Լրահոս
Օրվա լրահոսը

Զանգերը վերադարձվեցին Օձուն

Ապրիլ 19,2011 00:00

Այս տարի կնորոգվի Հովնան Օձնեցու կառուցած եկեղեցու նախասրահը

\"\"Ամեն տարի ապրիլի 17-ին Լոռու մարզի Օձուն գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում նշվում է Հովնան Օձնեցի կաթողիկոսի մահվան-ննջման օրը՝ այս տարի 1283-րդ տարելիցն է: Աշխարհի տարբեր ծայրերում ապրող օձնեցիներն ու հավատացյալ ժողովուրդը ուխտի են գալիս, հարեւան Արդվի գյուղում հարգանքի ու հիշատակի տուրք մատուցում կաթողիկոսի շիրիմին:
«Եկեղեցին արժեքավոր է հնագույնների մեջ եւ ամենալավ պահպանվածը: Սակայն արտաքին սյունասրահը քայքայված է»,- բացատրում է ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը:
Նախասրահի նորոգման նախագիծը մշակվում է, նախատեսվում է այս տարի ավարտին հասցնել արտաքին սրահի շինարարությունը: Առայժմ ճարտարապետական խորհուրդը մտորում է երկու տարբերակի շուրջ: Առաջին՝ ամբողջովին վերականգնել նաեւ ծածկը: Ճարտարապետների մյուսը խումբը հակված է մասնակի վերականգնելու տարբերակին, քանի որ ճարտարապետական արժեքներ կան, որոնք ծածկելը նպատակահարմար չեն համարում:
Գառնիկ Շախկյանի կատարած ուսումնասիրության համաձայն, ճարտարապետական մեծ արժեք ունեցող եկեղեցին վաղ միջնադարյան շրջանի կառույց է, արժեքավոր՝ իր գեղարվեստական լուծումներով, համաչափություններով, գունային զուգադրումներով եւ կարող է զարդարել համաշխարհային ճարտարապետական ժառանգության գանձարանը: Մեր զրուցակիցը վստահ է, որ Օձուն գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին մեր ժողովրդի լավագույն ճարտարապետական նվաճումներից է: Եկեղեցու կառուցման տարեթվի վերաբերյալ կարծիքները տարբեր են: Կիրակոս Գանձակեցին եւ Վարդան Արեւելքցին վկայում են, որ եկեղեցին կառուցել է Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը, ով գահակալել է 717-728 հատվածում: Այլ աղբյուրների համաձայն, սա ավելի վաղ շրջանի՝ 6-րդ դարի վերջի կառույց է: «Դժվար է միանշակ որոշարկել կառուցման ժամանակը, բայց ես հակված եմ հավատալ, որ կառուցել է Հովնան Օձնեցի կաթողիկոսը, հատկապես որ դա հաստատում են հետագա ժամանակի մատենագիրները»,- ասում է Գառնիկ Շախկյանը: Գիտնականը կարեւորում է Հովնան Օձնեցու սգատոնը: Նրա խոսքով, դա ոչ միայն քրիստոնեական հավատն է խորացնում, այլեւ՝ եկեղեցու հմայքը, մարդկանց ներշնչում է ազնիվ զգացումներ: Հատկապես ոգեւորիչ է երիտասարդների ներկայությունը:
Դեռեւս 60-ականների սկզբին Գառնիկ Շախկյանը առաջարկել է եկեղեցու շրջակայքում կիսավեր դպրոցի հետքերը մաքրել, բարեկարգել տարածքը: Խորհրդային տարիներին եկեղեցին անասնակերի պահեստ է ծառայել, գյուղի դպրոցի ուսուցիչներն են մաքրել եկեղեցու շրջակայքն ու մամռակալած քարերը:
1930-ականներից եկեղեցում զանգ չի հնչել, որովհետեւ զանգերը կոտրել, մաս-մաս են արել ու տարել: Այս տարի եկեղեցին ամբողջացավ՝ զանգերը վերադարձվեցին հեռավոր Ռուսաստանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել