Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սփյուռքահայերը զայրացած են

Ապրիլ 19,2011 00:00

ՀՀ, ԱԺ, ԳԱԱ նախագահներին, ԵՊՀ ռեկտորին, սփյուռքի  եւ առողջապահության նախարարներին, ինչպես նաեւ  ՀՀ գլխավոր դատախազին բաց նամակ են հղել մի խումբ  սփյուռքահայ մտավորականներ:

«2011թ. մարտի 30-ին ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրեն Հայկ Դեմոյանը, գտնվելով ԱՄՆ-ում, հարցազրույց տվեց «Վերադարձ» (Return to Armenia) հեռուստահաղորդման հեղինակ Հարութ Բռոնոզյանին։ Հազարավոր կալիֆոռնիաբնակ հայեր ապշահար ունկնդրեցին, թե ինչպես Հ. Դեմոյանը հաղորդման ուղիղ եթերն օգտագործեց՝ ցեխ շպրտելու համար բարի համբավ վայելող բազմաթիվ մարդկանց վրա։ Նախ, Դեմոյանը մերկապարանոց մեղադրանքների մի անհեթեթ շարան ներկայացրեց Հայաստանում ու սփյուռքում հարգանք վայելող ճանաչված գիտնական, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հիմնադիր տնօրեն, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանին՝ նրան անվանարկելով ոչ ավել, ոչ պակաս՝ «խառնակիչ», «սնափառության մոլուցքով տառապող մարդ», «ոհմակի ղեկավար», «պետական հանցագործ»։ Դեմոյանի մատուցմամբ՝ Արմեն Այվազյանը «ստեղծել է մի գիշատիչ խումբ, որը նպատակ ունի հայության շրջանում տարբեր բաժանարար գծեր անցկացնել»,- ասվում է նամակում։ Ըստ նամակագիրների, Դեմոյանը երիցս Այվազյանին մեղադրել է «պետական հանցագործություն» կատարելու՝ «եւ Ծիծեռնակաբերդը, եւ Հայաստանի Հանրապետությունը խայտառակելու» մեջ, միակ փաստարկ բերելով այն, թե իբր Ա. Այվազյանը, թուրքական մամուլի վրա հիմնվելով, առաջինն է հայտարարել, որ 2008թ. սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահի Երեւանում գտնվելու օրը՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ, Ծիծեռնակաբերդի Հայոց եղեռնի հուշարձանի լույսերը մարել են։ Սակայն որքան էլ Դեմոյանը զբաղվի թուրքավայել ժխտողականությամբ, իրականությունն այն է, որ այդ օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լույսերն իսկապես հանգած են եղել, ինչն էլ նկարահանել, արձանագրել ու վավերագրական ճշգրտությամբ հիմնավորել են «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության թղթակիցներն իրենց՝ «Եթե «հյուրընկալություն», ապա լիարժեք…» տեսահաղորդման մեջ, որը զետեղված է նաեւ Յութուբում:
Նամակագիրները (Միհրան Կեհեյան, Լոնդոն, Ռիփսիկ Քիրամիջյան՝ Լոս Անջելես, Լաուրա Մելիքյան՝ բժշկական գիտությունների թեկնածու, Լոս Անջելես, Հարո Մհերյան՝ ֆիզմաթ գիտությունների դոկտոր, Լոս Անջելես, Համլետ Ներսիսյան՝ Լոս Անջելես, Բագրատ Նազարյան՝ Լոնդոն, Ստեփան Սարգսյան՝ Լոս Անջելես, Առլետ Վերդի՝ Լոս Անջելես) նաեւ հավելում են, որ իրենց նամակը պատրաստ էր առաքման, երբ «Նոյան տապանի» կայքում լույս տեսավ Հ. Դեմոյանի՝ Գեւորգ Յազըճյանի գրախոսությանն ի պատասխան գրված «Գիտության սանիտարները կամ անբուժելի մեծամտության վնասները» հոդվածը։ Ըստ նրանց, այս գրության մեջ Դեմոյանը փոխանակ գիտական բանավեճի էթիկան պահպանելով՝ պատասխանի իր ընդդիմախոսին՝ Գ. Յազըճյանին, վերջինիս հասցեին անպարկեշտ վիրավորանքների հեղեղ է տեղում ու, կրկին դատախազական վեղար հագած, առանց որեւէ հիմքի ու պատճառի, դարձյալ իրեն թույլ է տալիս շուռ գալ Ա. Այվազյանի դեմ՝ մեղադրելով նրան ոչ ավել, ոչ պակաս, քան «դավաճանական արարքի» մեջ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել