ԱՄՆ հարավ-արեւմուտքում մոլեգնած փոթորիկներից զոհերի թիվը հասել է 45-ի: Երկրի տարածքում առնվազն 240 տորնադո է գրանցվել: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով Associated Press-ը: Ավելի վաղ հաղորդվում էր 43 զոհվածների մասին: Ապրիլի 14-ից ի վեր մոլեգնող փոթորիկը զգալի վնաս է հասցրել Օկլահոմա, Արքանզաս, Ալաբամա, Հյուսիսային Կարոլինա նահանգներին. հարյուրավոր տներ եւ ավտոմեքենաներ են վնասվել, տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության:
Ապրիլի 17-ին փոթորիկը շարժվել է մայրաքաղաքային Կոլումբիա շրջանի ուղղությամբ: Հարեւան Վիրջինիա նահանգի տարածքում փոթորկի նախազգուշացում է արվել: Տարերքի զոհերի մեջ կան նաեւ երեխաներ: Տորնադոյի պատճառած վնասի չափի մասին չի հաղորդվում: