Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԿԱ ԾԱՌ, ՉԿԱ ԽՆԴԻՐ

Ապրիլ 19,2011 00:00

Վարչական դատարանում դատական պաշտպանությունը՝ անարդյունավետ միջոց

\"\"

Երեւանի քաղաքապետը հայտարարել էր, որ այլեւս Երեւանի կանաչ գոտիներում շինարարության համար տարածք չի տրամադրվելու: Այս խոսքերը պետք է հասկանալ բառացի եւ դա նշանակում է, որ եթե կանաչ գոտում գտնվող հողի նկատմամբ տենչ կա, նախ պետք է այդ տարածքը կանաչազրկել, իսկ հետո դիմել ու այն ստանալ շինարարության համար: Այսուհետեւ այդպես էլ արվելու է, մի կասկածեք, մեր հնարամտությամբ միշտ մի «ելք» կգտնենք: Այժմ նման մի դեպքի մասին:
Մամուլում արդեն իսկ հրապարակումներ եղել են այն մասին, որ Երեւան քաղաքի Զ. Սարկավագի փող. 72 շենքի (շենքն ունի մոտ 100 բնակարան եւ 500 բնակիչ) բակային տարածքում գտնվող 350 քմ ծառատունկ ու կանաչապատ երեխաների խաղահրապարակը Երեւանի քաղաքապետը, բնակիչներից գաղտնի, 2007թ. եւ 2008թ. որոշումներով՝ խանութ կառուցելու համար հատկացրել է մի պատանու:
Այդ որոշումները կայացվել են կեղծ տեղեկությունների հիման վրա. իբր երեխաների խաղահրապարակն այդ պատանու տաղավարով զբաղեցված եւ դրա սպասարկման համար օգտագործվող հողամաս է:
2010թ. աշնանը սկսվել էր ծառերի հատումը, սակայն բնակիչների ու «Ժառանգության» պատգամավորների ակտիվ միջամտության ու ԶԼՄ-ների հրապարակումների շնորհիվ բնապահպանության նախարարի ու Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Գ. Բեգլարյանի կողմից ծառահատման ու շինարարական գործողությունները կասեցվեցին:
Երեւանի նոր քաղաքապետ Կ. Կարապետյանի կողմից արված՝ շինարարության համար կանաչ տարածքներ չհատկացնելու հայտարարությունից հետո 350քմ տարածքի վրա գտնվող եւ արդեն կանաչող ծառերն ամբողջովին հատվել են, իսկ բնակիչներն էլ անզոր են եղել դա թույլ չտալու: Բնական է, չէ՞, չկա կանաչ տարածք, կլինի շինթույլտվություն:
Եվ սա այն դեպքում, երբ բնակիչները դիմել են դատական պաշտպանության:
Ուրեմն ինչո՞ւ է նման բան հնարավոր եւ ինչո՞ւ նման բան արվեց: Ասեմ. որովհետեւ օրենքն այնպես է գրված, որ վարչական դատարանում դատական պաշտպանությունն անարդյունավետ է: Ինչպես նշվեց, բնակիչները դիմել են վարչական դատարան կեղծ տեղեկությունների հիման վրա Երեւանի քաղաքապետի կայացրած որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Այդ գործով Երեւանի քաղաքապետարանը պատասխանող է, իսկ հողատենչ պատանին՝ երրորդ անձ:
Ի տարբերություն ընդհանուր իրավասության դատարանների, որտեղ հայցը ներկայացվում է դատարան եւ վարույթ ընդունվելուց, ինչպես նաեւ հայցի ապահովման միջոց ձեռնարկելուց հետո նոր դատարանի կողմից ուղարկվում է պատասխանողին ու երրորդ անձին, վարչական դատարան պետական մարմինների ու պաշտոնատար անձանց դեմ հայց կարող է ներկայացվել միայն այն բանից հետո, երբ առկա է հայցը պատասխանողի եւ երրորդ անձի կողմից ստանալու ապացույց: Այսինքն՝ մինչեւ հայցը դատարան ներկայացնելը, դրա օրինակները փոստով ուղարկվում են պետական մարմնին ու երրորդ անձին, որոնք ծրարը ստանալիս ստորագրում են հետադարձ ծանուցագրի վրա, որը կրկին փոստով վերադառնում է, որից հետո այն կցում ես հայցադիմումին եւ նոր հայցը հանձնում դատարան:
Հասկանալի է, չէ՞, թե ինչու է այդպես արված. որպեսզի պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ նրանց ողորմածությունից օգտվածները նախապես տեղեկանան, թե իրենց դեմ ինչ հայց է ներկայացվելու ու քանի դեռ հայցը դատարան չի մուտքագրվել ու հայցի ապահովման միջոց չի ձեռնարկվել, անեն այն, ինչ անհրաժեշտ են համարում իրենց բացթողումները լրացնելու համար կամ վերացնեն այն ապացույցները, որոնց առկայությունն իրենց վնաս է եւ այլն:
Այս դեպքում կտրատվել են ծառերը: Եվ եթե անգամ դատարանը հայցը բավարարի, մեկ է, դատական պաշտպանությունը կլինի անարդյունավետ, ծառերը կտրատվել են, այդ թվում՝ արդեն կանաչած լացող ուռին:
Հարց է ծագում, եթե օրենքի ու դատարանի առջեւ բոլորը հավասար են եւ անձը ունի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, ինչո՞ւ է Վարչական դատավարական օրենսգիրքը նման խտրական դրույթ պարունակում. եթե պետական մարմիններն են անձանց դատի տալիս, նրանք հայցը նախապես չեն ուղարկում կողմին, իսկ եթե անձն է պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց դատի տալիս՝ նախապես պետք է ուղարկի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել