեկը կրոնական կազմակերպություններից մեկին պատկանող, մեր աստվածավախ «Բարի սամարացի» ընկերությունն է, որի «Մոսկովսկայա» տեսակի երշիկների վրա արտադրության օր, ամիս չի եղել: Մեզ հետ զրույցում «Բարի սամարացիի» իրավաբանը պարզաբանեց. «Դա ուղղակի թյուրիմացություն է: Ես ընդունում եմ, դա խախտում է, բայց դիտավորյալ ու միտումնավոր չի արվել: Պարզապես մեր համապատասխան աշխատողն ուշադիր չի եղել, եւ այն իրացման շուկա է հանվել առանց մակնշման: Սակայն խոսքը ընդամենը մի խմբաքանակի մասին է, առանց մակնշման երեւի մի 10-15 հատ երշիկ է դուրս եկել, մեր մեղքը կա այդքանով: Թե չէ, «Բարի սամարացին» 20 տարվա ընկերություն է, եւ այս տարիների ընթացքում դեպք չի եղել, որ մենք խախտումներ անենք շուկայում»: Ինչպես հանձնաժողովից տեղեկացրին, մոնիտորինգն իրականացվել է ոչ թե մեկ, այլ մի քանի խանութներում: Տվյալ դեպքում «Բարի սամարացիի» առանց մակնշման երշիկը եղել էր ինչպես «Երեւան սիթիում», այնպես էլ «Սթարում», այնպես որ, չէր կարող պատահական զուգադիպությամբ, թարսի պես, հենց այդ 10-15 երշիկը հանդիպեր հանձնաժողովի անդամներին, այն էլ՝ տարբեր խանութներում:
Մի քանի տարի առաջ, երբ քաղաքացիներից մեկը «Բարի սամարացիի» վետչինայում ասեղ էր հայտնաբերել ու շատ վրդովված դիմել որակի տեսչություն, այդ մասին «Առավոտի» հրապարակումից հետո ընկերության տնօրենը, չցանկանալով որեւէ պարզաբանում տպագրել, միայն մի բան էր գուժել մեր աշխատակազմին՝ «Դուք իմացեք, որ դուք Աստծո բիբին եք կպնում, Աստված ձեր դատաստանը կտեսնի»: Հիմա այս խախտման համար ընկերությանը 500 հազար դրամ տուգանելով՝ թե հանձնաժողովը Աստծո ո՞ր օրգանին է դիպել՝ հարց է, բայց դա պատժի առավելագույն չափն է, որը պետք է կիրառվի ընկերության համար: Նշենք, որ հանձնաժողովը երշիկի նմուշներն ուղարկել է գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, որն ավելի ուշ կպարզի՝ «Բարի սամարացիի» արտադրած այդ երշիկներն իսկապե՞ս թյուրիմացաբար են անժամկետ եղել, թե՞ ընկերության ղեկավարությունը չի կատարում Աստծո պատվիրանները եւ մոլորեցնում է սպառողներին:
Օրինախախտ ընկերություններից են նաեւ «Գեղարդ մսամթերքի կոմբինատը», «Աթենքը», «Արարատ արտադրական կոոպերատիվը», Ջրվեժի մսամթերքի կոմբինատը, «Մուշը», «Մարիլան», «Երեմկան», «Գամջալյան եղբայրները» եւ «Ա. Բիլյան» ընկերությունը: «Գեղարդից» «Առավոտին» նույնպես վստահեցրին, որ իրենց արտադրանքը հնարավոր չէ իրացվի՝ առանց համապատասխան մակնշման, թեեւ առանձնապես առարկություններ ու հիմնավորումներ չունեին: Հանձնաժողովում ընկերություններն արդարացել են, որ ժամկետի մակնշում իրենք արել են, եւ երեւի խանութում է այն պոկվել: Ճիշտ է, տուգանված ընկերությունները 5-օրյա ժամկետում պետք է հանեն իրենց այդ արտադրատեսակները շրջանառությունից, բայց դրանք արդեն իրենց սեւ գործն արել են: Ով գիտի, թե Նոր տարվա օրերին քանի մարդ է վատացել՝ այդ երշիկներն ուտելով, ու քանի մարդու առողջություն է վնասվել՝ նրանց շահույթների համար: Առանց այդ էլ մեծ հարցական է, թե այդ երշիկների մեջ ինչի՞ միս են օգտագործում, ամեն երշիկի կտորի հետ ինչքան ստվարաթուղթ ենք ուտում, ինչքան նիտրիտի լուծույթ, որն ապահովում է երշիկի վառ կարմիր գույնն ու ախորժելի տեսքը, ինչքան սոյա ու օսլա: