Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՋԱՎԱԽՔԱՀԱՅԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ

Ապրիլ 19,2011 00:00

\"\"2011թ. ապրիլի 8-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հրատարակեց 2010թ.  մարդու իրավունքների մասին զեկույցը: Ըստ ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի, ինչպես եւ անցյալ տարի, այս տարի նույնպես զեկույցի (https://www.state.
gov/documents/organization/160457.pdf)՝ Վրաստանին վերաբերող մասում ջավախքահայության իրավունքների ոտնահարման փաստերը ներկայացված են խիստ թերի եւ խեղաթյուրված: Մասնավորապես, 2010թ. զեկույցում չեն շտկվել շինծու մեղադրանքների հիման վրա 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործին վերաբերող անճշտությունները: Միեւնույն ժամանակ, որպես դրական երեւույթ պետք է արձանագրել, որ նոր զեկույցում ԱՄՆ պետքարտուղարությունը զետեղել է հայկական կողմի  ծանրակշիռ փաստարկներն առ այն, որ Վահագն Չախալյանը բանտարկվել է ջավախքահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված իր հասարակական-քաղաքական գործունեության պատճառով եւ այլն: Ըստ համակարգող խորհրդի՝ ԱՄՆ-ը, որպես Վրաստանի հիմնական գործընկերներից մեկը, իր զեկույցում չլուսաբանելով Վրաստանում մարդու եւ ազգային փոքրամասնությունների տարրական իրավունքների ոտնահարման  հիմնական փաստերը, ըստ էության արտոնում է Սահակաշվիլիի վարչակարգին շարունակել իր խտրական քաղաքականությունը: Դրանով ԱՄՆ իշխանությունները «արջի ծառայություն» են մատուցում Վրաստանին, քանի որ վրաց իշխանությունների ներկա գործելաոճը օրեցօր ավելացնում է Վրաստանի քաղաքացիների, այդ թվում նաեւ՝ ջավախքահայերի  դժգոհությունը: Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը կոչ է անում ԱՄՆ իշխանություններին իրենց զեկույցներում առավել անաչառ կերպով ներկայացնել Վրաստանի հայ բնակչության խնդիրները, ինչպես նաեւ ակտիվացնել ջանքերը մարդու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել