Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միրաքյանը՝ հեռու եւ մոտ

Ապրիլ 19,2011 00:00

\"\"Անվանի տենորը մեկնաբանում է իր բացակայությունը Հայաստանից

ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 27-ին կնշվի անվանի տենոր Վահան Միրաքյանի հոբելյանները՝ ծննդյան 75-ամյակը եւ բեմական գործունեության կեսդարը: 1960-ականների սկզբներին ԽՍՀՄ կառավարության որոշմամբ երեք օպերային երգիչ՝ Միրաքյանը, Վլադիմիր Ատլանտովը եւ Մուսլիմ Մագոմաեւը գործուղվում են «Լա Սկալա» հռչակավոր թատրոն՝ վերապատրաստման: Նրանք այն երիտասարդներն էին, որոնց անվան հետ էր կապվում խորհրդային օպերային արվեստի ապագան: Այդ առիթով Մեծ թատրոնի նշանավոր դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշաեւն ասել է. «Նրանցից ամեն մեկը թատրոնի համար գանձ է»: Միրաքյանը Իտալիայից վերադարձավ Երեւան, որովհետեւ նրան այստեղ իսկապես սպասում էին:
Երեւանի օպերային թատրոնում այդ տարիներին իրական աստղեր էին. Գոհար Գասպարյան, Տաթեւիկ Սազանդարյան, Գոհար Գալաչյան, Արշավիր Կարապետյան, Միհրան Երկաթ, Նար Հովհաննիսյան եւ այլք, որոնց ընկերակցությամբ էլ Միրաքյանը հանդես եկավ հայտնի օպերային ներկայացումներում: Չափազանցություն չէ, երբ երաժշտասերը ազդագրում կարդալով նրա անունը, համոզված էր, որ վայելելու է դասական երգչական դպրոցի հմայքը: Ի դեպ, ժամանակին Տաթեւիկ Սազանդարյանը ամեն անգամ երկրորդ գործողությունից հետո մոտենում ու գրկում էր նրան, խոստովանելով, որ գտնվելով բեմում՝ մոռացել է իր Ալմաստ լինելու մասին:
1981թ. երգիչը հեռացավ հայրենիքից: Սա այն եզակի դեպքերից է, որ դրան չնպաստեց կամ չդրդեց ոչ մի բան եւ ոչ ոք: Փառքի գագաթնակետին հասած Հայաստանի ժողովրդական արտիստը անվերադարձ լքեց Հայաստանն ու 1962-ից հարազատ դարձած Ազգային օպերային թատրոնը: Տեղի ունեցավ տարօրինակ մի բան. նա այդպես էլ չհիմնավորվեց եվրոպական որեւէ օպերային թատրոնում, սակայն մշտապես առաջնակարգ մշակութային օջախների ուշադրության կենտրոնում էր: Ցավոք, այսօր ռադիոկայաններն ու TV-ները գրեթե չեն անդրադառնում Միրաքյանին:
Երեկ Երեւանի կոնսերվատորիայում վարպետության դասեր էր անցկացնում Միրաքյանը: Պատասխանելով «Առավոտի» հարցերին, նա առանց մանրամասնելու ասաց, որ հենց այնպես չի հեռացել Երեւանի թատրոնից, հետո էլ կարծես արդարանալով նշեց. «Խորհրդային տարիներին երգիչը երկու ամսից ավելի իրավունք չուներ լինել արեւմուտքում: Ես ինչ արել եմ՝ հայ մշակույթի համար է: Ի վերջո, ժամանակին Համբուրգի օպերային թատրոնում կայացած լսումների արդյունքում 18 ճանաչված տենորներից՝ հայ երգիչս հանդես եկավ Պոլեոնի դերերգով՝ Բելինիի «Նորմայում», խաղընկեր ունենալով անզուգական Մոնսերատ Կաբալիեին, որի եղբայրն էլ տարիներ շարունակ հանդիսացավ իմ իմպրեսարիոն: Օպերային արվեստի հռչակավոր մանկավարժ մաեստրո Բարրայի հետ էլ մտերիմներ էինք…»:
Իր որդին՝ Արմենը, որ Ազգային օպերային թատրոնի մեներգիչ է, մի՞թե կարոտը կամ նրա հետ վոկալ դասեր պարապելը չստիպեցին արվեստագետին գոնե ժամանակ առ ժամանակ վերադառնալ Հայաստան: Վ. Միրաքյանն ասաց, որ այս տարիների ընթացքում թեկուզ կարճատեւ, բայց եղել է Երեւանում, պարապել որդու հետ, հետո էլ հավելեց. «Դաշնակահարուհի, կոնցերտմայստեր, երգչուհի, պրոֆեսոր Մարիաննա Հարությունյանը հաճախ զանգում էր ինձ, ասում՝ տղադ այնքան է կարոտում ու գնահատում քո արվեստը, որ մշտապես լսում է ձայնագրություններդ, փորձում նմանվել քեզ: Ես էլ խնդրում էի, որ թույլ չտա նմանակել, մեջբերելով Բարրայի խոսքերը, թե ոչ մի տարբերություն չկա աշխարհում հայտնի վոկալ դպրոցների միջեւ, Երեւանում էլ ունենք հիանալի մասնագետներ»:
Հավելենք, որ կայանալիք հոբելյանական երեկոյին կհնչեն մեծարանքի խոսքեր, գուցե ՀՀ նախագահի հրամանագիր լինի Վ. Միրաքյանին որեւէ շքանշանով պարգեւատրելու մասին: Արդյո՞ք այդ ամենը հատուցում կլինի հայրենիքում երգչի մոռացումին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել