Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կրպակները կայլանդակեն Գյումրիի տեսքը

Ապրիլ 19,2011 00:00

Քաղաքապետարանի նորակառույց շե՞նքն էլ են  վերածում սպասարկման օբյեկտի

\"\"

Արդեն մի ամիս է՝ Գյումրիում գործող հ/կ-ների ու քաղաքապետարանի պաշտոնյաների միջեւ թեժ բանավեճեր են ընթանում քաղաքի կենտրոնական՝ Վարդանանց հրապարակի եղեւնիները տեղահանել-չհանելու հարցում: Պաշտոնյաները պնդում են, որ եղեւնիները խաթարում են հրապարակի ճարտարապետական տեսքը, ցուրտ քաղաքին մռայլություն են հաղորդում եւ այլեւս մոդայիկ չեն, հ/կ-ների ներկայացուցիչներն էլ զայրանում են. մի՞թե այս հոգսաշատ քաղաքում բանուգործ թողած՝ պիտի ավելորդ փողեր ծախսեն ու զբաղվեն եղեւնիների տեղափոխմամբ: Մի խոսքով, վերջիններիս կռիվը հասավ նրան, որ երեկ Գյումրի ժամանեցին քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները, տեղեկացնելով, որ քաղաքաշինական որոշ հարցերի ուսումնասիրման համար նախարար Վարդան Վարդանյանը ստեղծել է հատուկ հանձնաժողով: Այս անգամ հ/կ-ների «պորտը» որոշել էր տեղը դնել Գյումրիի կոմունիստ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը: Քաղաքաշինական պետական տեսչության պետ Սեւադա Հայրապետյանը մեկ առ մեկ ընթերցեց հ/կ-ների բողոք-նամակները՝ ուղղված քաղաքաշինության նախարարին: Նամակներում խոսվում էր Գյումրիի Վարդանանց հրապարակի քարե գորգի մասին, որը քաղաքի բյուջեից խլել է 182 մլն դրամ, մինչդեռ այն քաղաքի գոտիավորման նախագծով պիտի մնար որպես կանաչ գոտի, խոսվում էր Կումայրի արգելոցի մեջ գտնվող Արագած ճեմափողոցի քաղաքաշինական վիճակի, եղեւնիների տեղահանման մասին եւ այլն: Հ/կ-ների ներկայացուցիչները ակտիվացան, երբ քննարկման հերթը հասավ եղեւնիներին: «Բնություն» հ/կ-ի ներկայացուցիչ Ռաֆայել Մխիթարյանն ասաց. «Մենք առաջարկում ենք պահպանել քաղաքի բոլոր ծառերը, դրանք քաղաքաշինական խոչընդոտներ չեն առաջացնում, քաղաքապետարանն էլ միշտ ասում է՝ կանաչապատում ենք անելու, վարդի թփեր ենք տնկելու, որոնք, սակայն, մենք չենք տեսնում, 50 տարեկան եղեւնիները գեղեցկուհիներ են, քաղաքի զարդն են»: Ի պատասխան նրան, Գյումրիի փոխքաղաքապետը վրդովվեց, թե քաղաքապետարանի ներկայացուցիչները «հո բնության թշնամի չե՞ն». «Ինչի՞ է ձեզ թվում, թե դուք ավելի շատ եք բնապահպան, քան մենք: Աշխարհի շատ-շատ երկրների մայրաքաղաքներ կուզենային իրենց հրապարակներում ունենալ տաճարներ, մենք ստացել ենք դա. բացվելու է Ամենափրկչի տեսարանը, էդ տեսարանը աչքին ավելի հարմար է, ավելի գեղեցիկ, հրապուրիչ դարձնելու համար է, ասենք՝ դրսի ժողովրդի, զբոսաշրջության եւ այլնի, խիստ հանցագործություն չենք անում, մենք չենք ասում՝ կտեղահանենք բոլոր ծառերը, 7 ծառից միայն 3-4-ը խնդիր ունի, որ ցանցառ են»: Փոխքաղաքապետը նաեւ հանդիմանեց հ/կ-ների ներկայացուցիչներին, որ քաղաքում տասնյակ հազարավոր ծառեր են տնկվում, սակայն վերջիններս ծառատունկերին մասնակցելու փոխարեն քննադատելով են զբաղվում: Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ հիշեցրեց, որ ժամանակին քաղաքի եղեւնիները հատվեցին կեղծ հիմնավորմամբ, ավագանին որոշեց դրանց փոխարեն ակացիաներ տնկել, սակայն գյումրեցիներն այդպես էլ բախտ չունեցան դրանք տեսնելու: «Ձեր էներգիան, ջանքերը ներդրեք քաղաքի մյուս խնդիրների լուծման համար, թողեք դա, ավելորդ միջոցներ մի վատնեք»,- քաղաքապետարանի պաշտոնյաներին խորհուրդ տվեց Լ. Բարսեղյանը: Լրագրողները փոխքաղաքապետից ու քաղաքի գլխավոր ճարտարապետից փորձեցին ճշտել, թե ի՞նչ տաղավարներ են հայտնվել Գյումրիի քաղաքապետարանի վարչական շենքին կից, եւ մի՞թե դրանք չեն այլանդակում Վարդանանց հրապարակի տեսքը: Վերջիններս խուսափեցին պատասխանել այս հարցին, մինչդեռ Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի հեղինակ Սաշուր Քալաշյանն այն համարեց թյուրիմացություն, որը պիտի հանվի: «Վարչական շենքի մոտ այդպիսի կառույցն անհարիր է, չի կարելի, դա հարգանքի բացակայության նշան է»,- ասաց ճարտարապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել