Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատասխան մեղադրանքներ

Ապրիլ 19,2011 00:00

Չդիմացան մինչեւ հոգաբարձուների խորհրդի նիստ

Ապրիլի 14-ին «Մեղադրյալների ցանկն ընդլայնվեց» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը ի լրումն մարտի վերջերից ՀՀ սփյուռքի նախարար, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանի դեմ մեղադրանքների, ըստ որոնց տիկին Հակոբյանը փողերի լվացմամբ է զբաղված եւ հիմնադրամի փողերը տալիս է իր ուզած մարդկանց, «Հայելի» ակումբում հայտարարեց, որ փողերից բաժին են ստանում հոգաբարձուների խորհրդի անդամները:
Հրապարակումից հետո մեզ զանգեց տիկին Պողոսյանը եւ ասաց, որ իր խոսքերը մեջբերել ենք ոչ ճիշտ: Տիկին Պողոսյանի առաջարկով հրապարակում ենք նրա խոսքի այդ հատվածը, ըստ www.hayeli.am կայքի: «Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը եւ անդամները որոշակի իմաստով այդ գումարը շատ գեղեցիկ ձեւով բաժանում են իրար մեջ: Հերթով ասեմ՝ այնտեղ կա Երգչախմբային ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը, Թովմաս Պողոսյանը, որին շատ հարգում եմ, «Սայաթ-Նովա» մշակութային միությանը՝ հյուրախաղերի համար Մերձավոր Արեւելքում՝ 1 մլն 800 հազար դրամ, Կարեն Գեւորգյանը եւ այսպես…»:
Ու թեեւ սփյուռքի նախարարությունից մեզ տեղեկացրել էին, որ Թամարա Պողոսյանի մեղադրանքները պատասխաններ կստանան միայն «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստից հետո, երեկ նրան պատասխանել են սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
«Այս ամբողջ աղմուկի պատճառն այն է, որ Հրանուշ Հակոբյանը թույլ չի տվել, որ պետական բյուջեով նախատեսված գումարները ծախսվեն անարդյունավետ, եւ փորձել ենք կանխել չարաշահումները: Թամարա Պողոսյանի՝ անմեղ գառնուկի կերպարանքով արված մեղադրանքները կեղծ եւ շինծու են, այդ մեղադրանքները փչած փուչիկներ են, որոնք դատարկ են ու մտացածին եւ դրանց նպատակը շանտաժն է ու զրպարտությունը»,- ասել է Ստեփան Պետրոսյանը եւ փոխադարձ մեղադրանքներ ներկայացրել: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակում անցկացվող կատարողական արվեստի վեց օրերի համար Թամար Պողոսյանը «Օվացիա» կազմակերպության հետ պայմանագիր էր կնքել՝ բեմական ծառայություններին 25 միլիոն դրամ վճարելու համար: Սակայն նախարարությունը ուսումնասիրել եւ պարզել է, որ այդ գինը շուկայականից անհամեմատ բարձր է. «Ուսումնասիրելուց հետո մենք այդ կազմակերպությանը վճարեցինք 18 մլն դրամ՝ չնայած Պողոսյանը մեզ հետ կռվում էր ու պահանջում, որ վճարենք իր ասած գումարը»: Կամ փառատոնի շրջանակում անցկացվող կատարողական օրերի համար Թամարա Պողոսյանը իր համար դուրս էր գրել մոտ 2.8 մլն դրամ հավելավճար, կատարողականների իրականացման գործում Պողոսյանն ամբողջությամբ ներգրավել էր իր բարեկամներին, «Թամարա Պողոսյանն աուդիտի ընտրություն է կատարել, աշխատավարձեր է նշանակել, կառուցվածք է հաստատել, ինչը գործադիր տնօրենի գործը չէ, դա հոգաբարձուների խորհրդի գործն է»,- ասաց Արա Վարդանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել