Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի եւ իշխանության «բազարի նյութը»

Ապրիլ 20,2011 00:00

\"\"Ըստ «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի

– Ինչո՞ւ եք պասիվ կեցվածք ընդունել, մանավանդ հիմա, երբ նախընտրական թոհուբոհ է նկատվում, բոլորն ակտիվանում են:
– Մենք պասիվ չենք, պարզապես մեզ քիչ են լուսաբանում, իսկ հեռուստաընկերությունները ընդհանրապես չեն լուսաբանում: Բոլոր կարեւոր հարցերի վերաբերյալ մենք մշտապես մեր մոտեցումները բարձրաձայնում ենք: Մյուս կողմից էլ՝ ես չեմ ուզում նմանվել 30-ականների այն մարդկանց, որոնք գյուղերում, երբ դահլիճում ֆիլմ էին ցուցադրում, նստում եւ  բարձրաձայն մեկնաբանում էին այդ ֆիլմը: Այսօր մեր գործիչներից շատերը հենց այդպես են վարվում, վերլուծություն չկա: Չեմ ուզում նմանվել նաեւ նույն ՀԱԿ-ին, որը քանի տարի է՝ ասում է, թե արտահերթ ընտրություններ են լինելու, ու դրանք այդպես էլ չեն լինում: Մինչդեռ դեռ երեք տարի առաջ մենք ասել ենք, որ ընտրությունները արտահերթ չեն լինելու:
– Ինչպե՞ս եք վերաբերվում ՀԱԿ-ի՝ վերջին հանրահավաքներում շեշտադրումների փոփոխությանը:
– Լեւոն Տեր-Պետրոսյանի 15 պահանջներից մնաց երեքը, որոնք ես այս կերպ եմ հասկացել եւ մեկնաբանում. ազատազրկվածներին ազատ արձակելու հետ կապված պահանջն, ըստ էության, խնդրանք է նախագահին՝ ասելով, որ դու կարող ես քո կարծիքը չփոխել նրանց մասին, բայց, խնդրում եմ, բաց թող: Այդ էական փոփոխությունն ինչ-որ տեղ, ըստ իս, դավաճանություն է այդ մարդկանց նկատմամբ, քանի որ նրանք իրենց համարում են քաղբանտարկյալ: Ինչ մնում է Ազատության հրապարակին, ապա դա արդեն իսկ բաց է, եւ հեչ կարեւոր չէ, թե հանրահավաքը որտեղ է սկսվում եւ որտեղ վերջանում, երբ դու ուզում ես՝ մտնում ես Ազատության հրապարակ: Մարտի 1-ի բացահայտումների հետ կապված էլ՝ իշխանությունները երբեք չեն ասել, որ չեն ցանկանում բացահայտել այդ իրադարձությունների մեղավորներին:
Եթե ավելի պատկերավոր ասեմ, Լեւոն Տեր-Պետրոսյանն իրականում մեկ խնդրանք ուներ մարտի 17-ի հանրահավաքում իշխանություններից՝ ազատեք Ազատության հրապարակը Րաֆֆի Հովհաննիսյանից:
– Ինչպե՞ս եք պատկերացնում հետագա զարգացումները:
– Ես համոզված եմ, որ ՀԱԿ-ը պառակտվելու է, քանի որ երբ ցուցակ կազմելու ժամանակը գա, կարծում եմ, խնդիրներ կառաջանան, եւ որոշ ուժեր կամ քաղաքական գործիչներ դուրս կգան: Ես համոզված եմ, որ այսօր իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ երկխոսության թեման հետեւյալն է՝ ի՞նչ կարգավիճակով Լեւոն Տեր-Պետրոսյանը կգնա ԱԺ: Բոլորն էլ հասկանում են, որ նա որպես շարքային պատգամավոր կամ խմբակցության ղեկավար չի գնալու. կոպիտ ասած՝ «բազարի» նյութը դա է:
Ցանկալի կլիներ, որ ընդդիմադիր դաշտում գտնվող ուժերը, որոնք ՀԱԿ-ում չեն, իրենց մեջ ուժ գտնեին եւ ընտրություններին մասնակցեին որպես մեկ քաղաքական միավոր: Ի տարբերություն իշխանական դաշտի, երբ միանալով՝ այդ ուժերը ձայներ են կորցնում, ընդդիմադիր դաշտում շահում են, եւ ձայները բազմապատկվում են:
– Քաղաքական դաշտում հիմա նորից խոսվում է երրորդ ուժ ստեղծելու մասին, անգամ անուններ են շեշտվում՝ «Ժառանգություն», ՀՅԴ, ՆԺԿ եւ այլն. Ձեր ղեկավարած կուսակցությունը տեսնո՞ւմ եք նման ֆորմատում:
– Տեսնում ենք: Բայց ՀՅԴ-ի հետ կապված մի փոքր խնդիր կա. ես չեմ կարծում, որ Դաշնակցությունը մասնակցի դաշինքով, անունը փոխելու խնդիր կա, այդ կուսակցությունը մի քիչ յուրահատուկ է նաեւ իր կառուցվածքով, ու իրենց մոտ մի փոքր խնդիր կա: Բայց դաշինքների ստեղծումն այսօր հրամայական է: Մենք մեզ տեսնում ենք «Ժառանգության», ՆԺԿ-ի, ՀՅԴ-ի կողքին, այլ ուժեր էլ կան, բանակցում ենք, պարզապես պայմանավորվել ենք առայժմ այդ մասին բարձրաձայն չասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել