«Սովածին ոչ թե ձուկ տուր, այլ կարթ եւ սովորեցրու ձուկ բռնել». ճապոնական ասացվածք
Գեղամ Խլղաթյանն ու Արտակ Դարբինյանը վստահ են,
որ տրակտորը գյուղի զարգացման հնարավորություններ կստեղծի:
Արագածոտնի մարզի Արտենի գյուղը հոգսաշատությամբ եւ խնդրառատությամբ չի տարբերվում ոչ մարզի, ոչ էլ Հայաստանի այլ գյուղերից. ջուրը թանկ է, բուժանյութեր եւ պարարտանյութեր կամ չկան, կամ թանկ են, արդյունքում հողերը չեն մշակվում, մարդիկ հեռանում են գյուղից եւ այսպես շարունակ: Արտենին, ի թիվս այս ամենի, այլ խնդիր էլ ունի (ինչպես Հայաստանի գյուղերի ճնշող մեծամասնությունը). գյուղին չի բավարարում անհրաժեշտ գյուղտեխնիկա՝ գյուղատնտեսական աշխատանքները արդյունավետ իրականացնելու համար: Ըստ գյուղապետ Գեղամ Խլղաթյանի, թե վարուցանքի, թե հունձքի շրջանում տեխնիկա էին բերում Արագածոտնի, Շիրակի գյուղերից: «Վճարում էին գյուղացիները, մենք փորձում էինք օգնել, բայց դրսի տրակտորիստները գալիս էին՝ երբ իրենց էր հարմար, այնպես չի, որ երբ ասեինք՝ կգային: Ժամանակին մեր գյուղը մասնագիտացած էր խաղողագործության մեջ, մոտ 650 հեկտար խաղողի այգի ունեինք, հիմա՝ հազիվ 40 հեկտար: Գյուղը 1800 հեկտար գյուղնշանակության հող ունի, մերոնք նաեւ բոստանային կուլտուրաներ են մշակում, բայց վերը թվարկված խնդիրների պատճառով անցած տարի հողերի կեսը չմշակվեց»,- պատմեց Գեղամ Խլղաթյանը:
Գյուղի դարդերին դարման անելու նպատակով Արտենի 60 բնակիչ (մոտ 50 տնտեսություն), «Վորլդ Վիժըն» կազմակերպության աջակցությամբ, անցած տարի սպառողական կոոպերատիվ են ստեղծել, որը պետք է չրերի արտադրությամբ զբաղվեր: Արտադրամասը կա, բայց տարին առանձնապես մրգային չէր եւ «Արենի չիր» կոոպերատիվը դեռ արտադրանք չի տվել:
Նույն 2010-ին Հայաստանի մանուկների հիմադրամը (COAF) սկսեց Արտենիում ծրագրեր իրականացնել: Ըստ հիմնադրամի տնտեսական զարգացման ծրագրի ղեկավար Ռշտուն Մարտիրոսյանի, Հայաստանի մանուկների հիմնադրամը հիմնական աջակցության համար 6 գյուղ է ընտրել, սակայն հարակից գյուղերն էլ անմասն չեն մնում: «Արտենիում փոքր ծրագրեր իրականացրել էինք, սակայն անցած տարի Արտենին դարձավ մեր գործընկեր՝ օգնություն ստացող հիմնական գյուղերից մեկը եւ համայնքի ակտիվի հետ քննարկումների արդյունքում որոշեցինք իրականացնել տնտեսական զարգացման ծրագրեր. թող եկամուտ ունենան եւ իրենք իրենց սոցիալական խնդիրները լուծեն»,- ասաց Ռշտուն Մարտիրոսյանը: Որոշվել է ուժեղացնել ստեղծված կոոպերատիվը, հզորացնել նրա հնարավորությունները, «Արտենի չիր» կոոպերատիվի կազմում ստեղծել մեքենատրակտորային կայան, ուր կլինեն գյուղտեխնիկա, դրա նորոգման արհեստանոց եւ դպրոց, ուր Արտենի գյուղի առավել անապահով ընտանիքների երիտասարդները կսովորեն գյուղտեխնիկան եւ օգտագործել, եւ նորոգել՝ կունենան աշխատանք եւ եկամուտ: Հայաստանի մանուկների հիմնադրամը ներդրում արել է. հիմա Արտենիում մեկ տրակտոր արդեն կա: Կան նաեւ գյուղտեխնիկայի նորոգման արհեստանոցի տեխնիկական միջոցները: Մայիսին պատրաստ կլինի շենքը, ու աշխատանքները կսկսվեն: Հիմնադրամը կոոպերատիվի առաջ պայման է դրել. սեփական եկամուտների հաշվին տարեկան երկու միլիոն դրամի սոցիալական-բարեգործական ծրագրեր պետք է իրականացնել գյուղում՝ մանկապարտեզին, դպրոցին, բուժկետին աջակցություն, ճանապարհների նորոգում, լուսավորության անցկացում… որն էլ լինի:
«Մեքենատրակտորային կայանի գործարկումից հետո՝ դրսից տեխնիկա բերելու կարիք այնքան էլ չի լինի: Ոչ միայն ցանքսը կանենք, այլ բերքահավաքից հետո դաշտերը կվարենք ու կնախապատրաստենք ու աշնանը աշխատանքները իրար վրա չեն կուտակվի»,- ասաց Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանը: «Արտենի չիր» կոոպերատիվի անդամ Արտակ Դարբինյանն էլ նկատեց, որ տրակտորը կոոպերատիվին լրացուցիչ եկամուտ կբերի, սա էլ գործունեությունը ընդլայնելու նոր հնարավորություն կտա: «Դրսից եկող տրակտորները մեկ հեկտար վարելու համար 14 հազար դրամ եւ 50-60 լիտր դիզվառելիք են ուզում, իսկ մեր տրակտորով եւ վարձը ցածր կսահմանենք, եւ առանձին-առանձին 50 լիտր վառելիք գնելու փոխարեն միանգամից շատ կգնենք՝ կկարողանանք մի քիչ էժան վճարել: Այս տրակտորը միայն վարուցանքի համար չէ: Եթե կարողանանք մեծ գութան ձեռք բերել, տրակտորով առուները կմաքրենք, եթե շերեփ (կովշ) ունենանք, ողջ դաշտերը կմաքրենք, երբ քաղող կոմբայնը թաղվում է ցեխի մեջ, այս տրակտորով կհանենք»,- ասաց Արտակ Դարբինյանը:
Արտենիի մեքենատրակտորային կայան գյուղտեխնիկա դեռ էլի է բերվելու, իսկ տրակտոր, կոմբայն, թե բեռնատար՝ կորոշեն արտենցիներն ու Հայաստանի մանուկների հիմնադրամը: