Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴՈԼԱՐԻ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ ՆՈՐ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԲԵՐԻ

Ապրիլ 19,2011 00:00

Համոզված է ցորեն ներկրողը

Առաջիկա ամիսներին տեղական շուկայում ալյուրի ու հացի գները կպահպանվեն: «Մինչեւ մայիս գները չեն բարձրանա, դրանից հետո ինչ կլինի՝ չգիտեմ, ոչինչ չեմ կարող խոստանալ»,- «Առավոտի հետ զրույցում վստահեցրեց ցորենի ներկրմամբ զբաղվող «Մանչոգրուպ» ընկերության տնօրեն Իվան Մոսոյանը: Նրա խոսքով, չնայած տարին սկսվեց ցորենի բարձր գներով, բայց արդեն փետրվարի 2-րդ կեսին դրական տեղաշարժեր նկատվեցին: «Միջազգային շուկայում ցորենի գները կարծես թե մի փոքր կայունացել են, հիմա էլ դոլարի կուրսի տատանումներն են խառնաշփոթ ստեղծում: Դոլարի արժեւորումը գնային մասով հսկայական տարբերություն է առաջացնում՝ 500 դրամ 1 պարկի մեջ թանկացմանը միայն դոլարի կուրսի տատանումն է նպաստում»: Պարոն Մոսոյանի խոսքով, գնային ներկա իրավիճակում, երբ ամեն վայրկյան ամեն ինչ կարող է փոխվել, ցորենը ալյուրի վերածելու փոխարեն ներկրողների համար ավելի շահավետ է դարձել ալյուրի ներկրումը: Այդ պատճառով իրենց ընկերությունում որոշել են պահպանել ցորենի անհրաժեշտ ծավալը, բայց աշխուժացնել ալյուրի ներկրումը. «Թե չէ՝ լրացուցիչ մեծ ծախսեր են առաջանում: Ալյուրը դրսից ներկրում եմ դոլարով, ինչը Հայաստանում բավականին թանկ եմ գնում, բնականաբար թանկ առած ալյուրն ու ցորենը Հայաստան հասցնելով, պետք է բարձր գներով էլ վաճառենք, որ գոնե ծախսերը հանենք: Բայց մինչեւ հիմա մեզ վնասելով, սպառողի շահերը պաշտպանելով ենք աշխատել, դեռ անցած ամիս էլ 1 պարկ ալյուրի գինը 12.000 դրամից իջեցրինք 11,700 դրամի: Եթե նկատել եք, հացը այս ամսվա ընթացքում ավելի էժան էր, քան նախորդ ամսվա այս օրերին, բայց դոլարի կուրսը շարունակ տատանվում է, բնականաբար՝ գների բարձրացումն անխուսափելի է»: Ռուսաստանը շարունակում է պահպանել ցորենի էմբարգոն, Եվրոպայում էլ գները շատ բարձր են: Ցորեն ներկրելու շահավետ գործընկերը Ուկրաինան է: Հենց այս երկիրն էլ, պարոն Մոսոյանի խոսքով, ցորենի գին կարգավորողն է դարձել. «1 տոննա ուկրաինական ցորենը Հայաստան է մտնում $537-ով, մինչդեռ քանի ամիս առաջ այդ ծավալի ցորենն արժեր՝ $550-560: Չնայած ուկրաինական ցորենի որակը մյուս երկրների ցորենի որակից անհամեմատ ցածր է, բայց թանկ հաճույքների հետեւից չենք գնում, նայում ենք էժանությանը ու կարեւորում, որ այն քիչ թե շատ համապատասխանի հաց արտադրելու պահանջներին»: Պարոն Մոսոյանն անդրադարձավ նաեւ ներմուծվող ցորենի մաքսային արժեքի բարձրացման՝ կառավարության համապատասխան որոշմանը, որն ուժի մեջ էր մտել փետրվարի 1-ից եւ թելադրել ցորենի մաքսազերծման նոր գներ՝ 1 տոննայի համար հիմք ընդունելով $350 հսկիչ գինը՝ նախկին $250-ի դիմաց: «Կառավարությունը փոխեց իր որոշումը եւ հսկիչ գինը նորից $250 իջեցրեց, որ շուկայում թանկացումները կանխեն: Հակառակ դեպքում՝ ներմուծվող ցորենը կթանկանար մոտ 8 %-ով»: Պարոն Մոսոյանը մեկնաբանեց նաեւ վերջին ամիսներին շրջանառվող այն տեղեկությունները, որ աշխարհը 2011-ին կբախվի ցորենի դեֆիցիտի խնդրին, ցորենի հնարավոր դեֆիցիտը հիմնականում պայմանավորում են զարգացող երկրներում սպառման ծավալների աճով. «Նման լուրեր տարածողները՝ մարգարեները, ոչինչ չեն կարող ասել, դեռ չգիտենք ինչ է տեղի ունենալու, ցորենի արտադրությունն ինչպես է զարգանալու, ամբողջ տարին դեմներս է, ո՞վ կարող է գուշակություն անել, թե ինչ է լինելու: Ոչինչ էլ չի փոխվելու, միայն հնարավոր է Չինաստանը մեծացնի ցորենի գնման ծավալները, բայց դա դեռ չի նշանակում, որ դեֆիցիտ կառաջանա: Ես էլ ասում եմ՝ ճիշտ հակառակն է տեղի ունենալու: Հնարավոր է, որ այս տարի բերքատվությունը շատ լինի ու ինչ-որ մի տեղ էլ գները նվազեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել