Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԻՇԱՏԻՉ ԱՇԽԱՐՀԻ ԲԱՂԱԴՐԻՉՆ ԵՆ

Ապրիլ 20,2011 00:00

\"\"Աշոտ Մանուչարյանը հույս ունի, որ Տեր-Պետրոսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը կնպաստի փոփոխությունների ալիքի ուժեղացմանը:

– Մեկ ամիս առաջ Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահը եւ ՀՀ առաջին արտգործնախարարը ակնհայտ արհամարհանք դրսեւորեցին միմյանց նկատմամբ, իսկ այդ ընթացքում ՀԱԿ-«Ժառանգություն» հակամարտությունը հասավ գագաթնակետին: Ի՞նչը փոխվեց այդ ընթացքում, որ երկու օր առաջ այդ գործիչները տեւական ժամանակ ճեմում ու զրուցում էին միասին:
– Մարդը հաճախակի սխալ է գնահատում իր տեղն ու դերը կյանքում: Հատկապես եթե այդ մարդը քաղաքական գործիչ է, այդ սխալը տասնապատկվում, հարյուրապատկվում, հազարապատկվում է: Շատ անգամ ոչ միայն եւ ոչ այնքան հենց այդ գործչի մեղքով, որքան այլ մարդկանց՝ շրջապատի, հասարակության, լրագրողների մեղքով: Քաղաքական գործիչը, եթե նա իրոք քաղաքական գործիչ է, սպասարկող է: Առաջին հերթին սպասարկող եւ միայն սպասարկող: Նա սպասարկում է հասարակական զարգացման, կյանքի այս կամ այն հատվածի բնականոն ընթացքը: Բոլոր այլ երանգները եւ նրա դերակատարումները որեւէ նշանակություն չունեն: Անդրադառնալով այս երկու գործիչներին՝ կարող եմ ասել, որ այն, ինչ ընդհանուր էր նրանց համար այս վերջին՝ առնվազն չորս տարիներին, դա այն է, որ նրանք սպասարկում էին Հայաստանում ծայրաստիճան անհրաժեշտ փոփոխությունների գործընթացը: Ինչքանով լավ կամ վատ, ինչքանով արդյունավետ կամ ոչ այնքան՝ կարող են դատել մարդիկ, բայց կարեւորագույնը նրանց այս որակն էր եւ է: Այս տեսակետից խիստ կարեւոր է, որ նրանք գործեն այնպես, որ նրանց գործողությունները բերեն փոփոխությունների ալիքի ուժեղացմանը: Եվ հույս ունեմ, որ այս հանդիպումը կնպաստի այդ բանին:
– Ի՞նչ ջրբաժան է, ըստ Ձեզ, լինելու ապրիլի 28-ը:
– Կա օբյեկտիվ ջրբաժանի պահ, կա դրա սուբյեկտիվ դրսեւորումը՝ այս կամ այն բանաձեւով, պլանավորումով, որոնց պատկանում են նաեւ 28-ի վերաբերյալ որոշումներն ու հայտարարությունները: Անդրադառնամ օբյեկտիվին. երկրի համար ծայրագույն անհրաժեշտություն են անհապաղ փոփոխությունները: Թե ինչպիսի՞ն նրանք պետք է լինեն, ի՞նչ ուղիով ընթանան՝ դա քննարկվել է, քննարկվում է եւ դեռ կքննարկվի, բայց կա խնդիրների անհրաժեշտ մի շրջանակ, որոնք արդեն հստակ են բոլորի համար, եւ այդ փոփոխությունները անհապաղ պետք է սկսվեն: Այն իրավիճակը, երբ իշխող շրջանակները խոսում են այդ փոփոխություններից եւ կատարում զուտ դեկորատիվ, ըստ էության ոչ մի բան չփոխող քայլեր, իսկ ընդդիմադիրներն էլ քննադատելով այդ քայլերը՝ կատարում են ոչ մի էական բան չփոխող գործողություններ, իրեն արդեն սպառել է: Պետք է որակական նոր ոճ, նոր գործելակերպ, նոր նպատակներ, նոր գործիքներ:
Սա է ընկած ջրբաժանի հիմքում, եւ սրա արդյունքը կարող են լինել կամ գիտակցված եւ համաձայնեցված սրընթաց փոփոխությունները, կամ բախումը, որը շատ ծանր հետեւանքներ կարող է ունենալ ողջ երկրի համար, բայց հատկապես փոփոխություններին խանգարող գործիչների եւ ուժերի:
– Ի՞նչ կարեւորություն ունեն առաջիկա ընտրությունները մեզ համար, քանի որ այդ մասին այսօրվանից արդեն խոսում են եվրոպական պաշտոնյաները, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ Հայաստանում իրականացվելիք տնտեսական ծրագրերը պայմանավորելով առաջիկա ընտրություններով:
– Ընտրությունների ինստիտուտը գիշատիչ մարդու, մեռնող, հեռացող աշխարհի բաղադրիչներից մեկն է: Ընտրություններ բառը միշտ պետք է գրենք չակերտներով, որովհետեւ նրանց մեջ այսօրվա աշխարհում ընտրություն չկա, անգամ եթե այդ աշխարհի պարամետրերով նրանք անցնում են «արդար, ազատ» եւ ինչը, «շատ կարեւոր» է՝ «թափանցիկ»: Իրականում մարդը չի հասկանում՝ ի՞նչ է ինքը ընտրում: Ինքը չի հասկանում այս կամ այն անձին կամ նախադասությունների հաջորդական մի ամբողջականությունը, որը թյուրիմացաբար ծրագիր է կոչվում: Ինքը իրականում ի՞նչ կյանք է ընտրում: Նա ցանկանում է կյանք ընտրել եւ կարծես ձայնը տալիս է այս կամ այն կյանքին, բայց ինչին նա ձայն է տալիս, որեւէ կապ չունի այդ կյանքի հետ, այլ դրա երկրորդական, տասներորդական դրսեւորումներն են միայն: Ընտրությունը մարդու ֆունդամենտալ հատկություններից մեկն է, բայց այն, ինչը որ մենք կատարում ենք՝ ընտրություն անվանելով, ոչ միայն որեւէ կապ չունի այդ ֆունդամենտալ հատկության հետ, այլեւ հակառակը՝ այն շղարշում, կեղծում, նենգափոխում է՝ դրանով իսկ հակակրանք, նույնիսկ զզվանք առաջացնելով մարդու մոտ՝ իր ֆունդամենտալ հատկության դերակատարության իրականացման ճանապարհին:
Անդրադառնալով ԱՄՆ-ի եւ մյուսների մաղթանքներին՝ Հայաստանին արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, ասեմ, որ նրանք ընդամենը ցանկանում են, որ բոլոր նրանք, ովքեր թալանել են երկիրը եւ մարդկանց, եւ նրանք, ում թալանել են, նրանք, ովքեր թալանած փողերով իրենց համար հեռուստա եւ ռադիոկայաններ, մամուլ են գնել՝ խաբելու, ապատեղեկացնելու համար նրանց, ու թալանել եւ կողոպտել են, նրանք, ովքեր իրենց թալանածի 0,1 տոկոսը «շռայլում» են՝ «օգնություն» բաժանելով թալանվածներին, վերջիններս էլ իրենց ունեցվածքը տարածներին օրհնանքներ եւ մաղթանքներ են շռայլում այդ քցած պատառների համար՝ այս բոլորը միասին գան ընտրատեղամասեր եւ այնտեղ, այս անգամ առանց իրար սպանելու, հրելու, առանց լրացուցիչ ընտրաթղթեր արկղերը նետելու՝ ձեւավորեն մի «լեգիտիմ» իշխանություն, որով ավելի դյուրին կլինի իրագործել ԱՄՆ-ի եւ մյուս աշխարհակալ ուժերի նպատակները:
– Ապրիլքսանչորսյան հերթական տարելիցից առաջ հայկական բոլոր հնարավոր կազմակերպությունները նորից սկսել են ԱՄՆ նախագահի «ոտքն ընկնել», որպեսզի վերջինս արտասանի այդ բաղձալի «ցեղասպանություն» բառը: Վստահ եմ, որ հերթական հիասթափությունն են ապրելու խնդրողները: Արդյոք այդ բառի օգտագործումն այդքան էակա՞ն է մեզ համար:
– Այսօրվա իրական աշխարհում հայության ձեր նշած այդ գործողությունները բերում են նրան, որ ԱՄՆ-ը ձեռք է բերում մի գործիք՝ Թուրքիայի վրա ազդելու համար, ամեն անգամ մեր հաշվին ինչ-որ բան ձեռք բերելով Թուրքիայից՝ այդ բառը չարտասանելու դիմաց: Ես չգիտեմ, եթե որեւէ մեկը մեր ազգային առաջնորդներից այդ բանի դիմաց որեւէ բան ստանում է ԱՄՆ-ից՝ դա այլ խնդիր է, բայց մեր ժողովրդի համար այսպիսի գործողությունները ոչ միայն խիստ նվաստացուցիչ, այլ նաեւ շատ վտանգավոր են, քանի որ Թուրքիայի եւ նրա ժողովրդի աչքում մեզ նորից ներկայացնում են որպես հակաթուրք գործիք՝ ուրիշների ձեռքում:
Այս իմաստով վաղուց ժամանակն է, որ մենք «կեսարինը թողնենք կեսարին», այսինքն՝ ամերիկաթուրքական հարաբերությունները թողնենք իրենց երկուսին, իսկ մենք հասարակությունով աշխատելով թուրք հասարակության հետ, ինչպես նաեւ այլ երկրների հասարակությունների միջոցով, այդ թվում նաեւ նույն ԱՄՆ-ի, փորձենք ցույց տալ սովորական թուրքին, նրանց մտավորականությանը, ողջ ժողովրդին, թե ինչ հրեշավոր հանցագործություն է կատարվել մեր ընդհանուր անցյալում, եւ գտնել ուղիներ՝ համատեղ ջանքերով, ճշմարտությունը ճանաչելով նոր ապագա կերտել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել