Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻՆ ՀԻՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ԵՆ ԽՆԱՄՈՒՄ

Ապրիլ 19,2011 00:00

Մայրերը երեխա ունենալուց առաջ պետք է կրթվեն

\"\"

Եթե գյուղատնտեսության ոլորտի մասնագետները բերքը ցրտից պաշտպանելու հարցում խրախուսում են մեր պապենական մեթոդները, ապա առողջապահության ոլորտի մասնագետները մայրերին խորհուրդ են տալիս երեխային խնամելու հարցում խուսափել նախնիների սովորություններից: Ապուպապերից մեզ փոխանցված այն փորձված մեթոդը, որ նորածիններին պետք է լավ բարուրել, որպեսզի նրանք չմրսեն կամ էլ ամուր եւ ուղիղ կառուցվածք ունենան, բժիշկները այսօր խիստ արգելում են: Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի բժիշկ Հովհաննես Ղազարյանը մեզ հետ զրույցում մեկնաբանեց, թե ինչո՞ւ չի կարելի տատիկների որոշ հին խորհուրդները կիրառել: Մասնագետի խոսքերով՝ «Երեխային եթե բարուրում են, այն էլ այնքան պինդ, որ չի կարողանում շարժվել, եւ եթե միջավայրն էլ մի քիչ ցուրտ է լինում, ապա երեխան ավելի շատ է մրսում: Բարուրն արձակելուց հետո երեխան սկսում է ակտիվ շարժվել, այդ ժամանակ նա էներգիա եւ ջերմություն է արտադրում: Բարուրելով՝ մայրերը նրան զրկում են ջերմություն արտադրելուց, կարելի է ասել՝ նրանք խախտում են երեխայի իրավունքները»: Երեխային «փաթեթավորելու» փոխարեն՝ մասնագետները խորհուրդ են տալիս ընդամենը տաք շորեր հագցնել: Նորածինների խնամքի՝ տատիկների մեկ այլ հին ու սխալ մեթոդներից է, երբ երեխայի մինչեւ 40 օրը լրանալը զբոսանքի չեն տանում: Սա ավելի շատ տարածված է մարզերում. գյուղի բնակիչները գերադասում են նորածնին պահել տանը՝ վառարանի կողքին, քան դուրս տանել օդափոխելու, ինչի հետեւանքով երեխան վառարանի ծուխն է շնչում: Պապենական մեթոդներից է նաեւ նորածնին կյանքի առաջին օրերին չլողացնելը: Տան մեծերը պատճառաբանում են, թե երեխայի պորտը թաց է եւ մինչեւ չորանա՝ չի կարելի լողացնել: Հ. Ղազարյանի խոսքերով՝ «Մարզերում նորածինների պորտային խնամքի համար կրկին շատ հին եւ սխալ մեթոդներ են կիրառում: Գյուղի բուժքույրերն ինչ գիտեն՝ դա են անում. մեկը խորհուրդ է տալիս զելյոնկայով մշակել, մյուսը՝ մարգանցովկայով: Այնինչ կան ավելի անվտանգ միջոցներ»: Ըստ Ղազարյանի, գյուղերում երեխային կովի կաթով կերակրելը հասել է պաշտամունքի աստիճանի: Իսկ մասնագետները հորդորում են, անկախ ամեն ինչից, երեխաներին կերակրել միայն մայրական կաթով: Շատ մայրեր երեխաներին հանգստացնելու համար ծծակ են տալիս: Սակայն բժիշկները գտնում են, որ այդկերպ երեխաները սկսում են մոր կուրծքը սխալ ծծել: Բացի այդ, մասնագետների վստահեցմամբ՝ շիշ կամ ծծակ օգտագործող երեխաները վարակային հիվանդություններով 3-4 անգամ ավելի շատ են հիվանդանում: Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանի ներկայացմամբ՝ եթե կովի կաթի եւ արհեստական կաթնախառնուրդների դեպքում մահացության ռիսկը 7-10 անգամ է բարձր, ապա շիշ կամ ծծակ ուտող երեխաների մոտ՝ 2-3 անգամ: Մասնագետները պնդում են, որ ծծակի միջոցով երեխաների մոտ վարակային հիվանդություններ են առաջանում, եւ որքան էլ մայրերը ուշադիր լինեն, միեւնույն է՝ չի հաջողվում 100 տոկոսանոց ստերիլություն ապահովել: Բժիշկները վստահեցնում են, որ ծծակ ուտող երեխայի մոտ նույն վերաբերմունքն է առաջանում կրծքի նկատմամբ: Այսինքն՝ երեխայի մոտ սովորություն է դառնում, որ կուրծքը մնա բերանում այնքան ժամանակ, որքան ծծակը կլինի բերանում: Մեր այն հարցին, իսկ ի՞նչ պետք է անի այն մայրը, որի երեխան կուրծք չի ուտում, բայց ծծակի դեպքում անմիջապես հանգստանում է եւ չի լացում, բժիշկները պատասխանեցին, որ պետք է նախ մասնագետը զննի երեխային, թե ինչու է նա լաց լինում, եւ պետք է  ուղղակի պատճառները գտնել ու վերացնել:
Պարոն Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե այսօր կանայք պատրա՞ստ են երեխա ունենալուն, թե՞ բնազդով են առաջնորդվում: Ըստ Հ. Ղազարյանի. «Հղիանալն ու ծննդաբերելը, իսկապես, բնազդ է, բայց երեխային խնամելը բնազդ չէ: Միանշանակ կարող եմ ասել, որ մայրերը կրթվելու խնդիր ունեն: Գիտելիքներ պետք է ստանան՝ սկսած դպրոցներից, վերջացրած կանանց կոնսուլտացիաներով: Ծննդատանը մայրը 2-3 օր է մնում: Այդ օրերին երեխայի խնամքի համար շատ խորհուրդներ դժվար է տալ: Փորձառու մայրը ավելի հեշտ է խնամում, քան առաջնածին մայրը: Տարիքով մայրերը ավելի կարդացած են, բայց դա էլ քիչ է, պետք է ճիշտ գրականություն կարդան»:
Հայաստանում նեոնատոլագիայի՝ նորածնային ծառայության զարգացման համար ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ ստեղծվել է գրականություն բժիշկների համար: Բացի այդ, հրատարակվել են գրքույկներ մայրերի համար, որտեղ կան խորհուրդներ, թե ինչպես մայրերը կողմնորոշվեն դժվար իրավիճակներում: Գրքույկում նշված են նաեւ նորածնի եւ կրծքի տարիքի երեխաներին խնամելու մեթոդները: Մասնագետները վստահեցրին, որ այդ գրականությունը մայրերին բաժանելու են անվճար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել