Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուսաստանում մտմտում են համացանցը գրաքննելու ուղղությամբ

Ապրիլ 19,2011 00:00

Ռուսաստանի կառավարությունը պետական գնումների կայքում համացանցի կարգավորման օտարերկրյա փորձի ուսումնասիրման մրցույթ է հայտարարել: Պաշտոնական կայքում այս առաջադրանքը ձեւակերպված է որպես «համացանցի օգտագործման ժամանակ մասնակիցների իրավահարաբերությունների պատասխանատվության օտարերկրյա փորձի հետազոտություն»:
BBC-ի  փոխանցմամբ, այդպիսի գիտահետազոտական աշխատանք կատարելու դիմաց վարձատրությունը, ըստ հայտարարության, կազմում է 973 հազար ռուբլի: Ռուսական մամուլում այդ հայտարարությունը  համացանցում խոսքի ազատության դեմ հարձակման նախապատրաստության մասին «խուճապային շշուկների» ալիք է բարձրացրել: «Իզվեստիայի» մատուցմամբ, այդ արձագանքը հնարավոր է՝ պայմանավորված է այն հանգամանքով, որ «ռուսական ինտերնետ-հանրության շրջանում դեռեւս չեն հանդարտվել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցչի կողմից Skype եւ Gmail սերվերներն արգելելու անհրաժեշտության մասին հայտարարության շուրջ քննարկումները»:
Ռուսական ԶԼՄ-ների տեղեկություններով, այն երկրների ցանկում, որոնց  փորձը կարող է օգտակար լինել Ռուսաստանին, ներառված են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը, Կանադան, Ղազախստանը, Բելառուսը: «Իզվեստիայի» փոխանցմամբ, ռուս հասարակայնությունը հատկապես սուր է արձագանքել Ռուսաստանի կողմից Չինաստանի եւ Բելառուսի՝ համապատասխան ոլորտում փորձն ուսումնասիրելու մտադրությանը:
Հրապարակված այդ տեղեկությանն ու դրա արձագանքներին օպերատիվորեն անդրադարձել է ՌԴ վարչապետ  Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Վերջինս «Ինտերֆաքսին» ասել է, թե «համացանցում սահմանափակումների մասին խոսք չկա»: «Եթե ուսումնասիրության արդյունքը օրենսդրական նախաձեռնություն լինի, ապա դրա շուրջ, անշուշտ,  հասարակական քննարկումներ կանցկացվեն»,- հայտարարել է Պեսկովը՝ հավելելով, թե օտարերկրյա փորձը ուսումնասիրվում է, որպեսզի ցանցում հարաբերությունների կարգավորման համատեքստում գտնվի ամենառացիոնալ եւ լավագույն ձեւը:
Ընդսմին, ռուսական ամենափորձառու ինտերնետ օգտագործողներից  մեկը՝ Մաքսիմ Կոնոնենկոն վստահ է, որ համացանցի գրաքննության չինական փորձը  Ռուսաստանում «չի անցնի». դրա համար ՌԴ-ն բավարար ռեսուրսներ չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել