Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՆԱԽԱԳԱՀԻ ՔԱՅԼԵՐԻՆ ՊԵՏՔ Է ՀԵՏԵՎԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԸ»

Ապրիլ 20,2011 00:00

\"\"Վստահ է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը

– Դուք արդեն մոտ մեկ տարի Ուկրաինայում Հայաստանի դեսպանն եք եւ վաղուց հարցազրույցներ չեք տալիս. քանի որ հիմա համաձայնել եք, ասացեք, թե, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն են կապերը երկու երկրների միջեւ:
– Շնորհակալ եմ հարցազրույցի համար: Այո, արդեն ինը ամիս է Հայաստանի դեսպանն եմ Ուկրաինայում եւ պետք է նշեմ, որ այս ընթացքում իմ տպավորությունները այսպիսինն են: Մինչեւ Յանուկովիչի իշխանության գալը Ուկրաինան Հայաստանի հետ ուներ բավականին սառը հարաբերություններ: Յուշչենկոյի իշխանության ժամանակ, որպես ԳՈՒԱՄ-ի անդամ երկիր, ավելի շատ պրոադրբեջանական էր, քան պրոհայկական: Վիկտոր Յանուկովիչի նախագահության ընթացքում Հայաստանի հետ հարաբերությունները սկսեցին լավանալ: Երբ ես Վիկտոր Յանուկովիչին հանձնեցի դեսպանի հավատարմագիրը, նա իր խոսքում նշեց, որ անպայման պետք է վերականգնվի հայ ժողովրդի հետ դարավոր բարեկամությունը: Այդ ուղղությամբ Ուկրաինան արդեն նկատելի քայլեր է անում, եւ պատահական չէ, որ միայն 2010 թվականի ընթացքում ՀՀ նախագահը երկու անգամ այցելեց Ուկրաինա: Առաջիկայում՝ մինչեւ հունիս, սպասում ենք մեր երկրի նախագահի պետական այցը Ուկրաինա: Ակնհայտ է, որ երկու երկրների հարաբերությունները ջերմանում են: Ուկրաինան ԳՈՒԱՄ-ին անդամակցում է, ինչպես հայտարարել է բազմիցս, զուտ տնտեսական հարթությունում: Մեր երկրների հարաբերությունները բարելավվում են, եւ ես տեսնում եմ փոփոխություններ ոչ միայն տնտեսական դաշտում, այլեւ քաղաքական եւ դիվանագիտական հարաբերություններում: Եվ դա շատ գովելի է, եւ այժմ Ուկրաինան Հայաստանի համար ոչ միայն լուրջ տնտեսական պարտնյոր է, այլեւ կամաց-կամաց դառնում է նաեւ լուրջ քաղաքական պարտնյոր:
– Ի՞նչ վիճակում է հայկական համայնքը, կա՞ կապ դեսպանատան հետ, ինչո՞վ են հիմնականում զբաղվում հայերը այդ երկրում։
– Ուկրաինայի համայնքը Ռուսաստանի հայ համայնքից հետո իր մեծությամբ երկրորդն է ԱՊՀ երկրներում: Պաշտոնապես գրանցված հայազգի քաղաքացիները շուրջ 346 հազար են, իսկ ոչ պաշտոնապես` շուրջ 500-550 հազար: Ուկրաինական հայ համայնքը շատ ակտիվ մասնակցություն չի ունեցել Հայաստանի կյանքում, բայց այս ամիսների ընթացքում տարբեր միջոցառումներ, հավաքներ եմ անցկացրել Ուկրաինայում, եւ արդեն մեր հայրենակիցները քայլ առ քայլ շուռ են գալիս դեպի Հայաստան, եւ պատահական չէ, որ նրանք առաջին անգամ անցած տարի մասնակցեցին համահայկական մարաթոնին եւ 250 հազար դոլարից ավելի գումար նվիրատվեցին համահայկական հիմնադրամին՝ Արցախի վերականգնման համար: Ուկրաինայում ունենք մի քանի մեծահարուստ հայեր (իհարկե, Ռուսաստանում մեծահարուստների թիվը շատ ավելի մեծ է) եւ փորձում ենք ուկրաինահայերին եւս ներգրավել մեր երկրում տնտեսության զարգացման գործընթացին: Նախկինում համայնքը պասիվ է եղել, որովհետեւ ակտիվացնելու համար քայլեր չեն կատարվել: Հիմա քայլեր կատարվում են: Իմիջիայլոց, հայերը Ուկրաինայում իրենց շատ լավ են զգում եւ կարողանում են իրենց օրվա հացի խնդիրը լուծել: Իմ խնդիրը, որպես դեսպանի, հայ համայնքի միավորումն է, որպեսզի կարողանանք մեր խնդիրներն ավելի արդյունավետ լուծել: Եթե շուրջ 500 հազար հայ միավորված է, եւ այդ երկրի ղեկավարությունը տեսնում է, որ հայ համայնքը համախմբված է, իհարկե, չի կարող հաշվի չառնել նաեւ հայ համայնքի կարծիքը: Ի դեպ, դրական փոփոխություններ են կատարվել նաեւ դեսպանատան աշխատանքում: Այն բողոքները, որ կային, այսօր չկան, մարդկանց հուզող հարցերը լուծվում են, եւ ավելի շատ շնորհակալական նամակներ ենք ստանում: Համայնքը զգում է, որ Հայաստանի դեսպանատունը իրենց համար հարազատ վայր է եւ ցանկացած դիմում անպատասխան չի մնում:
– Վստահ եմ, որ քաջատեղյակ եք հայաստանյան իրադարձություններին, ի՞նչ եք կարծում՝ նախընտրական տարին ինչպիսի՞ն կլինի, եւ ընտրական լարվածությունը որքա՞ն մեծ կլինի:
– Մի բան հաստատ գիտեմ` մեր երկրին պետք է խաղաղություն, մեր երկրին ավելորդ լարվածություն պետք չէ, դա կանգնեցնելու է առանց այն էլ շատ փոքրիկ տնտեսական աճը: Մեր ժողովուրդը պետք է հասկանա դա եւ պետք է կարողանա ճիշտ որոշումներ կայացնել: Իշխանությունները, երկրի նախագահը փորձում են ամեն ինչ անել, որպեսզի երկիրն արտաքին աշխարհի հետ հարաբերություններում իրեն շատ արժանապատիվ դրսեւորի: Եվ նախագահը իսկապես դա անում է: Պատահական չէ, որ գրեթե ամեն ամիս մի քանի այցեր են լինում: Իհարկե, նախագահի կատարած այդ մեծ աշխատանքին պետք է հետեւեն կառավարության համարժեք քայլերը, որպեսզի ժողովուրդը զգա, որ իսկապես մեծ աշխատանք է կատարվում: Գուցե օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով կառավարությունը ետ է մնում, ես չեմ կարող ասել, թե ինչու, բայց լավ կլիներ, որ ետ չմնար, լավ կլիներ, որպեսզի նախագահի կատարած քայլերին համարժեք քայլեր կատարեր, եւ դժգոհության ալիքը մեղմվեր: Իհարկե, ՀԱԿ-ը օգտվում է այս վիճակից եւ փորձում է իր քաղաքական խնդիրները լուծել, սակայն ի վերջո 2012-ի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը կորոշի, ընտրությունը ժողովրդինն է: Իմ ցանկությունն այն է, որ մեր երկրում լինի խաղաղություն, մեր ժողովուրդը լավ ապրի, եւ մարդկանց հոգսերը թեթեւանան, եւ համոզված եմ՝ մեր նախագահն ամեն ինչ անում է, որպեսզի խնդիրները լուծի, եւ մարդիկ լավ ապրեն:
– Անշուշտ, հետեւել եք, թե մամուլում ինչ աղմուկ բարձրացավ «Տաշիր-2011»-ի մրցանակաբաշխությունից հետո։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ բարձրացավ այդ աղմուկը;
– Ես շատ ուշադիր հետեւել եմ այն ամենին, ինչ տպագրվեց այդ մրցանակաբաշխության մասին, եւ շատ եմ ամաչում, որպես հայ, որ մի խումբ մարդիկ (դա մեր ժողովուրդը չէ, թող ժողովրդին հանգիստ թողնեն), որոնց ձեռնտու չէ, որ Սամվել Կարապետյանի հեղինակությունը բարձր է եւ բարձրանում է, նման աղմուկ բարձրացրեցին: Ցանկացած հայի հայտնի է, որ Սամվել Կարապետյանը իր հարստությունը աշխատել է դրսում, ինքն այդ գումարները Հայաստանում չի աշխատել եւ ունի իրավունք իր ուզած ձեւով ծախսելու: Նա Հայաստանի համար շատ մեծ բան է անում, հսկայական ներդրումներ է կատարում, որ մեր տնտեսությունը վերականգնվի: Սամվել Կարապետյանը մեծ հայ է: Արտերկրի մեր հայերի մեջ այսօր երկու մեծ բարերար հայ ունենք` Քըրք Քըրքորյան եւ Սամվել Կարապետյան: Եվ սա պետք է չմոռանալ: Սամվել Կարապետյանը Կրեմլում կազմակերպեց միջոցառում, որին մասնակցում էր շուրջ 7 հազար հայ, եւ շուրջ 7 ժամ տեւած համերգը դիտեցին աշխարհի 160 երկրում: Եթե անկեղծ լինենք, Սամվել Կարապետյանը ոչ այդքան ազատ ժամանակ ունի, ոչ էլ դա իր համար էր անում: Բայց զբաղվեց դրանով, կազմակերպեց եւ այնպես արեց, որ այդքան հայի տրամադրությունը բարձրանա, որ հայ ազգի հեղինակությունը բարձրանա: Կարծում եմ, նա շատ մեծ գործ արեց մեր ազգի հեղինակությունը բարձրացնելու համար: Արդյոք Սամվել Կարապետյանը մեղք ունի՞, որ Հայաստանում կան աղքատ մարդիկ, իհարկե՝ ոչ: Նա միշտ բոլոր հարցերում օգտակար է եղել հայ ժողովրդին ոչ միայն այստեղ, այլեւ արտերկրում: Եվ նման մեծ հայի, նման մեծ մարդու, որը կարողացել է իր աշխատանքի շնորհիվ հարստանալ, այդքան հզոր կապեր ունենալ, այդպիսի լավ միջոցառում կազմակերպելու համար այդպես քննադատե՞լ, անհասկանալի է: Դա վայել չէ մեզ՝ որպես հայ ժողովուրդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել