Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑՆ ԷԼԻ ԿԱՍԵՑՎԵՑ

Ապրիլ 19,2011 00:00

\"\"Կիրակի օրը Բաքվում ոստիկանները քաղաքի մի շարք թաղամասերում կասեցրել են բողոքի ցույց կազմակերպելու՝ ընդդիմության փորձերը: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Այդ օրը ադրբեջանցի մի խումբ ակտիվիստներ վանկարկել են «Ազատություն» եւ «Հրաժարական» կարգախոսները, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներն անմիջապես լռեցրել են նրանց։
«Հանրային խորհուրդ» կառույցը, որը միավորել է ընդդիմադիր մի շարք կազմակերպությունների, հաղորդել է, որ ձերբակալվել է շուրջ 60 մարդ։ Նրանց թվում եղել է նույնիսկ 5-ամյա մի աղջնակ, ով ցույց կազմակերպելու փորձի ժամանակ «Ազատություն» է վանկարկել:
Ադրբեջանական ընդդիմության «Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիի պնդմամբ, կիրակի օրը ձերբակալվել է առնվազն հարյուր մարդ: «Հարյուրից ավելի մարդ է ձերբակալվել, մի քանի վայրերում նրանք կարողացել են կարգախոսներ վանկարկել, հարյուրից ավելի ձերբակալվածների դեպքում չի կարելի ասել, թե ակցիան ձախողվել է»,- հայտարարել է Քերիմլին: Ըստ աղբյուրի, ձերբակալվածների թվում են «Ժողովրդական ճակատի» փոխնախագահներ Գյոզալ Բայրամովան եւ Շաքիրա Աբասովան, ինչպես նաեւ կուսակցության կանանց խորհրդի նախագահ Սոլմազ Հուսեյնովան, ակտիվիստներ Ռամիզա Ախադովան եւ Սաադաթ Գաբիլգիզին:
Իրավապահները ձերբակալվածներին փոխադրել են Բաքվի Յասամալի եւ Նասիմի շրջանների ոստիկանության բաժանմունքներ:
«Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության փոխնախագահ, Միլի մեջլիսի պատգամավոր Մուբարիզ Գուրբանլին ասել է, թե ընդդիմության բողոքի ակցիան տապալվել է:
Ընդսմին, լրատվական գործակալությունները նշում են, որ ապրիլի 17-ի հանրահավաքի նախօրեին ոստիկանները բաժանմունքներ են հրավիրել ընդդիմության ակտիվիստներին եւ նախազգուշացրել, որ կիրակի օրը շատ արագ կարձագանքեն ու կկանխեն հանրահավաքի ցանկացած փորձ:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ապրիլի 15-ին նախագահ Իլհամ Ալիեւին կոչ էր արել ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել