Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՅՈՒՐԱԿԱՆՅԱՆ ՖԵՆՈՄԵՆ ՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ

Ապրիլ 19,2011 00:00

Կամ՝ ինչպես խելքի բերել գիտության PR- ը

\"\"

Ապրիլի 16-ին Բյուրականում կազմակերպվել էր գիտական լրագրության սեմինար, որը նախաձեռնել էր Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը: Սա առաջին փորձն էր՝ գիտական թեմաներով գրող լրագրողներին եւ գիտնականներին մեկտեղելու:
Աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը խոսեց խոշորագույն գիտնական Վիկտոր Համբարձումյանի դերի ու նրա անունը կրող Բյուրականի աստղադիտարանի մասին: Հիշեցրեց, որ 20-րդ դարի հայտնի աստղաֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սուրբրամանիան Չանդրասեկարը մի առիթով ասել է, թե այս հարյուրամյակի աստղագետներից միայն Յան Օորտը կարող է համեմատվել Համբարձումյանի հետ: Հոլանդացի աստղաֆիզիկոս Օորտն էլ իր հերթին նշել է, որ այլեւս դադարում է զարմանալ, թե ինչպես են մեկը մյուսի հետեւից իրականանում այն բոլոր վարկածները, որոնք տարիներ առաջ մարգարեաբար արել էր Վ. Համբարձումյանը: Նա փոխել է աստղաֆիզիկայի «հունը»՝ բաց աստղակույտերի քայքայման պատկերացման մշակմամբ, կրկնակի աստղերի քայքայման եւ գալակտիկաների միջուկների ակտիվ դերի բացահայտմամբ, գալակտիկայի տարիքի գնահատմամբ, աստղասփյուռների հայտնաբերմամբ: Լինելով անվանի գիտնական, Համբարձումյանը նաեւ համեստագույն մարդ էր եւ իսկական քաղաքացի: Չնայած պատկառելի տարիքին, նա չվարանեց միանալ 1990թ. սեպտեմբերին Ղարաբաղի համար «Մոսկվա» հյուրանոցում հացադուլ անող 5 պատգամավորներին: Միայն 9 օր անց դադարեցրեց հացադուլը՝ այն էլ Հայոց Վեհափառի հորդորով:
Վ. Համբարձումյանն է, որ 1934-ին Լենինգրադի պետական համալսարանում հիմնադրել է ԽՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը, իսկ 31 տարեկանում դարձել ԽՍՀՄ ԳԱԱ թղթակից անդամ: 1946-ին նրա նախաձեռնությամբ հիմնադրվեց նաեւ Բյուրականի աստղադիտարանը: Վերջինիս գիտական գործունեությունն ուղղված է հիմնականում տիեզերքում անկայուն երեւույթների հետազոտմանը:
Աստղադիտարանի տնօրեն Հ. Հարությունյանը ափսոսաց, որ վերջին 20 տարիներին տեղի է ունեցել արժեհամակարգի փոփոխություն, եւ 1000-ամյակների ընթացքում մշակված արժեքները, նրա ձեւակերպմամբ, դարձել են, այսպես ասած, սեղանիկի վրա դրվող: «Հայկական լեռնաշխարհում աստղագիտական բազմաթիվ հետազոտությունների հետքեր շատ կան, կարելի է ասել, որ աստղագիտությունը հայկական գիտություն է: Բայց, ցավոք, հայը մեր աստղադիտարանին չի վերաբերվում այնպես, ինչպես ադրբեջանցին՝ Շեմախի աստղադիտարանին»,- փաստեց տնօրենը, ում համար 2011-ը հոբելյանական է: Լրանում է նրա ծննդյան 60-ամյակը:
Խոսելով մասնավորապես Շմիդտի հայտնի դիտակի (1մ) մասին, Հ. Հարությունյանը պատմեց, որ ժամանակին այն պատրաստվել էր, որպեսզի Հիտլերը նվիրեր Մուսոլինիին: Հետագայում դիտակը որպես ռազմավար բերվել է ԽՍՀՄ, իսկ Լենինգրադում ավարտին հասցնելուց հետո Վ. Համբարձումյանը այն ընտրել ու տեղափոխել է Բյուրական: Ինչ վերաբերում է 2,6 մ դիտակին, Հարությունյանի խոսքով, այն տարածաշրջանում խոշորագույնն է, հենց այս դիտակն է, որ այլ երկրներից մասնագետներ ու հետաքրքրվողներ է բերում Հայաստան: Բյուրականի 2,6մ դիտակն իր չափերով աշխարհում 45-րդն է: Այժմ եվրոպացիները սկսել են կառուցել 42մ տրամագծով դիտակ:
Հարությունյանի խոսքով, մինչ օրս աստղադիտարանը ստանում է հանրահայտ Nature ամսագիրը՝ Համբարձումյանի անունով:
Արեգ Միքայելյանն էլ ասաց, որ առաջին անգամ փորձում են գիտությամբ հետաքրքրված լրագրողներին ավելի «մոտեցնել» աստղադիտարանին, աստղագիտության թեժ թեմաներին, այլ ձեւակերպմամբ՝ գիտության PR-ի հարց է բարձրացվում: Նա փաստեց, որ ինչ-որ տեղ գիտնականներն են մեղավոր, որ մամուլն ավելի շատ անդրադառնում է գիտության ոլորտի ինտրիգներին, քան իրական արդյունքներին: Ի դեպ, ԳԱԱ-ն, իր բազմաթիվ ինստիտուտներով հանդերձ, ընդամենը 1,5 հաստիքով մամուլի ծառայություն ունի: Խոսելով Հայկական աստղագիտական ընկերության մասին, որը հեղինակավոր միջազգային ընկերության անդամ է, պարոն Միքայելյանը փաստեց, որ գիտական կազմակերպությունները հաճախ են «բախվում» օրենսդրական անհարթությունների հետ: Օրինակ, վերջերս իրենց տեղեկացրել են, թե, ըստ օրենքի՝ պարտավոր են տարեկան 700000 դրամ վճարել, ինչ է թե՝ անվան մեջ «Հայկական» բառը կա, չնայած շահույթ չհետապնդող կազմակերպություն են: «Ես էլ ասացի՝ դե լավ, կփոխենք անունը կդնենք Վրացական աստղագիտական ընկերություն… Ախր դա աբսուրդ է»,- շեշտում է գիտնականը:
Պատասխանելով աստղագուշակության մասին հարցին, պարոն Միքայելյանն ասաց, որ, ի տարբերություն ռուսների, ովքեր դրա դեմ լուրջ շարժում են սկսել, հայ աստղագետները աստղագուշակությանը հումորով են վերաբերվում: Միայն այն հանգամանքը, որ ոչ թե 12, այլ 13 համաստեղությունների միջով է Արեգակն անցնում, արդեն կասկածի տակ է դնում աստղագուշակների բոլոր «տեսությունները»: Ա. Միքայելյանը նշեց, որ գնալով մենք զիջում ենք մեր դիրքերը աստղագիտության ոլորտում, որովհետեւ այն թանկ «հաճույք» է, լուրջ ներդրումներ պահանջող: Հայաստանում գիտնականի միջին աշխատավարձը մոտ 60000 դրամ է՝ ներառյալ հարկերը, մինչդեռ Եվրոպայում միջինը 17, իսկ ԱՄՆ-ում՝ 30 անգամ բարձր է:
ԵՊՀ ուսանող Լուսինե Մարգարյանը սեմինարի ընթացքում խոսեց աստղագիտության եւ պատմության կապի մասին, Լեւոն Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը ներկայացրին Հայկական գիտական համագործակցությունը եւ իրենց www.armscoop.com կայքը: Լրագրողներին հյուրընկալեց նաեւ Վ. Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն Գրիգոր Բրուտյանը:
ԶԼՄ ներկայացուցիչներին հնարավորություն տրվեց նաեւ տեսնել 2,6 մ դիտակը, որը վերանորոգման խնդիր ունի, որոշ բաներ արվել են «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության միջոցներով: Աստղադիտարանի գիտաշխատողներից մեկն ասաց, որ վերջին անգամ իրենց բարձրաստիճան պաշտոնյաներից այցելել է միայն երկրորդ նախագահը՝ 2000-ականների սկզբներին: Կարեւորագույն գիտական օջախին օգնելու նախաձեռնությամբ որեւէ մեծահարուստ առայժմ հանդես չի եկել՝ գիտությունը շոու-բիզնեսի նման գրավիչ չէ նրանց համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել