Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՏԱԼԻԱՆ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՀՂԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ

Ապրիլ 19,2011 00:00

Կիրակի օրը Ֆրանսիան ժամանակավորապես փակել է իր սահմանը Իտալիայից աֆրիկացի ներգաղթյալներ տեղափոխող գնացքների համար: Հռոմը այդ առնչությամբ պաշտոնական բողոք է հայտնել՝ Փարիզին մեղադրելով Եվրամիության սկզբունքները խախտելու մեջ:
Իտալական երկաթգիծն ու սահմանապահ ոստիկանությունը հաղորդել են, որ Ֆրանսիան Վենտիմիլի-Մենթոն հատվածում կանգնեցրել է սահմանը հատող գնացքները: Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատտինին Փարիզում Իտալիայի դեսպանին «ուղղված իտալական կառավարության կողմից ֆրանսիական իշխանություններին կտրուկ բողոք է հայտնել»: Այդ մասին, BBC-ի փոխանցմամբ, ասված է Իտալիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: Իտալիայի ԱԳՆ-ն գտնում է, որ Ֆրանսիայի գործողությունները «անօրինական են եւ ակնհայտորեն խախտում են համաեվրոպական սկզբունքները»:
Իտալիան դժգոհում է, որ եվրոպացի իր գործընկերները իրեն թողել են հազարավոր՝ հիմնականում թունիսցի ներգաղթյայների հոսքով պայմանավորված խնդրի հետ «դեմ առ դեմ»: Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, ըստ որոշ աղբյուրների, նույնիսկ հայտարարել է իր երկրի՝ ԵՄ-ից դուրս գալու հնարավորության մասին:
Հռոմը սկսել է ներգաղթյալներին ժամանակավոր փաստաթղթեր տալ, ինչը վերջիններիս թույլ է տալիս լքել Իտալիայի տարածքն ու ազատ տեղաշարժվել ԵՄ-ում: Դա դուր չի եկել եվրոպական մի շարք երկրների, այդ թվում՝ Ֆրանսիային ու Գերմանիային: Որպես Ֆրանսիայի իշխանությունների գործողությունների դեմ բողոքի նշան, կիրակի օրը Վենտիմիլի կայարանում հարյուրավոր իտալացիներ բողոքի ցույց են անցկացրել:
Եվրոպական որոշ պետություններ մտավախություն ունեն, որ չափազանց մեծ թվով ներգաղթյալներին ապաստան տրամադրելը կնպաստի ապօրինի ներգաղթյալների թվի աճին:
Ֆրանսիայի եւ Իտալիայի միջեւ երկաթգծի գործունեությունը վերականգնվել է միայն կիրակի երեկոյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել