Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿԻՆ ԷԼ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑ

Ապրիլ 20,2011 00:00

\"\"Սամսոն Խաչատրյանը դատապարտվեց,  բայց՝ պայմանական

Երեկ  Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, ընդամենը 6 ժամ տեւած դատավարության արդյունքում եւ տուժողների ներկայության ապահովման պայմաններում 1 տարվա ազատազրկման դատապարտեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանին՝ նրան մեղավոր ճանաչելով մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ, իբր, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Իհարկե, դատարանը միաժամանակ՝ ի կատարումն ՀՀ իշխանությունների կողմից իջեցված քաղաքական պատվերի  ու նաեւ՝ ՀԱԿ-ի ու ՀՀ ակտիվ քաղաքացիների, նաեւ միջազգային հանրության  ճնշման տակ, որոշեց նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ  փորձաշրջան սահմանել 1 տարի ժամկետով, թեեւ մեղադրողը դատարանին միջնորդել էր ընդդիմադիր գործչին դատապարտել երկու տարվա ազատազրկման: Քաղկալանավոր Սամսոն Խաչատրյանը, որն ավելի քան մեկ ամիս գտնվում էր անազատության մեջ, հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Դատական նիստին մասնակցողները նրան ձեռքերի վրա են դուրս բերել դահլիճից ու դատարանի շենքից, որտեղ բռնցքամարտիկին ծափողջույններով  են դիմավորել ընդդիմության մեծաթիվ համակիրները:
Դատավարության ընթացքի մասին խոսելն այլեւս իմաստ էլ չունի, որովհետեւ Ս. Խաչատրյանի կալանավորումն ի սկզբանե էլ ակնհայտորեն քաղաքական շարժառիթ ուներ: Ասել է թե՝ իմաստ էլ չունի անդրադառնալ դատարանում ներկա տուժողների՝ ոստիկանության աշխատակիցներ Կարեն Սարգսյանի ու Միհրան Քեշիշյանի, նաեւ նրանց մի քանի վկաների ցուցմունքներին: Դրա իմաստը չկա՝ առավել եւս, որ այդ ցուցմունքներում «տուժած» ոստիկանները ակնհայտորեն ստելով պնդել են, որ թեեւ միջադեպի ժամանակ իրենք քաղաքացիական համազգեստով են եղել, բայց իրենց վկայականները ցույց են տվել, իսկ Խաչատրյանը դա իմանալով՝ չի ենթարկվել «ոստիկանների» օրինական պահանջներին ու դեռ մի բան էլ իրենց նկատմամբ բռնություն է գործադրել ու մարմնական վնասվածքներ հասցրել: Այս ցուցմունքները ընդամենը ափսոսանք հայտնելու առիթ ու դառը հիշողություններ կարող են արթնացնել, որովհետեւ, ի վերջո, ոստիկանների ցուցմունքներին մեր հանրությունը վաղուց արդեն չի հավատում՝ աչքի առաջ ունենալով անցած տարիներին «Մարտի 1»-ի գործերով դատապարտվողների դեմ տված ոստիկանության այլ աշխատակիցների կողմից սուտ եւ հրահանգված ցուցմունքներ տալու պրակտիկան:
Ի դեպ, երեկ դատարանի դահլիճում Սամսոն Խաչատրյանը թեեւ հրաժարվել է ցուցմունք տալուց, բայց մի քանի ռեպլիկներ, այնուամենայնիվ, արել է: Նա, որ ընդամենը վերջերս սրտի վիրահատության էր ենթարկվել, դատարանից արդարադատություն էր պահանջել՝ պնդելով, որ ինքը որեւէ հանցանք չի գործել, որ ընդամենը կանանց պաշտպանել է նրանց հայհոյողներից եւ բռնության ենթարկողներից, ուստի՝ կամ պիտի արդարացվի ու ազատ արձակվի, կամ թող իրեն դատապարտեն գնդակահարության: Նա նաեւ զգուշացրել էր, որ դատարանը հանկարծ իր նկատմամբ մեղմ դատավճիռ չկայացնի՝ դա պայմանավորելով իր  առողջական վիճակով: «Ես  առողջական որեւէ պրոբլեմ չունեմ: Ինձ ազատել կամ ներել… տենց բան չկա: Ես ճիշտ եմ եղել: Պայքարելու եմ մինչեւ վերջ»,- դատարանում հայտարարել է բռնցքամարտիկը: Նրա այս ռեպլիկն ակնհայտորեն պայմանավորված էր նաեւ դեռ մարտի 28-ին ԲՀԿ առաջնորդ եւ ՀՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությամբ, թե՝ մտադիր է հանդիպել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանին եւ խնդրել անազատության մեջ գտնվող հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի նկատմամբ մեղմ վերաբերմունք ցուցաբերել: Հիշեցնենք, որ այդ հանդիպումից հետո էր, որ Վերաքննիչ դատարանը հրաժարվել էր վերանայել բռնցքամարտիկի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու՝ Ս. Խաչատրյանի պաշտպանի բողոքը: Դեռ այդ դատից հետո ԲՀԿ մամուլի խոսնակը «Առավոտի» հետ զրույցում ասել էր, թե այդ որոշումը դեռ ոչինչ չի նշանակում, եւ Ծառուկյանի միջնորդությունն իր արդյունքը դեռ անպայման կտա, իսկ Ս. Խաչատրյանը հայտարարել էր, թե ինքը որեւէ հանցանք չի գործել, որ իրեն մեղմ վերաբերվեն:
Անշուշտ, ո՛չ Սամսոն Խաչատրյանին, ո՛չ նրա պաշտպան Արա Զաքարյանին դատարանի կայացրած որոշումը չի ոգեւորել: Նրանք հիշյալ վճիռը մտադիր են բողոքարկել՝ նպատակ ունենալով հասնել իսկական արդարադատության՝ արդարացման դատավճռի: Իսկ Սամսոն Խաչատրյանը հայտարարել է, թե  մասնակցելու է ընդդիմության նաեւ առաջիկա հանրահավաքին ու մտադիր չէ հանդուրժել ապօրինությունները: Նա դեռ կալանավորումից հետո էր իր պաշտպանի միջոցով հայտարարել, թե իր նկատմամբ հետապնդումը քաղաքական ենթատեքստ ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել