Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամենամյա մրցանակաբաշխություն

Ապրիլ 19,2011 00:00

Այս անգամ՝ ՏՏ ոլորտի կառավարիչների (մենեջերների)

ՏՏ ոլորտի լավագույն մենեջերներն ու կառավարիչները այսուհետեւ ԱՄՆ լավագույն համալսարաններում վերապատրաստվելու հնարավորություն կունենան: «Սինոփսիս- Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ ու «Վիվասել- ՄՏՍ» ընկերության հովանավորությամբ ամեն տարի լավագույն 3 մենեջեր 15 օրով կորակավորվի Սթենֆորդի (Stanford Executive Institute) համալսարանում: Արդեն մեկնարկել է ՏՏ ոլորտի կառավարիչների ամենամյա մրցանակաբաշխությունը, արդյունքները կամփոփվեն հաջորդ ամիս ու հենց լավագույն մասնակիցներին բախտ կվիճակվի օգոստոսին մեկնել ԱՄՆ: Մրցույթի հանձնաժողովի անդամ Վարդան Նիկոյանը կարծում է, որ Հայաստանում ՏՏ ոլորտը վերջին տարիներին էապես զարգացել է: Նրա խոսքով, նույնիսկ ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում ոլորտում գրանցվել է 17% աճ:
«Առանց տեղեկատվական տեխնոլոգիաների անհնար է բարձրացնել ընդհանուր տնտեսական համակարգի արդյունավետությունը եւ այս առումով մեծ դեր ունի համակարգի արդիականացումը»,- ասաց նա:
Մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ, «ՎիվաՍել- ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Յիրիկյանն էլ բացատրեց, որ սխալ է, երբ մենեջեր ասելով հասկանում են՝ կնիքը դարակում դրած մի անձնավորություն, ով միայն հրամանագրեր է ստորագրում. «Աշխարհը զարգանում է այլ կերպ, հմուտ մենեջերը պետք է ունենա կառավարման ձիրք ու անհրաժեշտ հմտություններ»:
«Լավագույն մենեջեր» նախաձեռնության նպատակն է մեր երկրի մրցակցային առավելության գրավական հանդիսացող ամենակարեւոր ճյուղերից մեկում՝ ՏՏ ոլորտում բարձրացնել կառավարման մակարդակը: Արդյունավետ կառավարումը մեր երկրի ապագա աճը պայմանավորող առանցքային գործոն է, հետեւաբար մենք պարտավոր ենք աջակցել նման կարեւորության ազգային նախագծին՝ խրախուսելով ՏՏ ոլորտի հետագա զարգացումը: Այս նախաձեռնության շնորհիվ իրենց գիտելիքները հարստացրած մենեջերները դրանք կփոխանցեն նաեւ իրենց շուրջը գտնվողներին՝ ընդլայնելով այդ գիտելիքների հասանելիության շրջանակը»,- ասաց պարոն Ռալֆ Յիրիկյանը:
Վ. Նիկոյանը անդրադարձավ նաեւ համաշխարհային տնտեսական ֆորումի վերջին զեկույցին, որտեղ 138 երկրների շարքում Հայաստանը ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում 108-րդ տեղում էր. «Ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք լուծելու ուղղությամբ կառավարությունն աշխատանքներ է տանում, արդյունքում մոտակա տարիներին մենք շատ ավելի առաջատար դիրքերում կհայտնվենք: ՏՏ ոլորտում ունենք լուրջ ռեսուրսներ, բայց այդ ռեսուրսները արդյունավետ չեն օգտագործվում»:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանն էլ հավելեց, որ հետազոտություններ են իրականացվում՝ պարզելու, թե ինչու է Հայաստանը տարիներ շարունակ վերջին տեղում հայտնվում: Պարոն Մուսայելյանը նկատեց, որ հայաստանյան մի շարք ընկերություններում արդեն աշխարհի ամենաարդիական տեխնոլոգիաներն են կիրառվում, բայց, չգիտես ինչու, այդ մասին զեկույցներում չի նշվում. «Չեմ կարծում, որ Հայաստանը այսօր Մոզամբիկ է… Մենք այն վիճակում չենք, որ աշխարհում ծաղրանքի առարկա դառնանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել