Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ Է»

Ապրիլ 19,2011 00:00

\"\"ՀՀ ԱԳ նախարարի ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին:

– 2008թ.-ին Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ: Ի՞նչ հեռանկարներ բացեց մեր առջեւ այս նոր կարգավիճակի ձեռքբերումը:
– Նախեւառաջ, յուրաքանչյուր ոք տեղյակ է Հայաստանը եւ Ֆրանսիան միավորող ամուր կապերի եւ մեր երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող բարեկամական խորը զգացմունքների մասին: Բոլոր նրանք, ովքեր գիտակցում են հայ-ֆրանսիական հարաբերությունների կարեւորությունը, թերեւս, կհասկանան, որ Հայաստանի ներկայությունը ֆրանկոֆոն մեծ ընտանիքում նպաստում է այս կապերի ամրապնդմանը եւ բացում երկու երկրների միջեւ համագործակցության լրացուցիչ դաշտ: Ավելին, ինստիտուցիոնալ մակարդակում մեր մասնակցությունը Ֆրանկոֆոնիային ապահովում է մուտքը դեպի բազմազանության կրողը հանդիսացող աշխարհ եւ երկրներ, որոնց հետ մինչ այսօր Հայաստանը զարգացած հարաբերություններ չի ունեցել. խոսքը գնում է, օրինակ, ֆրանկոֆոն Աֆրիկայի երկրների մասին: Սա, անկասկած, բացում է մեր առջեւ փոխանակումների եւ համագործակցության նոր հեռանկարներ: Կուզենայի ընդգծել նաեւ կապերի այն բազմազանությունը, որ ստեղծում է Ֆրանկոֆոնիան: Առաջին հերթին խորհրդարանական մակարդակում, քանի որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ունի Վեհաժողով, որը միավորում է խորհրդարանականներին թվով 77 խորհրդարաններից կամ միջխորհրդարանական կազմակերպություններից: Համալսարանական մակարդակում՝ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հետ, որն ունի 700-ից ավելի համալսարաններից կազմված ցանց ամբողջ աշխարհով մեկ: Ապակենտրոնացված համագործակցության բնագավառում՝ շնորհիվ ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի, որին անդամակցում են 150-ից ավելի ֆրանկոֆոն քաղաքներ: Չմոռանանք նաեւ մշակույթի եւ սպորտի ասպարեզների մասին. Ֆրանկոֆոնիայի խաղերը, որի հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու 2013թ.-ին Նիս քաղաքում, լավագույնս արտահայտում են ֆրանկոֆոն մշակույթի հարստությունը:
– Ի՞նչ է այսօր իրենից ներկայացնում Ֆրանկոֆոնիան եւ որո՞նք են այն նպատակները, որոնց նա հետամուտ է:
– Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այսօր միավորում է 75 անդամ եւ դիտորդ պետությունների՝ 5 մայրցամաքներից: Ֆրանկոֆոնիան նախեւառաջ ֆրանսերեն հաղորդակցվելն է: Այն միաժամանակ նաեւ համընդհանուր արժեքների միասնություն է, հատկապես՝ նվիրվածություն հումանիզմին եւ հարգանք մշակութային ու լեզվական բազմազանության հանդեպ, նաեւ հանձնառություն՝ ի նպաստ աշխարհում խաղաղության եւ անվտանգության ծառայությանը: Ֆրանկոֆոնիան նաեւ համերաշխության եւ համախմբման տարածություն է, որում յուրաքանչյուր անդամ պետություն իր նպաստն է բերում հավաքական քննարկմանը այն մարտահրավերների շուրջ, որոնց առճակատվել է ժամանակակից աշխարհը: Այդպիսիք են՝ աղքատությունը եւ պայքարը կլիմայական փոփոխությունների դեմ, նաեւ կենսաբանական բազմազանության պաշտպանությունը: Հարկավոր է կարեւորել նաեւ միջազգային ասպարեզում Ֆրանկոֆոնիայի ունեցած մեծ դերը՝ պայմանավորված, հատկապես, Սենեգալի նախկին նախագահ, ներկայումս Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի հեղինակությամբ, ներշնչելու հարգանք մարդու իրավունքների հանդեպ, կանխարգելելու ճգնաժամային իրավիճակները, խրախուսելու խաղաղությունը եւ հակամարտությունների կարգավորման բանակցային լուծման որոնումը:
– Ինչպե՞ս կգնահատեք Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստանի ակտիվությունը:
– 2008թ. հոկտեմբեր ամսին Կանադայի Քվեբեկ քաղաքում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի ժամանակ ասոցացված անդամի կարգավիճակ ձեռք բերելուց ի վեր՝ Հայաստանը ակտիվորեն մասնակցում է կազմակերպության տարբեր մարմինների աշխատանքներին: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Ֆրանկոֆոնիայի հանդեպ ցուցաբերված հետաքրքրությունը եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նվիրվածությունը Ֆրանկոֆոնիային եւ մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մեծ ժողովներին, վկայում են այն կարեւորության մասին, որ վերջիններս տալիս են Ֆրանկոֆոնիայի հետ Հայաստանի հարաբերությունների խորացմանը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի՝ Հայաստան կատարած այցը, հնարավորություն ընձեռեց վերջինիս գնահատելու մեր երկրի գործադրած ջանքերը՝ ուղղված Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ներկայության ամրապնդմանը: Իսկապես, այս ուղղությամբ էական աշխատանք է իրականացվել: Որպես ապացույց կարելի է նշել ֆրանսերենի խրախուսմանն ուղղված գործունեությունը: Մենք միեւնույն ժամանակ ցանկացել ենք նաեւ, որ Ֆրանկոֆոնիան իր դրոշմը թողնի մեր երկրի մշակութային կյանքի վրա: Այսպիսով, Ֆրանկոֆոնիայի օրերի կազմակերպման շնորհիվ, մարտ ամսին, տարեցտարի ավելի մեծ արձագանք ձեռք բերելով, տոնում ենք Հայաստանում ֆրանկոֆոն մշակույթը: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ներկայությունը ամրապնդվել է նաեւ Ֆրանկոֆոնիայի այլ գործընկեր կառույցների հետ հարաբերությունների ակտիվացման շնորհիվ: Այսպիսով, խորհրդարանական մակարդակում 2009թ. հուլիսին ՀՀ Ազգային ժողովը դարձել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ: Վերջինս էլ իր Եվրոպական տարածաշրջանի նստաշրջանը 2010թ. մայիսին անցկացրել է ՀՀ ԱԺ-ում: Համալսարանական մակարդակում Հայաստանի 3 համալսարաններ (Երեւանի պետական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան) Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հետ զարգացնում են շարունակական աշխատանքային հարաբերություններ: 2010թ. հոկտեմբերին Հայաստանում ֆրանկոֆոն թվայնացված կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիր է ստորագրվել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Գործակալության ռեկտոր Բերնար Սերքիլինիի միջեւ: Այսօր այդ կենտրոնը գտնվում է Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: Ասոցիացիայի հաջորդ Գլխավոր վեհաժողովի անցկացումը 2011թ. հոկտեմբերին Երեւանում լավագույնս բնորոշում է Երեւանի եւ Ապակենտրոնացված համագործակցության Ֆրանկոֆոնիայի այս գործընկեր կառույցի միջեւ կապերի սերտացումը:
– Կարո՞ղ եք արդյոք մանրամասնորեն ներկայացնել Հայաստանում ֆրանսերենի խրախուսմանն ուղղված գործունեությունը:
– Առաջին հերթին անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստանում խրախուսվում է բազմալեզվության վրա հիմնված լեզվաբանական կրթական քաղաքականությունը, որի ապացույցն է հանդիսանում երրորդ ընտրովի օտար լեզվի ներդրումը Հայաստանի միջնակարգ դպրոցներում: Ֆրանսերենի դասավանդման վերաբերյալ, մասնավորապես, հայկական եւ ֆրանսիական կողմերի միջեւ քննարկումները թույլ տվեցին հասնել 2011թ. մարտի 18-ին Ֆրանսերենի դասավանդման վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության միջեւ, որը պետք է խթանի ֆրանսերենի ուսուցումը Հայաստանի հանրակրթական դպրոցական հաստատություններում: Ֆրանսերենի խրախուսման այս պատրաստակամությունը հաստատվել է նաեւ Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի ժամանակ՝ 2010թ. հոկտեմբեր ամսին Երեւանում, երբ հայկական եւ ֆրանսիական տարածքային ինքնակառավարման մարմինները ֆրանսերենի ուսուցումը դարձրին իրենց համագործակցության առաջնահերթություններից մեկը: Այս համագործակցության շրջանակներում մեկնարկեց ֆրանսիական վարչատարածքային մարմինների կողմից այն հայկական դպրոցների, որտեղ դասավանդվում է ֆրանսերենը, հովանավորության գործընթացը: Այս գործընթացին միացել են նաեւ Հայաստանում ներկայացված ֆրանսիական որոշ ընկերություններ՝ «Օրանժ», «Վեոլիա», «Սող» եւ «ACBA-Crռdit Agricole» բանկ: Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման բնագավառում, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից իրականացվող գործունեությունից զատ, արդեն 2 տարի է, ինչ Հայաստանը մասնակցում է CREFECO-ի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ֆրանսերեն դասավանդող անձանց վերապատրաստման ուղղությամբ մասնագիտացած Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի հարցերով ֆրանկոֆոնիայի շրջանային կենտրոնի գործունեությանը, որը հնարավորություն է ընձեռել, որ մի քանի տասնյակ ֆրանսերենի ուսուցիչներ անցնեն վերապատրաստում՝ դասավանդման մեթոդների կատարելագործման ուղղությամբ: Վերջապես, ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջեւ համագործակցության շրջանակներում իրականացվում է հայկական գերատեսչությունների պաշտոնյաների համար նախատեսված ֆրանսերենեի ուսուցման ծրագիր: 2009թ.-ից ի վեր, 70-ից ավելի հայ պաշտոնյաներ օգտվել են Հայաստանում «Ալիանս ֆրանսեզ» կազմակերպության կողմից իրականացվող ֆրանսերենի դասընթացներից:
– ՀՀ ԿԳ նախարարության եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարության միջեւ ֆրանսերենի դասավանդման վերաբերյալ ստորագրված համաձայնագրի առնչությամբ կարո՞ղ եք արդյոք պարզաբանել, թե որո՞նք են համաձայնագրի նպատակները եւ ինչպիսի՞ օժանդակություն է ցուցաբերելու ֆրանսիական կողմը դրանց իրականացման համար:
– Այս համաձայնագրի միջոցով հայկական եւ ֆրանսիական կողմերը ցանկացել են, նախեւառաջ, վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ նպաստելու ֆրանսերենի որակյալ դասավանդմանը Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում: Դրա համար էլ նրանք պարտավորվել են խրախուսելու ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման եւ ֆրանսերեն լեզվով լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպումը: Այս շրջանակներում ֆրանսիական կողմը կմասնակցի ուսումնական նյութերի բազայի ձեւավորմանը, կօժանդակի ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստմանը, վերոհիշյալ ծրագրերի մշակմանը, ինչպես նաեւ կորոնի լրացուցիչ միջոցներ այս ծրագրերին տրամադրելու համար՝ հիմնվելով հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության վրա: Համաձայնագիրը նախատեսում է նաեւ, որ ֆրանսերեն լեզվի այդ լրացուցիչ կրթական ծրագրերն իրականացնող դպրոցների բարձր առաջադիմությամբ սովորողներն ամեն տարի կկարողանան լեզվաճանաչողական այց կատարել Ֆրանսիա:
– Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ամեն տարի կազմակերպվող միջոցառումները գնալով ավելի ու ավելի մեծ շուք են ստանում: Ինչո՞վ է արդյոք դա պայմանավորված: Ինչպե՞ս կամփոփեք այս տարի անցկացված Ֆրանկոֆոնիայի օրերը:
– Կարծում եմ, որ Ֆրանկոֆոնիայի օրերի՝ տարեցտարի մեծացող հաջողությունը պայմանավորված է նախեւառաջ համակրանքի այն մեծ զգացումով, որ վայելում է Ֆրանսիան Հայաստանում, ինչպես ֆրանսիական, այնպես էլ դրանից զատ ֆրանկոֆոն մշակույթի փայլատակմամբ: Այս հաջողությունը պայմանավորված է նաեւ ավելի ու ավելի կարեւոր դերակատարների մասնակցությամբ: ԱԳ նախարարությունը ցանկություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի օրերի նախապատրաստման համակարգման աշխատանքում ներգրավել բոլոր ուժերին: Մեր պետական հաստատությունների՝ մշակույթի եւ ԿԳ նախարարություններ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Ֆրանկոֆոնիայի անդամ-պետությունների Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների՝ Կանադա, Լիբանան, Ռումինիա, Լեհաստան եւ Շվեյցարիայի Համադաշնություն, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, Հանրային հեռուստաընկերության, մեր քաղաքների ու մարզերի՝ սկսելով Երեւանի քաղաքապետարանից, մեր դպրոցների եւ համալսարանների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համախմբումը թույլ տվեց կազմելու մոտ 150 մշակութային եւ գեղարվեստական, կրթական եւ համալսարանական միջոցառումների ծրագիր, որը դարձավ բացառիկ՝ այս տարի իրականացվելով մեկ ամիս շարունակ: Մենք նաեւ աջակցություն ենք ստացել Վալոնիա-Բրյուսել ինտերնացիոնալից, Քվեբեկից եւ մի շարք ֆրանսիական վարչատարածքային մարմիններից՝ Գրենոբլ, Լիոն, Ռոման, Վիեննա, նաեւ Իզերի Գլխավոր խորհուրդ: Որակյալ ներկայացումներ են կազմակերպվել այնպիսի բազմազան ոլորտներում, ինչպիսիք են՝ երաժշտությունը, թատրոնը, գրականությունը, կինոն, որոնք ապահովել են ժողովրդի, հատկապես՝ երիտասարդ հանդիսատեսի խանդավառ մասնակցությունը: Ֆրանկոֆոնիայի գալա համերգը տեղի է ունեցել միջազգային ճանաչում ունեցող երգչուհի Լարա Ֆաբիանի մասնակցությամբ, որը հմայել է հայ հանդիսատեսին եւ ապահովել այս իրադարձության հասարակայնությունը: Ես կասեի, վերջապես, որ այս հաջողությունը պայմանավորված էր նաեւ Հայաստանի մարզերի առավել ընդգրկուն մասնակցությամբ, եւ պետք է նշեմ, որ գրեթե բոլոր մարզերում Ֆրանկոֆոնիայի օրերը նշվել են մեծ շուքով: 2011թ. ընթացքում կուտակած փորձը մենք կօգտագործենք 2012 թ.-ին Ֆրանկոֆոնիայի այս մեծ տոնը լավագույնս կազմակերպելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել