Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌՈՂՋ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՈՒԺԵՂ ԵՐԿԻՐ

Ապրիլ 19,2011 00:00

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության խնդիրը ազգաբնակչության շրջանում մասսայական սպորտի տարածումն է
ու առողջ ապրելակերպի արմատավորումը:

Անկախացումից հետո, անկեղծ լինենք, այս ուղղությամբ աշխատանք գրեթե չէր տարվում: Միայն 90-ականների վերջերից պետական կառույցն սկսեց խնդրով լրջորեն զբաղվել ու առողջ ապրելակերպն սկսեց աստիճանաբար մուտք գործել հասարակության տարբեր շերտեր ու տարածվել:
Նախարարությունը 2011 թվականին մասսայական սպորտի ոլորտում աշխատանքներն ավելի ակտիվացնելու ծրագրեր է նախանշել: Իսկ թե որո՞նք են դրանք, «Առավոտը» տեղեկացավ նախարարությունում՝ հենց այդ ոլորտները համակարգող փոխնախարար Խաչիկ Ասրյանից:
– Պարոն Ասրյան: Եղանակների տաքացմանը զուգահեռ, մասսայական սպորտի ուղղությամբ աշխատանքները տրամաբանորեն պետք է որ ակտիվանան:
– Անշուշտ: Նախարարության խնդիրը կոնկրետ գործով եւ քարոզչությամբ հնարավորին չափ լայն զանգվածների առողջ ապրելակերպի ոլորտ ներգրավելն է: Այդ նպատակով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքում մեկ տասնյակից ավելի մարզական զանգվածային ծրագրեր են իրականացվում, որոնց այսօր արդեն մասնակցում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Չնայած բոլոր միջոցառումներն էլ կարեւոր են եւ գտնվում են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանի անմիջական ուշադրության կենտրոնում, կուզենայի առանձնացնել մի քանիսը:
Առաջինը հանրապետության նախագահի մրցանակի համար այս տարի արդեն ութերորդ անգամ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն է, որին մասնակցողների թվաքանակը տարեցտարի ավելանում է, իսկ վերջին շրջանում աճում, ասես, երկրաչափական պրոգրեսիայով: Այս առումով 2011 թվականը բեկումային է լինելու: Այս տարվանից մրցույթն անցկացվելու է երեք փուլով՝ ընտանիքների երեխաների երեք տարիքային խմբերով: Առաջին փուլում (հունիսի 1-12-ը) ընտանիքները կմրցեն հանրապետության 48 քաղաքներում եւ դրանց շրջակա գյուղական համայնքներում, Լեռնային Ղարաբաղի՝ 8 եւ Երեւանի՝ 12 վարչական շրջաններում, երկրորդը (հունիսի 17-հուլիսի 1), որին կմասնակցեն նախորդ փուլում հաղթած երեքական ընտանիքներ, կանցկացվի Հայաստանի 10 մարզկենտրոններում, Երեւանում եւ Ստեփանակերտում, իսկ յոթ օր տեւողությամբ եզրափակիչը, ավանդույթի համաձայն, Ծաղկաձորում (հուլիսի երրորդ տասնօրյակ): Ինչ վերաբերում է երեխաների տարիքային խմբերին, բաժանումը կատարվել է մրցակցական ավելի հավասար պայմաններ ապահովելու նպատակով. հայրը, մայրը եւ 6-8 տարեկան երեխան՝ անկախ սեռից, նույն սկզբունքով նաեւ երեխաների 9-11 եւ 12-14 տարիքային խմբերը: Այս փոփոխությունը կտրուկ բարձրացնելու է մասնակից ընտանիքների թվաքանակը: Եթե երկու տարի առաջ դրանք 171-ն էին, անցած տարի՝ 347-ը, 2011-ին մրցույթին կմասնակցի առնվազն 1224 ընտանիք:
Երկրորդը «Մարզական փառատոնն» է, որը մայիսից-սեպտեմբեր ըստ ժամանակացույցի անցկացվում է Հայաստանի 48 քաղաքներում եւ Ստեփանակերտում: Այս միջոցառումը հիշեցնում է Ֆիզկուլտուրնիկի օրը, որի ժամանակ մարդիկ մեկ-երկու օր նվիրում էին սպորտին: Այստեղ էլ հաջողություններն ակնառու են. անցած տարի դրան մասնակցել է 23 հազար 383 մարդ, ինչը կրկնակի ավելի է նախորդ տարվանից:
Հաջորդը «Նախազորակոչային տարիքի պատանիների ռազմամարզական խաղերն» են, որոնք նախատեսված են Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցների բարձր դասարանցիների համար: Խաղերը, որ կազմակերպվում են չորս փուլով՝ ներդպրոցական, ներքաղաքային, մարզային եւ հանրապետական: Եզրափակիչ փուլը համատեղ անցկացնում ենք պաշտպանության նախարարության հետ: 2010 թվականին այս մրցումներին մասնակցել է 25 հազար 461 պատանի եւ աղջիկ:
ՀՀ կառավարությունը մեծ կարեւորություն է տալիս պետական ծառայողներին առողջ ապրելակերպի ոլորտ ներգրավելուն: Այդ նպատակով երկու տարի առաջ կազմակերպվեց ՀՀ վարչապետի՝ ֆուտբոլի գավաթի խաղարկությունը, որն անցկացվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Նախնական փուլում գերատեսչական թիմերը խաղում են խմբերում, որտեղ երկու լավագույն ճանաչվածները պայքարը շարունակում են եզրափակչում: 2009 թվականին պայքարի մեջ մտավ ընդհանուր առմամբ 17, անցած տարի՝ 19 թիմ: Որպեսզի մասնակցել ցանկացողների թիվն ավելանա, որոշվել է այս տարվանից հանել 150 հազար դրամ կանխավճարը եւ մրցաշարը կազմակերպել հովանավորչական միջոցներով: 2011 թվականի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ակնկալում ենք, որ այս տարի թիմերի քանակը զգալիորեն կավելանա:
– Ձեր նշած մասսայական միջոցառումները նպատակին կծառայեն, եթե մարդիկ շուրջտարի մարզվելու, ակտիվ հանգստով զբաղվելու համար համապատասխան պայմաններ ունենան:
– Այո, հենց մարզումային պայմանները բարելավելուն էլ ուղղված են հանրապետության նախագահի մրցանակների համար «Լավագույն մարզական բակ», «Լավագույն գյուղական մարզական համայնք» եւ «Լավագույն քաղաքային մարզական համայնք» մրցույթները, որոնք մեկնարկում են ամեն տարվա սկզբին, իսկ արդյունքներն ամփոփվում՝ տարեվերջին: Մասնակից տեղական ինքնակառավարման մարմինները սեփական միջոցներով բարեկարգում են բակերը, ստեղծում նոր խաղահրապարակներ, մարզվելու այլ պայմաններ եւ դրանցում ամբողջ տարի տարբեր մարզական միջոցառումներ կազմակերպում: Իսկ արդյունքների ամփոփման ժամանակ գնահատվում են կատարված աշխատանքները, ստեղծված պայմանների որակը, դրանցից օգտվողների թիվը եւ տարվա ընթացքում ձեռք բերված մարզական ցուցանիշները: Նշանակություն չունի, թե որ բակերը, գյուղական եւ քաղաքային համայնքներն են հաղթում, մրցանակային տեղ գրավում: Կարեւորն այն է, որ հանրապետության ամբողջ տարածքում, դա լինի գյուղ կամ քաղաք, ազգաբնակչության բոլոր տարիքային խմբերի համար ֆիզկուլտուրայով զբաղվելու եւ կոփվելու նորանոր հնարավորություններ են ստեղծվում: Այնպես որ, նշածս բոլոր միջոցառումներն էլ փոխկապակցված են եւ ծառայում են մեկ ընդհանուր նպատակի՝ հասարակության շրջանում մասսայական սպորտի զարգացմանը եւ առողջ ապրելակերպի արմատավորմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել