Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ ՇԱՏ ԿԳԱՆ ՈՒ ԿԵՐԹԱՆ

Ապրիլ 19,2011 00:00

Ըստ պատգամավորների, Ղարաբաղի հարցի իրավական  լուծումը դեռ երկար ժամանակ կպահանջի

\"\"

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջին շրջանում պարզապես արմանք-զարմանք բաներ են անում, օրինակ՝ անտեսելով եղանակային անբարենպաստ պայմանները, տղամարդավարի վեր են կենում եւ հասնում Ստեփանակերտ: Համանախագահների այցերը լուսաբանելիս սա այն բացառիկ դեպքերից է, երբ կարող ենք ասել, որ նրանք Բաքվից եւ Երեւանից բացի՝ նախընտրեցին նաեւ Ղարաբաղում լինել: Համանախագահների այցը, անշուշտ, որոշակի շեշտադրում ունի, եւ այդ շեշտադրումը ամենայն հավանականությամբ մեր օգտին է:
Մասնավորապես, Երեւանում եւ Ստեփանակերտում հանդիպումներից հետո նրանք Բաքվում հայտարարեցին, որ «առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ:
Հանդիպումներում քննարկվել են Հիմնարար սկզբունքների հիման վրա համաձայնության հասնելուն ուղղված հաջորդ քայլերը: Եկել է Հիմնարար սկզբունքները ավարտին հասցնելու ու խրախուսելու եւ խաղաղ համաձայնագրի մշակմանը անցնելու ժամանակը»,- ասված էր համանախագահների տարածած հայտարարության մեջ:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանի կարծիքով, համանախագահները, իհարկե, ձգտում են հասնել շոշափելի արդյունքի, որովհետեւ, ի վերջո, որքան հարցը ձգձգվում է, այնքան վարկաբեկվում է իրենց իսկ առաքելությունը. «Մենք տեսնում ենք, որ համանախագահները շահագրգռված են, որ գոնե ինչ-որ փաստաթուղթ դրվի սեղանին, եւ, ինչպես իրենք ներկայացրեցին, նպատակը լինելու է որոշակի սկզբունքների ճշտումը, որը կամրագրի եւ այդ շրջանակներում կլինի մանրամասների ճշտումը: Չեմ ուզում շատ ոգեւորություն ցույց տալ, բայց այստեղ նաեւ Ադրբեջանին ուղղված ասելիք կար: Սա դրսեւորվեց նաեւ սահմանային միջադեպերի գնահատականներում, տոնը ավելի խիստ էր: Կարծում եմ, կար տոնայնության փոփոխություն: Գուցե համանախագահները ուզում են ասել, որ բավական է, որ չի կարելի անընդհատ երկակի խաղեր խաղալով ժամանակը ձգել: Իհարկե, նաեւ մեզ ուղղված խնդիր կար»:
Մեր հարցին՝ արդյոք հարցի կարգավորումը ինչ-որ բարձրակետի կհասնի՞ Հայաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններից առաջ, թե՞ դեռ էլի կձգձգվի, պարոն Շահբազյանն ասաց. «Կարծում եմ՝ Ադրբեջանի համար շատ դժվար հաղթահարելի հարց կա, եւ դա ամիսների հարց չէ: Այն տրամադրությունը, հիստերիկ մթնոլորտը, որ ստեղծվել է Ադրբեջանում, մանավանդ, երբ ասվում է, որ հեղափոխական հովերը արեւելքից նաեւ Ադրբեջան են հասնելու, ուրեմն այդ երկրի նախագահը խիստ ծանր վիճակում կլինի, եթե այս իրավիճակում փորձի ներկայացնել այն, ինչ որ քննարկվում է: Ինչպես տեսնում եք, դարձյալ նրանց կողմից հնչում են հայտարարություններ, թե չեն կարող ճանաչել Ղարաբաղի անկախությունը, մինչդեռ հայտնի է, որ Ալիեւը հենց այդ տեսակ փաստաթղթի տակ է ստորագրել:
Այս դժվարությունն, անշուշտ, իրենք ունեն: Իհարկե, մենք էլ այդպես հեշտ չպիտի համաձայնենք, որովհետեւ այն, ինչ կա, մեզ եւս չի կարող բավարարել, բայց այստեղ ավելի մեծ խնդիր կա Ադրբեջանի հետ»:
Արտյուշա Շահբազյանի կարծիքով՝ եղավ մի շրջան, երբ Հայաստանը բավական վատ իրավիճակի մեջ հայտնվեց, եւ դա մոտ մեկուկես տարի առաջ էր, երբ այնպիսի տրամադրություն ստեղծվեց, որ Հայաստանը իբր պատրաստ է գնալ առավելագույն զիջումների. «Բայց եւ այստեղ, եւ հայ-թուրքական հարաբերությունների մեջ դարձյալ մի շրջադարձ եղավ. Հայաստանի իշխանությունը ավելի ամուր դիրքերից սկսեց իր շահերը պաշտպանել, եւ կամաց-կամաց իրավիճակը փոխվեց: Եվ այս իմաստով, կարելի է ասել, որոշակիորեն վերադարձել ենք բանակցություններում այն իրավիճակին, որը արդեն եղել էր մեկ անգամ: Լավ է դա, թե ոչ՝ այլ խնդիր է, բայց, կարծես թե, Հայաստանն ավելի ամուր դիրքերից է հանդես գալիս»:
Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանի կարծիքով՝ համանախագահների այցը Ստեփանակերտ ոչ միայն նշանակում է, որ Ղարաբաղի հարցում առկա է հստակություն, այլեւ դրանով շեշտվում է Ղարաբաղի դիրքորոշման կարեւորությունը: Ըստ այս պատգամավորի, Ղարաբաղի հարցը նոր չէ, որ պետք է լուծվի, այդ հարցը լուծված է վաղուց. «Ղարաբաղի ժողովուրդը վաղուց ինքնորոշված է՝ անկախ նրանից, թե ինչ հայտարարություններ կանի Ադրբեջանի նախագահը, օրինակ, անկախ նրանից՝ ինքը պատրաստ է, թե պատրաստ չէ Ղարաբաղին անկախություն տալ: Իսկ ո՞վ է նրան հարցնում, ընդհանրապես ինքը պատրաստ է, թե պատրաստ չէ անկախություն տրամադրել: Որեւէ մեկը նրանից դա պահանջե՞լ է, իհարկե՝ ոչ, որովհետեւ Ղարաբաղի ժողովուրդը ինքն է վաղուց իր սեփական ձեռքով հռչակել իր անկախությունը եւ պարտադրված պատերազմում նաեւ պաշտպանել այդ անկախությունը»:
Գագիկ Մելիքյանը վստահ է, որ մնում է միայն հարցի կարգավորումը շարադրել իրավական հարթությունում. «Եվ միջազգային հանրության կողմից եւս ճանաչվի Ղարաբաղի անկախությունը»: Մեր հարցին՝ այդ իրավական լուծումը կլինի մինչեւ Հայաստանում նախագահական ընտրություննե՞ր, թե՞ դրանից հետո՝ ավելի ուշ ժամանակներում, պարոն Մելիքյանն ասաց. «Կարծում եմ՝ հարցի իրավական լուծումը կպահանջի բավականին տեւական ժամանակ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել